կարևոր
457 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-23 19:12
Տարածաշրջան

Ցեղասպանությունից 110 տարի անց. մանրամասներ Թբիլիսիում կայանալիք միջոցառումներից

Ցեղասպանությունից 110 տարի անց. մանրամասներ Թբիլիսիում կայանալիք միջոցառումներից

Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Թբիլիսիում կմեկնարկի այսօրվանից՝ ապրիլի 23-ից, ջահերով երթով, և կավարտվի վաղը՝ ապրիլի 24-ին, Թուրքիայի դեսպանատան առջև նախատեսված ցույցով, «Ալիք Մեդիա Վրաստան»-ին տված հարցազրույցում ասաց «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Միրզոյանը:

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի ղեկավարի խոսքով, որն ամեն տարի զբաղվում է Թբիլիսիում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ներկայացրեց միջոցառումներն ու դրանց հետ կապված մանրամասները.

  • Ապրիլի 23, ժամը 19:15 — «Վրաստանի հայ համայնք»-ի աջակցությամբ, Վրաստանի երիտասարդական միությունը կանցկացնի ավանդական ջահերով երթ մետրոյի «Իսանի» կայարանի հարակից տարածքից դեպի Ավլաբարիի (Հավլաբար) Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի ուղղությամբ, վերջում եկեղեցում` խաղաղության աղոթք և մոմավառություն։
  • Ապրիլի 24, ժամը 12:00 — Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ, կմատուցվի Բարեխոսության կարգ, աղոթք՝ ի հիշատակ 1915 թ. 1.5 միլիոն սրբադասված անմեղ նահատակների։
  • Ապրիլի 24, ժամը 14։00 — Պահանջատիրական ցույց Թուրքիայի դեսպանատան առջև, նաև բաց ցուցահանդես կանցկացվի:

Միրզոյանի խոսքով, ցույցի ընթացքում անկյուն հատկացված կլինի, որտեղ ցանկացող քաղաքացիները կկարողանան ստորագրել Ադրբեջանի կողմից կալանավորված հայ պատանդների ազատ արձակմանը հասնելու նպատակով ստեղծված խնդրագիրը:

«Այս խնդրագիրն ուղղված է ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կոչ անելով ձեռնարկել ԵԱՀԿ-ի իրավասության ներքո գտնվող մեխանիզմներ, որոնք թույլ կտան տեղում մոնիտորինգի ենթարկել դատավարությունների օրինականությունը, հայ գերիների պահման պայմաններն ու նրանց առողջական վիճակը և հանդես գալ համապատասխան քաղաքական դիրքորոշմամբ։ Յուրաքանչյուր օր կարևոր է մեր գերիների կյանքի համար: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ դադարեցնելու համար մարդու իրավունքների խախտումներն ու ազատ արձակելու անօրինական կերպով կալանավորված բոլոր բանտարկյալներին: Խնդրում ենք ստորագրել այս խնդրագիրն ու օժանդակել Բաքվում ապօրինի հայ պատանդների ազատ արձակմանը….», — գրված է խնդրագրի տեքստում:

Նշենք նաև, որ երկու տարի առաջ՝ 2023 թվականի ապրիլի 21-ի երեկոյան ապրիլյան իրադարձությունների պատճառով իր տան մոտ հարձակման էր ենթարկվել ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը։ Միրզոյանն, անդրադառնալով այս թեմային, ասաց. «Ցավոք, մինչ օրս ոչ մի նորություն չկա, հանցագործները չեն պատժվել»։