կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 13:21
Քաղաքական

Չինացիները խնդրում են փոսն էլ փորել. Արմեն Աշոտյան

Չինացիները խնդրում են փոսն էլ փորել. Արմեն Աշոտյան

Այսօր կառավարության նիստի ընթացքում որոշվեց Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով նախատեսված` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2015-ին հատկացնել 15032.9 հազ. դրամ՝ Երևանի Զաքարիա Սարկավագի 14 հասցեում տեղակայված շինության ստորգետնյա երկաթբետոնե հիմքերի քանդման աշխատանքներն իրականացնելու համար:

 

Նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ սույն որոշմամբ առաջարկվում է կարգավորել այն խնդիրը, որն առաջացել է` չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման հետ կապված: «Կառավարության որոշմամբ` նախկինում այդտեղ կառուցված շենքը քանդվել է, որպեսզի նոր դպրոց կառուցվի: Չինական կողմը խնդրում է, որպեսզի մենք փոսն էլ փորենք, քանդենք նաև նկուղային հարկը և տարածքը տրամադրենք իրենց»,- ասաց նա:

 

«Փոսն էլ կփորենք»,- արձագանքեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և հետաքրքրվեց, թե շինարարական աշխատանքները որ փուլում են գտնվում:

 

Աշոտյանը պատասխանեց, որ հենց ավարտվեն այդ աշխատանքները, կսկսվի նաև շինարարությունը: «Նախագիծը կա, քննարկված է շահագրգիռ գեատեսչությունների հետ: Բավական գեղեցիկ դպրոց է ստացվում` ժամանակակից ենթակառուցվածքներով: Նախագծի վերջնական հաստատումը դեռ չկա, որովհետև լիազոր մարմինները դեռ պետք է աշխատեն, բայց չինական կողմն էլ է շահագրգիռ, որ ավարտեն այդ դպրոցի շինարարությունը և հանձնեն մեզ»,- նշեց ԿԳ նախարարը:

 

Վարչապետը հանձնարարեց արագ ավարտին հասցնել փորման աշխատանքները և սկսել շինարարությունը: