Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-04-04 13:24
Քաղաքական

350 հազար դոլարով մի քանի տարի «խորհուրդ կտան»

350 հազար դոլարով մի քանի տարի «խորհուրդ կտան»

Երեկ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում, երբ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները ներկայացնում էին ՀՀ նախագահի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված `«Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը, քննարկումներն շատ բուռն անցան: Հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորները, անգամ` 2-3 ՀՀԿ-ական դեմ էին արտահայտվում նախագահի կողմից ստորագրված համաձայնագրին, քանի որ կարծում էին, որ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները չեն հիմնավորում, թե վերցրած վարկն ինչ արդյունավետություն է ունենալու: Նիկոլ Փաշինյանը, համարելով ներկայիս կառավարությանը կոռուպցիոն կառավարություն, չէր հավատում, որ վերցրած գումարները ճիշտ կօգտագործվեն և նպատակին կծառայեն: Որոշ պատգամավորներ զարմացած էին, թե ինչու է 350 հազար դոլար տրամադրվում խորհրդատվությունների ու դասընթացների համար:

 

Yerkir.am-ի հետ զրույցում վարկային ծրագիրը ներկայացնող գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Արմեն Հարությունյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ տպավորություններ ունի այդ նիստից, պատասխանեց. «Քննարկումը շատ կառուցողական էր: Ինչ վերաբերում է այդ բոլոր բացասական արձագանքներին, կարող եմ ասել, որ մենք աշխատում ենք շատ թափանցիկ, մեր բոլոր ծրագրերին միշտ հրավիրում ենք տարբեր պաշտոնյաների, նաև ներկայացուցիչների տարբեր ՀԿ-ներից, մամուլի ներկայացուցիչներին, որ ցույց տանք այն աշխատանքը, որն իրականացվում է թե' վարկային, թե' բյուջետային ծախսերի միջոցով»:

 

Հարցին, թե կարող են նշել որևէ լավ օրինակ, երբ պետության կողմից վերցված վարկերը ծառայել են իրենց նպատակին, Արմեն Հարությունյանը նշեց, որ կան լավ օրինակներ. անցյալ տարի վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել են 90 գյուղացիական կոոպերացիաներ:

 

Իսկ թե ինչո՞ւ գյուղնախարարը չէր ներկայացել ԱԺ` ներկայացնելու այդ վարկային համաձայնագիրը և պատասխանելու պատգամավորների հարցերին, Արմեն Հարությունյանը նշեց. «Այս քննարկման համար լիազորված անձ նախագահի կողմից ես էի նշանակված»:

 

Հարցրեցինք նաև, թե ինչո՞ւ է 350 հազար դոլար տրամադրվում խորհրդատվության համար: Կառավարության ներկայացուցիչը պատասխանեց, որ այդ գումարը մի քանի տարվա խորհրդատվության համար է նախատեսված: «Մենք միշտ փորձում ենք նվազագույնի հասցնել խորհրդատվությանը տրամադրվող գումարները, բայց այս պարագայում ծրագրերի բաղադրիչների իրականացման համար անհրաժեշտ էր սահմանել այդ գումարը»,- ասաց նա: