Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ԱԺ արտահերթ նիստի օրակարգի վիճահարույց օրինագծին, որը վերաբերում էր շինարարությամբ զբաղվող արտագնա վարձու աշխատողների և կազմակերպությունների հարկմանը: Նա նշեց, որ Դաշնակցությունը ձեռնպահ է քվեարկել այդ օրինագծին:
«Օրենքի բովանդակությունը վատը չէ, պարզապես սխալ ներկայացվեց, թե դա խոպանչիներին հարկելու օրենք է: Իրականությունն այլ է, և այն խորը ուսումնասիրելուց հետո կտեսնեք, որ դա, հակառակը, նպաստավոր պայմաններ է ստեղծում կազմակերպված և վերահսկելի աշխատուժի արտահանման համար: Պարզապես այլ երկրներում աշխատող մեր շինարար քաղաքացիները հարկը վճարելու են Հայաստանում, ոչ թե տվյալ երկրում»,- պարզաբանեց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ օրենքն ավելի կարգավորված ու բարենպաստ պայմաններ է ստեղծում արտագնա աշխատանքի մեկնող բազմաթիվ հայրենակիցների համար:
Պատգամավորը նշեց, որ ՀՅԴ խմբակցության` ձեռնպահ քվեարկելը պայմանավորված էր ոչ թե նրանով, որ դեմ են այդ օրենքին, այլ որ նման օրենքները չպետք է ընդունվեն շտապողականության մթնոլորտում, որովհետև նման օրենքները պետք է նախապես քննարկվեն, հասարակության շրջանում պետք է կարծիք ձևավորվի:
«Պետք է հարգել այն կարգը, որն ընդունված է, և չպետք է օգտագործել արտահերթ ձևաչափը, որ չուսումնասիրված, չտեղեկացված վիճակով, արագ ընթացակարգով հարցը մտցվի օրակարգ, քվեարկվի ու ընդունվի: Հուսով եմ` կառավարությունն այս ամենից եզրակացություններ կանի, որ նման ձևով աշխատելը սխալ է: Նման օրենքները պարտադիր պետք է անցնեն փորձագիտական վերլուծություն և խորքային ուսումնասիրվեն, ոչ թե պատգամավորները ստիպված հայտնվեն դակիչի կարգավիճակում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Հարցին, թե արդյո՞ք օրենքը կնպաստի, որ քաղաքացիները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, պատգամավորը պատասխանեց, որ չի կարծում այդպես: Նրա կարծիքով` ԵՏՄ հնարավորությունները պետք է դիտարկել ոչ միակողմանիորեն: