կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-09 15:57
Մշակույթ

Ի՞նչ կլինի, եթե գարունը չգա

Ի՞նչ կլինի, եթե գարունը չգա

Ջեսիկա Վուդուորթի «Հինգերորդ եղանակ» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգում:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վուդուորթը նշեց, որ ֆիլմն իր եռագրության երրորդ մասն է եւ ֆիլմով փորձում է ցույց տալ, թե ի՞նչ կլինի, եթե գարունը չգա: Ըստ նրա` ֆիլմը մարդու եւ բնության երկխոսություն է:

 

«Ֆիլմի ստեղծման ներշնչանքի աղբյուր է եղել Գյուրջիեւի ստեղծագործություններից մեկը, որը միացված է եղել ֆիլմի նկարահանման ողջ ընթացքում, եւ որը, սակայն, ֆիլմի ընթացքում չի հնչում: Ֆիլմի հիմքում ձմռանը ավարտը նշելու համար խարույկ վառելու ավանդույթն է: Սակայն ֆիլմում ներկայացված ընտանիքին չի հաջողվում վառել խարույկը. գարուն չի գալիս»,- ասաց ռեժիսորը եւհավելեց, որ ֆիլմը սնահավատության հետ կապ չունի, ինքն իր հերոսների միջոցով ավելի շատ մարդկային հավատի եւ ավանդույթի կապն է փորձել ցույց տալ:

 

Ըստ Վուդուորթի` ֆիլմի նկարահանման աշխատանքները բավական ժամանակատար են եղել, քանի որ մեկ տեսարան նկարահանելու համար մոտ 15 կադր են նկարում` պարզելու, թե ինչն էր պակասում տեսարանին կենդանություն ստանալու համար. «Որպես սովորական քաղաքացի` չեմ կարող ասել, թե ի՞նչ կլինի, եթե գարունը չգա, իսկ որպես ռեժիսոր` ֆիլմի միջոցով փորձել եմ կանխագուշակել եւ ինչ-որ բան շարժել ձեր մեջ, որ ինքներդ էլ մտածեք այդ հարցի շուրջ»:

 

Ֆիլմի դերակատարներն ընտրվել են` հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքանո՞վ եւ ինչպե՞ս են նրանք կարողանում արտահայտել տխրությունը եւ ողբերգությունը: Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն էլ ռեժիսորի դուստրն է, ինչը, ըստ Վուդուորթի, շատ պատահական է ստացվել. նախապես որոշված չի եղել, որ հենց իր աղջիկն է խաղալու ֆիլմում: Ըստ ռեժիսորի` աղջկա մոտ դերասանական տաղանդն ի վերուստ տրված պարգեւ է: