Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչությունում ավարտվել է Սևան քաղաքի բնակիչ` 13-ամյա Մեսրոպ Խաչատրյանին անզգուշությամբ ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, և գործն ուղարկվել է դատարան: Գործով մեղադրանք է առաջադրվել Սևանի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Սարգսյանին՝ ՀՀ ՔՕ 120-րդ հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում` ֆիզիկայի դասաժամին: Երեխայի մոր` Էլմիրա Գևորգյանի խոսքով՝ այդ օրը ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը 8-րդ դասարանի աշակերտների ներկայությամբ առանց թույլտվության տեղից վեր կենալու համար որդուն՝ Մեսրոպ Խաչատրյանին, պատժելու նպատակով դասասենյակի գրատախտակի մոտից, «կտամ, կմտնես պատի մեջ» արտահայտությունն անելով, քայլել է հագուստի համար նախատեսված կախիչի մոտ և երկաթյա կախիչը կոպտորեն հրել տղայի վրա: Տիկին Գևորգյանի խոսքով՝ արդյունքում կախիչի կեռիկը հանել է տղայի ձախ աչքը: Նշենք, որ Մ. Խաչատրյանը տևական ժամանակ բուժում է ստացել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Այժմ նա 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է:
Տղայի մոր խոսքով՝ դեպքից հետո ուսուցչուհին շարունակել է դասավանդել դպրոցում և, ազատ շրջելով քաղաքում, բոլորին բացեիբաց հայտարարում է, թե ինքն «անմեղ է, ում հետ պետք է, լուծել է իր հարցերը, թող մտածողը մտածի»:
Գործով տուժող ճանաչված Մեսրոպ Խաչատրյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանի խոսքով՝ մեղադրյալ ուսուցչուհու ամուսինը ոստիկանության նախկին պաշտոնյա է, ժամանակին աշխատել է մեղադրական եզրակացությունը հաստատած` Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի հետ: Ըստ փաստաբանի՝ Մեսրոպի համադասարանցիներից մի քանիսը ցուցմունք են տվել և պատմել, որ երբ տեսել են Մեսրոպի արյունոտ դեպքը, դասասենյակից դուրս են վազել:
Ի դեպ, ըստ Բեջանյանի՝ դեպքից հետո դպրոցի տնօրենը ծնողական ժողով է հրավիրել և հայտարարել, որ երեխաները ցուցմունք տալուց չմոռանան, որ դրանով կարող են վնասել դպրոցի հեղինակությանը, բացի այդ` նրանք դեռ պետք է այդ դպրոցում սովորեն:
Փաստաբանը համոզված է, որ արարքին սխալ իրավական գնահատական է տրվել, այսինքն` ուսուցչուհին երեխային ոչ թե անզգուշությամբ է վնասվածք պատճառել, այլ դիտավորյալ, և նրան պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով (խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Ըստ նրա՝ «կտամ, կմտնես պատի մեջ» արտահայտությունը փաստում է այն մասին, որ ուսուցչուհին խուլիգանական արտահայտություն է արել:
Փաստաբանը միաժամանակ նշում է, որ հնարավոր է, որ ուսուցիչը չի ցանկացել, որ արարքը նման հետևանքներ ունենա, սակայն դա դեռ չի նշանակում, որ անզգույշ է վարվել, քանի որ ՀՀ քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է դա: Այս գործի հետ կապված` փաստաբանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդելով մեղադրական եզրակացությունը չհաստատել, սակայն Գեղարքունիքի մարզի դատախազը մերժել է այն: Մերժվել է նաև փաստաբանի՝ գործի վերահսկողությունն այլ տարածքի դատախազության հանձնելու վերաբերյալ միջնորդությունը: Այսպիսով` նախաքննության ընթացքում սպառելով մեղադրանքը փոփոխելու համար արված բոլոր միջնորդությունները` փաստաբանը նպատակադրվել է դա անել դատարանում:
Իսկ մինչ այդ տուժած աշակերտի ծնողը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել` բացառելու կողմնապահության հնարավոր դրսևորումները ընթացող նախաքննության և սպասվող դատաքննության գործընթացներում:
«Մենք լիահույս ենք, որ իմ բալիկի հանդեպ կատարված անմարդկային մեղսագործությունը Ձեր բարձրագույն վերահսկողության շնորհիվ անպայման շուտով կարժանանա իրավական ճշմարտացի գնահատականի ՝ ՀՀ օրենքների տառին և ոգուն համապատասխան»,-նամակում գրել է Էլմիրա Գևորգյանը: