Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թադևոս Պետրոսյանի պատմությունը
1902 թ., Կարս
Նարինե Առաքելյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: նա ծնվել է 1902-ին Կարսում, մեծահարուստ վաճառականի ընտանիքում, ունեցել են աղախիններ, քահանա, որոնք հետագայում օգնել են նրանց ընտանիքին փախչել հայերի արյան մեջ կորած Կարսից և բնակություն հաստատել Վրաստանում:
«Կարս, 1915թ., մազապուրծ եղած ևս մի ընտանիքի պատմություն պապիկիս շուրթերից գրում եմ ես` թոռնուհին, և ամեն անգամ սարսափ եմ ապրում հիշելիս հետևյալ բառերը .«Երեկ ինչ եմ՝ կերել չեմ հիշում, բայց ինչպես ենք փախել, ամեն մանրուք հիշում եմ»: Պապիկիս ծնվել է 1902-ին Կարսում, մեծահարուստ վաճառականի ընտանիքում, ունեցել են աղախիններ, քահանա, որոնք հետագայում օգնել են պապիկիս ընտանիքին փախնել հայերի արյան մեջ կորած Կարսից և բնակություն հաստատել Վրաստանում:
Պապիկիս ընտանիքը ունեցել է մեծ, գեղեցիկ տուն, որն այսօր դարձել է տեղի դպրոցներից մեկը: Ղարսի երկաթգծի ղեկավարը եղել է հայ` պապիկիս կնքահայրը, որն այդ պահին իմանալով, որ թուրքերը կոտորում են հայ բնակչությանը, բացում է գնացքի վագոնները հայերի փրկության համար: Պապիկիս մայրիկը` Խանում Հայկուհին, իր երեխաների և ամուսնու եղբոր, քրոջ ընտաիքների հետ միասին փորձում է փրկվել գնացք նստելով, բայց սահմանին թուրքերը հարձակվում և կտրում են գնացքը:
Մեծ մասին սպանում են, այդ թվում՝ եղբոր ընտանիքին, պապիկիս հորեղբոր որդուն կարողանում է փրկել Խանում Հայկուհին, բայց փոքրիկը մոր կարոտից Հայկուհու գրկում մահանում է: Շատ մեծ դժվարությամբ, անցնելով գետերով և ցամաքով, Վիգեն Տեր քահանայի օգնությամբ, որի աճյունը հանգում է Վրասանում, հասնում են Վրաստան: Վրաստանում Հայկուհին իր տարազի վրայի եղած քյամարը, բազմատները, կոճակները, որոնք եղել են արծաթից և ոսկուց, պոկում և փոխանակում է հացի հետ երեխաներին սովից փրկելու համար:
Հետագայում պապիկս տեղափոխվում է Երևան, որտեղ էլ շարունակում ենք ապրել մենք: Հույս ունեմ, որ այն երեխաները, ովքեր սովորում են դպրոց դարձած պապիկիս ընտանիքին պատկանող տանը, մի օր կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»: