կարևոր
5509 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-20 12:13
Իրավական

ՀՀ-ում այլևս կին քաղբանտարկյալներ կան. երկու երեխայի մայրը շարունակում է մնալ կալանավորված՝ ակցիաներին մասնակցելու համար․ փաստաբան

ՀՀ-ում այլևս կին քաղբանտարկյալներ կան. երկու երեխայի մայրը շարունակում է մնալ կալանավորված՝ ակցիաներին մասնակցելու համար․ փաստաբան

Արցախի հայաթափման դեմ Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ձերբակալված, ապա՝ կալանավորված Տաթև Վիրաբյանը, որը ծնունդով Արցախցի է, կարող է տեսակցել բացառապես զավակներին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանը ձերբակալվել է սեպտեմբերի 21-ին, ապա՝ կալանավորվել՝ զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։ Հոկտեմբերի 14-ի երեկոյան ՔԿՀ-ում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը։ Նա խցում ուշագնաց է եղել։

Փաստաբան Արսեն Բաբայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Տաթև Վիրաբյանին բժիշկները մշտապես հսկում են, ըստ բժիշկների՝ այս պահին առողջական վիճակը կայուն է։

Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա առկա է դրվագ, որտեղ Տաթևն ապտակում է ոստիկանին, որի պատճառը, փաստաբանի դիտարկմամբ, տեսանյութից էլ ակնհայտ է։ Մասնավորապես, ըստ Բաբայանի, Տաթև Վիրաբյանի կոչերին, որ հանդարտվեն՝ ոստիկանության ծառայողը լկտի հայհոյանք է հնչեցրել Տաթևի հասցեին։
Քրեական գործով որևէ անձ տուժող ճանաչված չէ, իսկ Վիրաբյանի մասնակցությամբ այս ընթացքում որևէ գործողություն չի իրականացվել, մեկ անգամ է հարցաքննվել միայն։

Նշենք, որ Տաթև Վիրաբյանը երկու երեխայի մայր է, հարցին՝ արդյո՞ք այս հանգամանքը հաշվի չի առնվել խափանման միջոց կալանքն ընտրելիս, հատկապես, որ գործ չունենք ծանր մեղադրանքի հետ, Բաբայանն արձագանքեց՝ նշելով.«Նախ սկսեմ նրանից, որ Տաթևի նկատմամբ խափանման միջոց ընդհանրապես չէր կարող կիրառվել, առավել ևս՝ ամենախիստը, կալանավորումը։ Նույնիսկ այն պարագայում, եթե հաղթահարված լիներ Տաթևի կողմից հանցավոր արարքի հետ առնչություն ունենալու հիմնավոր կասկածը, ապա խափանման միջոցն ընտրելիս դատարանը պարտավոր էր նախ քննարկել ու պատճառաբանված հերքել այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունը։ Մինչդեռ առաջին ատյանի դատարանն ընդամենը նշել է, թե կալանքից բացի որևէ այլ խափանման միջոցն իզորու չէ ապահովել պատշաճ վարքագիծը»։

Բացի այդ, դատարանը սահմանափակել է նաև Տաթև Վիրաբյանի տեսակցությունները, փաստաբանի փոխանցմամբ՝ տեսակցելու իրավունք ունի բացառապես զավակների հետ։

Անդրադառնալով Վիրաբյանի կալանավորման որոշման դեմ բողոքը մերժելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմանը՝ Բաբայանն արձանագրեց, որ այդ որոշումն, իհարկե, սպասելի էր՝ հաշվի առնելով, թե ով է դատավորը. «Բայց ես մի փոքր հույս ունեի, որ այս պայմաններում դատարանը կհամարձակվի թեկուզ տնային կալանք կիրառել։ Դատարանին հասցրել էի տեղեկացնել առողջական վիճակի մասին։ Բողոքում նշվել էր անչափահաս երեխաների հանգամանքը և այլն»։
Ըստ պաշտպանության կողմի՝ Վիրաբյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական է, Վիրաբյանը՝ քաղբանտարկյալ։