կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-20 16:07
Սպորտ

Շալանդի խաղային փիլիսոփայությունը. Ալբանիա-Հայաստան խաղին ընդառաջ

Շալանդի խաղային փիլիսոփայությունը. Ալբանիա-Հայաստան խաղին ընդառաջ

Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլի հերթական՝ 4-րդ հանդիպումը` արտագնա խաղում մրցելով Ալբանիայի ընտրանու հետ: Անցկացրած 3 խաղերից հետո Շալանդի թիմը վաստակել է ընդամենը 1 միավոր: Սակայն միայն սա չէ, որ հիասթափեցնում է հայ ֆուտբոլային հասարակությանը: Ընտրական նախորդ մրցաշարերում Հայաստանի ընտրանին նույնպես պարտություններ ունեցել է, սակայն ցուցադրել է արագ և կոմբինացիոն ֆուտբոլ, ինչը բացակայում է Շալանդի խաղային ձեռագրում:

 

Շվեյցարացին նոր խաղային սխեմա կիրառեց` խաղադաշտ դուրս հանելով միանգամից 5 պաշտպան: Դանիայի հետ խաղում պաշտպանության կենտրոնը կազմեցին Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանն ու Վարազդատ Հարոյանը, եզրերից՝ Հայրապետյանն ու Հովհաննիսյանը: Կիսապաշտպանությունում գործեցին Արթուր Եդիգարյանն ու Ռումյան Հովսեփյանը, հենակետայինի դիրքում հանդես եկավ Մխիթարյանը, իսկ Ղազարյանն ու Մանուչարյանը խաղացին հարձակման աջ և ձախ եզրերում:

 

Ինչպես ցույց տվեց խաղի ընթացքը, այսպիսի կազմով Շալանդը, կարծես, փորձում էր պարզապես անառիկ պահել սեփական դարպասը և չէր մտածում հաջողության հասնելու մասին: Ճիշտ է, առաջինը հաջողության հասան հայ ֆուտբոլիստները, սակայն դա Մխիթարյանի անհատական բարձր վարպետության շնորհիվ էր: Բաց թողած գոլից 15 րոպե անց դանիացիները հավասարեցրեցին հաշիվը: 70-րդ րոպեին Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մարկոսը, սակայն նա ոչնչով աչքի չընկավ, իսկ րոպեներ անց 3 կենտրոնական պաշտպանով հանդես եկող Հայաստանի հավաքականը նաև 2-րդ գնդակը բաց թողեց:

 

Ինչ խոսք, ընտրական նախորդ 2 փուլերում նույնպես ունեցել ենք պարտություններ, բայց այդ հանդիպումներում Հայաստանի հավաքականի կատարմամբ տեսել ենք արագ, կոմբինացիոն, հարձակվողական ֆուտբոլ: Հիշենք Իռլանդիայում կայացած հանդիպումը, երբ Մինասյանի գլխավորությամբ թիմը պարտվեց 2:1 հաշվով, սակայն ողջ եվրոպական մարզական մամուլը հեղեղված էր Հայաստանի հավաքականի տպավորիչ խաղը նկարագրող հոդվածներով:

 

Հաջորդ՝ Սերբիայի հետ խաղում տակտիկական փոփոխություն տեղի չունեցավ թիմում: Եթե Դանիայի հետ խաղում Շալանդը ռիսկի դիմեց, ապա այս անգամ, կարելի է ասել, ստիպված էր խաղալ պաշտպանողական ֆուտբոլ, քանի որ բացակայում էին հիմնական կազմի միանգամից 5 ֆուտբոլիստներ: Պաշտպանության կենտրոնում Մկոյանի  փոխարեն հանդես եկավ Տարոն Ոսկանյանը, կիսապաշտպանությունը կազմեց Եդիգարյան-Մկրտչյան զույգը, հարձակման ձախ և աջ եզրերում հանդես եկան Սարկիսովն ու Մանուչարյանը, իսկ դիսպետչերի պարտականությունը վստահված էր Մարկոսին:

 

 

Այս խաղում նույնպես առաջինը հաջողության հասան Շալադի սաները: Այնուհետև Հայաստանի ընտրանին լավ հնարավորություն ստացավ հանդիպման հաղթական վերջակետը դնելու, սակայն Մարկոսի չիրացրած 11 մետրանոց հարվածը դեռևս երկար կմնա հայ երկրպագուների հիշողության մեջ: Հանդիպման վերջին րոպեներին սերբերը հավասարեցրեցին հաշիվը: Սերբիայի հետ խաղից հետո հույսեր արթնացան, որ թիմը կվերագտնի իր խաղը և կխաղա այնպիսի ֆուտբոլ, որը տեսել ենք նախորդ 2 ընտրական փուլերում:

 

Սակայն Պորտուգալիայի հետ խաղում մենք դարձյալ տեսանք թույլ, անպաշտպան, անատամ խաղ ցուցադրող Հայաստանի հավաքական, որի գործը, կարծես, միայն գոլ բաց չթողնել էր: Ողջ խաղի ընթացքում մտածել միայն պաշտպանվելու մասին և ակնկալել դրական արդյունք, պարզապես անմտություն է: Եվ ինչպես խաղից հետո նշել էր այդ խաղում միակ գոլի հեղինակ՝ պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, հայերը Պորտուգալիա էին եկել ոչինչ չանելու համար:

 

Մարտի 29-ին կայանալիք` Ալբանիայի հետ արտագնա հանդիպումը վերջին հնարավորությունն է շվեյցարացի մասնագետի համար, այս մասին «Ֆուտբոլի ժամ» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: ՀՖՖ նախագահը նաև նշել է, որ խոսել է Շալանդի հետ, և նա հասկացել է իր սխալը:

 

Հարկ է նշել, որ արդեն մարտի 24-ին հավաքականին կմիանա Մարսելի «Օլիմպիկ»-ի պաշտպան Գաել Անդոնյանը: 20-ամյա ֆուտբոլիստը հիմանականում խաղում է պաշտպանության կենտրոնում, հանդես է գալիս նաև եզրերում: Կասկածից վեր է, որ Անդոնյանը մեծապես կբարելավի մեր թիմի խաղը պաշտպանությունում: Այս ամենից կարելի է հետևություն անել, որ Շալանդը կփոխի իր խաղային փիլիսոփայությունը, և մենք Հայաստանի հավաքականի կատարմամբ կտեսնենք բաց հարձակվողական ֆուտբոլ: Հաշվի առնելով այս հանգամանքը` կարելի է ենթադրել, որ Ալբանիայի հետ խաղում Շալանդը պաշտպանության կենտրոնում տեղ կհատկացնի Անդոնյան-Արզումանյան զույգին: Եզրերում կխաղան Կամո Հովհաննիսյանն ու Լևոն Հայրապետյանը, ովքեր ժամանակ առ ժամանակ կմիանան նաև գրոհներին: Կիսապաշտպանությունում` Արթուր Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան, հենակետային դիրքում հանդես կգա Մխիթարյանը, իսկ Ղազարյանը, Մովսիսյանն ու Մանուչարյանը կգործեն առջևում: