կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-30 21:21
Սպորտ

Եկա, տեսա, պարտվեցի… Շալանդի մարզչական կարիերան՝ Հայաստանում

Եկա, տեսա, պարտվեցի…  Շալանդի  մարզչական կարիերան՝ Հայաստանում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական՝ 4-րդ խաղում արտագնա հանդիպում անցկացրեց Ալբանիայի ընտրանու հետ և պարտվեց 2:1 հաշվով, ինչից հետո կտրուկ նվազեցին Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում հայտնվելու` Հայաստանի հավաքականի շանսերը:

 

Ինչպես օրեր առաջ  հայտարարել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Ալբանիային չհաղթելու դեպքում շվեյցարացին կհեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից:  Եվ ահա ժամեր առաջ Շալանդը հրաժարականի դիմում ներկայացրեց, որն ընդունվեց ՀՖՖ նախագահի կողմից:

 

64-ամյա մասնագետը Հայաստան ժամանեց մեկ տարի առաջ, և հայ ֆուտբոլասերները Եվրոպայի առաջնությունում հայտնվելու երազանքը սկսեցին կապել հենց շվեյցարացու հետ:

 

Հայաստանում անցկացրած` Շալանդի  մեկամյա մարզչական կարիերայի ընթացքում ազգային հավաքականն անցկացրեց 9 հանդիպում՝ 4 պաշտոնական և 5 ընկերական: Պաշտոնական խաղերում Շալանդի թիմը վաստակեց ընդամենը 1 միավոր (Հայաստան-Սերբիա՝ 1:1), խփեց 3 գոլ և բաց թողեց 6-ը: Ընկերական խաղերում ազգային հավաքականը մեկ հաղթանակ տոնեց՝ ԱՄԷ-ի հետ խաղում (4:3), մնացած խաղերում պարտություն կրեց (Ալժիր-Հայաստան՝ 3:1, Գերմանիա-Հայաստան՝ 6:1, Լատվիա-Հայաստան՝ 2:0, Հայաստան-Ֆրանսիա՝ 0:3):

 

Շվեյցարացու գլխավորությամբ Հայաստանի հավաքականը սկսեց խաղալ նոր  մարտավարությամբ՝ 5 պաշտպանով, որը, ինչպես ցույց տվեցին հավաքականի հետագա հանդիպումները, չարդարացրեց սպասելիքները:

 

Մինչ Եվրո-2016-ի ընտրական փուլի մեկնարկը մարզիչը երկար ժամանակ ուներ` կողմնորոշվելու հավաքականի վերջնական խաղային տակտիկայի հարցում: Այնուամենայնիվ, ընկերական խաղերում կրած պարտությունները Շալանդին չապակողմնորոշեցին, և համառ շվեյցարացին հենց այդպես՝ 5 պաշտպանով սկսեց խաղալ Եվրո-2016-ի ընտրական փուլում:  Ճիշտ է, Դանիայի հետ խաղում առաջինը հաջողության հասան հայ ֆուտբոլիստները, սակայն դա դեռևս բավարար չէր հաղթանակի հասնելու համար: Խաղավերջում մրցակիցը կարողացավ 2 գոլ խփել և հաղթանակի հասնել:

 

Մեկ ամիս անց Հայաստան ժամանեց Սերբիայի ընտրանին: Բեռնար Շալանդն  այս անգամ ստիպված էր փոփոխությունների ենթարկել կազմը, քանի որ վնասվածքների պատճառով հիմնական կազմի միանգամից 6 ֆուտբոլիստ չէր կարող օգնել հավաքականին, իսկ  տակտիկական առումով փոփոխություններ չեղան: Այնուամենայնիվ, Շալանդը ցույց տվեց, որ  առանց առաջատարների Հայաստանի թիմը կարողացավ քիչ թե շատ պաշտպանվել: Իհարկե, հանդիպումն ամբողջովին այլ ավարտ կունենար, եթե Մարկոսը կարողանար անվրեպ իրացնել 11 մետրանոցն ու կրկնապատկել հաշիվը:  Սակայն,  ինչպես ասում է ֆուտբոլի չգրված օրենքը՝ չես խփում դու, խփում է հակառակորդ թիմը:

 

Պորտուգալիայի նման զորեղ մրցակցի հետ խաղում մենք տեսանք ամբողջ խաղի ընթացքում պաշտպանվող Հայաստանի հավաքական: Իհարկե, ընդամենը մի քանի խաղ պաշտպանողական մարտավարություն որդեգրած թիմը չէր կարող 90 րոպե անթերի պաշտպանվել, հատկապես` երբ մրցակից թիմի կազմում խաղում է ոսկե գնդակի եռակի դափնեկիրը:  Եվ ահա մեր սխալը պաշտպանությունում «չուշացավ», ինչից էլ օգտվեց հենց Կրիշտիանու Ռոնալդուն:

 

Ալբանիայի հետ հանդիպումն արդեն որոշիչ էր 64-ամյա մասնագետի համար: Կա'մ հաղթում ես և շարունակում պայքարել Եվրոպայի առաջնության ուղեգրի համար, կա'մ չես հաղթում և հավաքում ես ճամպրուկներդ ու հեռանում: Այս մասին հստակ գիտեր նաև ինքը՝ պարոն Շալանդը: Հենց այդ պատճառով էլ վերջապես փոխեց հավաքականի տակտիկան, և հավաքականը խաղադաշտ դուրս եկավ 4:3:2:1 մարտավարությամբ:  Արդեն 4-րդ րոպեին մեր ֆուտբոլիստներն առաջ անցան հաշվի մեջ:  70-րդ րոպեին, մնալով 10-ը հոգով, Հայաստանի հավաքականը սկսեց խորը պաշտպանությունը, իսկ ալբանացիները գնալով մեծացնում էին ճնշումը, և զգացվում էր, որ մոտ է սեփական դարպասը գնդակ ընդունելու պահը: Եվ կրկնվեց Դանիայի հետ խաղի սցենարը:  Թիմն առաջ է անցնում հաշվի մեջ Հենրիխ Մխիթարյանի  անհատական վարպետության շնորհիվ, սակայն չի կարողանում պահպանել հաղթական հաշիվը: 

 

Մեկամյա մարզչական աշխատանքից հետո Շալանդի խաղում այդպես էլ չերևաց հստակ խաղային ձեռագիր:  Մենք մշտապես տեսանք երկչոտ ու անատամ ֆուտբոլ կամ, մեկ բառով ասած, հակաֆուտբոլ ցուցադրող հավաքական՝  թե՛ հաղթական հաշվի ժամանակ, թե՛ պարտվողի դերում լինելիս:

 

Եկա, տեսա, պարտվեցի..  Շալանդը Հայաստանում իր ձախողված մարզչական կարիերան դեռ երկար կհիշի… 

 

Հայ երկրպագուներին մնում է մեկ բան՝ սպասել, լսել նոր մարզչի անունը և շարունակել երազել, արդեն` աշխարհի առաջնությունում հայտնվելու մասին:

 

 Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ