Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մխիթար Սարգսյանի պատմությունը
1915 թ., Էրզրում
Գրետա Խաչատրյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մոր պապի պատմությունը: Էրզրումում ծնված Մխիթարի հորն ու մորը սպանել են թուրքերը, իսկ քույրերին ու եղբայրներին կորցրել էր գաղթի ժամանակ: Միայն տարիներ անց Ստեփանավանի փողոցներից մեկում հանդիպել է մի փոքրիկ աղջկա, որն իր մոր նմանակն էր: Հետևելով աղջկան՝ հասել է մի տուն, որտեղ էլ գտել է իր ավագ եղբոյրն ու փոքրիկ քրոջը, որ Ցեղասպանության ժամանակ դեռ նորածին է եղել:
«Ջալալօղլի (Ստեփանավան), 1926-ի ամառ: Հունիսյան խաղաղ ու զով կեսօր էր: Որբանոցի տղաները միասին քայլում էին մոտակա փողոցում (այն ժամանակ փողոցը կոչվում էր առաջնորդ Լենինի անունով): Խոսում էին դեսից-դենից, սակայն նրանց հայացքներում անորոշություն էր, թափառական հեռավոր մի կարոտ իրենց մանկությանը, երբ չէին հասկանում, թե աշխարհը հանկարծ ինչու ոտից-գլուխ ուրիշ դարձավ: Թվում էր նրանք ինչ-որ մեկին էին փնտրում ու չէին գտնում: Հատ ու կենտ հանգստացողներ, շտապող մարդիկ և մի փոքրիկ աղջնակ, որ գալիս էր դիմացից: Պատանի Մխիթարն առաջինը նկատեց նրան. որքան նման էր իր մորը: Կարծես նմանակը լիներ՝ երկար ու առատ մազեր, սև խոշոր աչքեր, այտերը պեպենոտ …
Սիրտը սկսեց ուժգին խփել. ո՚ՙվ էր նա. ո՞ւր էր գնում: Աչքը չկտրեց աղջնակից, արյունը քաշում էր: Հետևեց նրան: Մոր դեմքը հիշեց, նրա շոյող ու փայփայող ձեռքերը՝ փոքրիկ քրոջը գրկին, կրծքին սեղմած: Հաջորդ պահին ամեն ինչ խառնվեց, ասես երկինքը պայթեց, շուրջը լցվեց լաց ու կոցով, աղմուկ-աղաղակով: Դռներն էին ջարդում, բոլորին բռնի քշում, սպանում, թալանում, տանում: Մեր ու մանուկ իրար կորցրած փախչում էին, չգիտեին՝ ուր: Ի՞նչ էր կատարվում. հնգամյա տղան չէր հասկանում: Նրա աչքի առաջ սպանեցին հորը, մոր սիրտը չդիմացավ… Իսկ քույրերին ու եղբորն այլևս չտեսավ: Փնտրեց, լացեց, կանչեց ու չգտավ նրանց: Օտար կնոջ փեշը բռնած հալածվելով, սոված ու ծարավ, քայլեց փոշոտ ճամփաներով՝ հայացքում իրենց տան դռները ջարդող խուժանները, մահացող հայրն ու մայրը:
Փոքրիկ Մխիթարը գաղթողների հետ հասավ Էջմիածին, ուր ցուցակագրում էին որբացած փոքրերին ու մեծերին: Ազգանունը չգիտեր, պապի անունով գրեցին՝ Սարգսյան, ապա շատուշատ որբուկների հետ տարան Ջալալօղլի ամերիկյան որբանոց: Տխուր պատմությունը նրա կենսագրության ուղեկիցը դարձավ: Որբանոցում բոլորին կրթեցին ու խնամեցին, սակայն նրանց հոգում անմար մնաց սպանդի ցավը ու ոչ մի օր չմոռացվեց: Անիծվի այդ օրը
***
Ընկերներից հեռացել էր Մխիթարը, նա քայլում էր փոքրիկ աղջնակի հետևից, որը վախվորած փախչում էր: Հետո սկսեց վազել: Հասնելով թիվ 20 բնակարանին, որի դռանը գրված էր Օլոյան (սա էր նրա իսկական ազգանունը), բակ մտավ: Մխիթարը սիրտ արեց, և ինքն էլ հայտնվեց նույն տեղում, իր մեծ եղբոր՝ Հարութի դիմաց: Հրաշք էր, իրական տեսիլք: Բառերն ավելորդ էին: Եղբայրներն իրար գիրկ նետվեցին: Շուշիկ փոքրիկ քույրը նոր միայն հասկացավ, որ գտնվել է իր կորած ու սիրելի Մխիթարը: Երեքով իրար գրկած երկար լացում էին, չէին համարձակվում խոսել: Դա անսահման կարոտի պահ էր, ուրախության արցունքներ էին հոսում, որ ազգի թափած արցունքին խառնվելով հասնում էր Էրգիր: Դա ցավերի, անլուր տառապանքների, որոնումների արցունքներ էին, ծննդավայրի, հայրենի տան, սպանված ծնողների կարոտի արցունքներ…
***
Մեկ տարի անց ամերիկյան որբանոցի ավարտական թերթիկը և ինքնակենսագրությունը՝ «ծնվել եմ Էրզրումում», ձեռքին գուրծուղվեց Լենինական բանֆակում սովորելու: Խելացի էր: Աշխատասեր, արագ աչքի ընկավ: Տարիների հետո ստացավ երկու բարձրագույն կրթություն, դարձավ ճանաչված ու հարգված ճարտարապետ ու գյուղատնտես: Վարեց կարևոր պաշտոններ: Նվիրված ամուսին էր, չորս երեխայի հայր: Ափսոս, որ կարճ ապրե , սակայն գեղեցիկ հետք թողեց»: