Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, օրերս ասուլիսում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հացադուլի դիմելու այդ ծայրահեղ քայլին, նշել էր, թե որեւէ պահանջ դնելուց առաջ պետք է վստահ լինես, որ իշխանությունն այն կբավարարի. «Եթե պահանջ ես դնում ու վստահ չես, որ շատ արագ այդ հարցը լուծվելու է, դու կարող ես հայտնվել դժվար վիճակում»:
«Երկրի» հարցին, թե արդյո՞ք Արամ Մանուկյանը վերոնշյալն ասելիս չէր հենվում ՀԱԿ-ի նախադեպի վրա, երբ երեք տարի պահանջում են նույն բանը, սակայն այդպես էլ չի իրականանում, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօրվա ասուլիսում ասաց, թե իրենց պայքարը մտել է վերջնական փուլ, եւ պահանջը մնում է անփոփոխ: Պարզապես նպատակին հասնելու համար տարբեր ժամկետներ են հարկավոր` 10 օրից մինչեւ 10 տարի:
Նա նշեց, թե ժողովուրդը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարական, նա հասարակության մեջ հենարան չունի: «Ակնհայտ է, որ մի բան է, երբ փողոց են դուրս գալիս 50 հազար մարդ, եւ լրիվ ուրիշ բան, երբ փողոց են դուրս գալիս 150 հազար մարդ: Ես վստահ եմ, օրինակի համար, որ եթե 200 հազար մարդ դուրս գա փողոց, ռեժիմն ուղղակի փախչելու է»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:
Հարցին, թե ի՞նչ երաշխիք ունի, որ Սերժ Սարգսյանը կդիմի փախուստի, Զուրաբյանը պատասխանեց. «Այդ երաշխիքը Սերժ Սարգսյանի պրագմատիզմ է»:
Բանախոսը բերեց Եգիպտոսի օրինակը, երբ փողոց դուրս եկած բազմության պահանջին իշխանությունը տեղի տվեց: Մեր դիտարկմանը, թե Եգիպտոսում ընդդիմությունը հեղափոխություն պահանջելուց հետո ժողովրդին չէր ուղարկում տուն, պատասխանեց, թե իրենց համակիրների 15 տոկոսը արմատական լուծումների կողմնակից է, սակայն մեծ մասը կողմ է անարյուն, թավշա հեղափոխությանը: