կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-23 14:30
Քաղաքական

Սա պետական համակարգին վերաբերող, սկզբունքային խնդիր է. ՀՅԴ-ն ձեռնպահ քվեարկեց ՏՄՊՊՀ օրենքին

Սա պետական համակարգին վերաբերող, սկզբունքային խնդիր է. ՀՅԴ-ն ձեռնպահ քվեարկեց ՏՄՊՊՀ օրենքին

Արդեն հայտնել ենք, որ ԱԺ-ն քննարկում է ՏՄՊՊՀ մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկելու հարցը: Առաջարկով հանդես էր եկել ՀՅԴ խմբակցությունը` թույլ տալ խորհրդարանական ընդդիմությանը` հանձնաժողովի անդամներից մեկին ներկայացնել: Ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նախ խոսեց օրենքի և մարմնի բացառիկ կարևորության մասին:

«Մեր տնտեսության համար մենաշնորհները, գերիշխող դիրքի չարաշահումները, հակամրցակցային պայմանավորվածություններն ամենամեծ խնդիրն են, և պատահական չէ, որ ՀՅԴ-ն այս հանձնաժողովի աշխատանքը և մենաշնորհի դեմ պայքարը համարել է առաջնահերթ»,- ասաց նա և ընդգծեց, որ այս առումով փոփոխությունները դրական են և այդտեղ խնդիր չկա:

Սակայն, ըստ պատգամավորի, կա այլ խնդիր: «Սա նոր չէ մեզ համար. Դաշնակցությունը ընդդիմադիր է եղել, իշխանության մաս է եղել, բայց միշտ կարևորել է ընդդիմության համակարգային դերակատարությունը, աստիճանաբար հակակշռող դերի ավելացումը: Դա մենք արել ենք Սահմանադրությամբ, ինչից հիմա օգտվում է ընդդիմությունը: Մենք ընդամենն առաջարկել էինք հանձնաժողովի վեց անդամներից մեկին խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն ունենար առաջադրելու` համախոհությամբ, բնականաբար, բոլոր չափանիշներին համապատասխանելու պարագայում, ընտրվելու դեպքում լրիվ անկախ գործելու համար»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց, որ այստեղ մի խնդիր էլ կա, և ուզում է հարցին անդրադառնալ երկու կողմից, ասաց, որ «Ելք» խմբացության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելլույթը ստիպեց, որ խոսի այդ մասին: Նշենք, որ Մարուքյանն օրինակ էր բերել,  որ ՍԴ նախագահը իշխող կուսակցության անդամ է եղել, բայց դա չի խանգարել նրա նշանակվելուն:

«Իսկ ո՞վ է ասել, որ կուսակցականը չի կարող անկախ լինել իր լիազորությունների շրջանակում` անկախ նրանից, թե որ կուսակցության անդամ է: Մենք պետք է մեր մտքից հանենք դա, որ կուսակցականը զուտ իր կուսակցության շահերով է հանդես գալիս: Բոլոր կուսակցականներն էլ` լինի ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան»-ից, թե այլնից, կարող է լիազորություններն իրականացնելիս անկախ լինել: Մենք օրեր առաջ այստեղ ԲԴԽ անդամ ընտրեցինք, ով ընդամենը մի քանի ամիս առաջ մի դաշինքի ակտիվ քարոզիչներից մեկն էր»,- ասաց նա:

Կրկին անդրադառնալով ՀՅԴ առաջարկին` Վարդանյանը նշեց, որ այդ առաջարկը Սահմանադրության տրամաբանությանն էր համապատասխանում` ընդամենը հնարավորություն տալ ավելի թափանցիկ հանձնաժողովի կազմ, վստահության ավելի արժանի հանձնաժողով ունենալու:

«Կառավարության մոտեցումը լավագույնը չէ: Սա պետական համակարգին վերաբերող խնդիր է, սկզբունքային է, և մեր խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու այս օրինագծին»,- եզրափակեց նա: