կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 10:30
Հասարակություն

Մորս տատը հողը ձեռքերով փորել է ու երեխային հուղարկավորել

Մորս տատը հողը ձեռքերով փորել է ու երեխային հուղարկավորել

«Մայրիկիս տատիկը` Մարգարյան Մարգարիտը, ձեռքերը միշտ պահում էր իր գոգնոցի տակ` կարծես թե դրանով թաքցնում էր կամ փորձում մոռանալ անցյալի թողած սև հիշողությունները: Ամաչում էր իր ձեռքերից կամ մտածում, որ մենք` փոքրերս, կվախենանք: Եվ պահում էր, ամուր սեղմում ծնկներին` հագուստի տակ: Շատ տարիներ էին անցել, բայց ցավն այնքան մեծ էր, որ չէր ջնջվել ոչ հիշողությունից, ոչ ձեռքերից: Ես դպրոցական էի. հետաքրքրասեր երևեխայի պես չդիմացա ու հարցրեցի, թե ինչու են ձեռքերի վրա սպիեր մնացել. նա էլ պատմեց: Չգիտեմ էլ` արդյոք պատրաստ էի այդ ժամանակ լսել այն ամենն, ինչը մինչև օրս հանգիստ չի տալիս: Մարգարիտ տատիկը 1915-ին երիտասարդ կին էր, ուներ երջանիկ ընտանիք, սիրող ամուսին, երեք հրաշք փոքրիկներ: Բայց… Մեծ Եղեռն… Աքսոր… Քանդած ու այրված տներ… Արյունոտ լեռներ ու ձորեր…


Մարգարիտ տատիկը աքսորի ժամանակ կարողացել էր մազապուրծ փախչել իր երեք փոքրիկների հետ: Ամուսնու ճակատագիրն արդեն կանխորոշել էին թուրքերը, բայց այդ արնախումները կարծես դեռ չէին կշտացել: Հիմա էլ փախուստի ժասմանակ գնդակը դիպավ իր փոքրիկին` ամենափոքրին, հերթական անմեղ էակին, որը դեռ նոր էր լույս աշխարհ եկել:

 

Ինչ կարող էր այդ պահին անել երեխայի մայրը` Քրիստոնյա մայրը: Միթե կարող էր սեփական ձեռքերով հողին հանձնել իր նորածնին:

 

Անկարող եմ պատկերացնել այդ տեսարանը, Մարգարիտ տատիկի ապրումները, զգացողությունները: Երևի ամեն բան ներսում սառել ու քարացել էր, որ կարողացավ փորել քարքարոտ հողը, այնքան արագ փորել, որ թուրքերը վրա չհասնեն, որ փոքրիկը անգղների բաժին չդառնա: Իրականույթունն այնքան ցավոտ էր, որ Մարգարիտը չէր էլ զգացել իր մատների ցավը, երբ հողի միջի քարերը հատ-հատ պոկել էին եղունգները: Վերքոտած ու արյունոտված ձեռքերով իր փոքրիկին դրել էր փոսի մեջ և ծածկել հողով: Այդքանից հետո դեռ պետք էր վեր կենալ, թողնել ամեն բան ետևում ու վազել, փախչել իր կենդանի մնացած երկու երեխաների հետ. նրանք այն ամենն էին, ինչ մնացել էր իր ստեղծած երբեմնի երջանիկ ընտանիքից:

 

Նայում էի ձեռքերին ու սարսափում, բայց ոչ վերքերի սպիերից… Պետք չէր թաքցնել ձեռքերիդ սպիերը. դրանք մեծ ոճիրի հավերժ խոսող վկաներն են…»