Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ-ն ձեռնպահ է մնում կառավարության կողմից ստեղծված` կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում անդամ առաջադրելուց: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Մենք ձեռնպահ ենք մնում կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում թեկնածու առաջադրելուց, քանի որ երկար տարիներ է` մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարի մեր առաջարկները, այդ թվում` ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելու ծրագիր, որը չի մերժվում և ոչ էլ կյանքի է կոչվում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մարտի 19-ին ընդունեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին որոշում, որում նախատեսվում է հասարակական սեկտորի ներկայացուցիչների, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների, կառավարության անդամների ներգրավվածություն:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ որևէ արդյունավետ աշխատանք չի տարվում: «2014 թվականին նախագահի գլխավորությամբ ստեղծվեց կոռուպցիայի դեմ խորհուրդ, հիմա այն չեղյալ է հայտարարվել և ստեղծվել է վարչապետի գլխավորությամբ նոր կառույց, որը հայտնի չէ, թե ինչ մոդել է որդեգրում»,- ասաց պատգամավորը: Նա շեշտեց այն հանգամանքը, որ հայտնի չէ, թե ինչ արդյունք կունենա ստեղծված կառույցը:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՀ-ն մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ է, ունի մի շարք հակակոռուպցիոն մարմիններ, որոնք պիտի որ օգնեն պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն տեսնում ենք, որ այդ ուղղությամբ անարդյունավետ աշխատանք է ընթանում: Կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր տարրերից մեկը, ըստ ՀՅԴ պատգամավորի, անհրաժեշտ միջավայրի ձևավորումն է:
«Մարդը պիտի հասկանա, որ, կոռուպցիայի մեջ մտնելով, ավելի մեծ վնասներ կստանա, քան եթե չմտնի այդ ամենի մեջ: Պատշաճ վարձատրության համակարգի գոյությունն է նաև կարևոր: Պատասխանատվությունը ևս կարևոր է. եթե պատասխանատվության մասով չունենանք լուրջ համակարգ, այս ամենի մասին խոսելն անիմաստ է»,- ընդգծեց Մինասյանը:
Նա հավելեց. «Չենք մերժում որևէ բան, պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ, բայց կոնկրետ գաղափարների, ծրագրերի շուրջ, ոչ թե ինչ-որ ամորֆ մարմնի շուրջ»: