Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուրիկ Մանուկյանի պատմությունը
1914 թ., Բասեն
Լուսինե Մանուկյանն ArmeniaGenocide100.org-ին է ներկայացրել իր պապիկի ընտանիքի պատմությունը, որը լսել է տատիկից ու հորաքույրներից: Լուսինեի պապի հորը և հորեղբայրներին թուրքերը շղթաներով կապել և գցել են գետը, իսկ մայրն իր 5 երեխաների հետ բռնել է գաղթի ճանապարհը։
«Պատմությունը լսել եմ տատիկիցս և հորաքույրներիցս։ Պապիկիս ընտանիքը գաղթել է Բասեն գավառի Դալիբաբա (Դելիբաբա) գյուղից, որտեղ հայտնի են եղել Նաչար անունով, որը եկել էր Նազարյան ազգանունից։ Պապուս հորը և հորեղբայրներին թուրքերը շղթաներով կապել և գցել են Արաքսը, իսկ մայրը իր 5 երեխայի հետ բռնել է գաղթի ճանապարհը։ Պապիկիս 1 տարեկան ամենակրտսեր եղբորը կապել են 8 տարեկան քրոջ մեջքին, որպեսզի կարողանա շալակած տանել եղբորը։ Սակայն ճանապարհի կեսից թողել են երեխային մի սայլի վրա, իսկ իրենք ոմն Մանուկի օգնությամբ հասել են Գյումրի։ Պապիս բարեկամներից մեկը, երբ իմացել են, որ մայրը երեխային թողել է օտար սայլի վրա, բարկացել և գոչել է.
«Ինչ իրավունքով ես եկել հասել մեր դուռը, դու նստեիր սայլի վրա՝ թուրք կգար՝ կթուրքանայիր, հայ կգար՝ հայ կմնայիր։ Փոխիր ազգանունդ, դու այլևս Նազարյան չես»։ Վիրավորված մայրը վերցնում է իր երեխաներին և հեռանում Ալեքսանդրապոլից, իսկ ազգանունը փոխում Մանուկյան, այն մարդու պատվին, ով օգնել էր նրան հասնել Արևելյան Հայաստան։ 7 տարի անց Ալեքսանդրապոլի որբանոցներից մեկում եղբայրներին և հորը նմանեցնելով ընտանիքի բարեկամներից մեկը գտնում է կորցրած երեխային և բերում մոր մոտ»։