Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թորգոմ Մայիլի պատմությունը
Կարս
Սրբուհի Դավթյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մոր պապի՝ Թորգոմ Մայիլի պատմությունը: Նա մեկն է եղել ընտանիքի 12 երեխայից: Գաղթի ճանապարհին նրա քույրերն ու եղբայրները հիվանդացել են ջրծաղիկով: Ճարահատյալ ծնողները 7 հիվանդ երեխային նետել են գետն և ճանապարհը շարունակել:
«1915 թվական, ձմեռ: Մի երջանիկ ընտանիք էր ապրում Ղարսի կենտրոնում: Տան հայրը` Հմայակ Մարտիրոսյանը, իր օրվա հացը վաստակում էր կազակների համար ճտքավոր կոշիկներ կարելով: Իսկ տան մայրը` Կալիպսեն, տնային տնտեսուհի էր ու խնամում էր իր 12 երեխային:
Բայց ահա մի օր լսվեց հայերին տարհանելու գույժը: Հմայակը Ղարսում սիրված ու հարգված էր` իբրև լավ արհեստավոր: Բայց, տեսնելով, թե թուրքերը ինչպես են վարվում հայերի հետ, որոշեց ընտանիքի հետ լքել Ղարսը: Երեխաների վրա կապեցին ոսկեղենն ու մի քանի հայ ընտանիքներով ընկան ճամփա: Երկար ճանապարհ անցավ բազմազավակ ընտանիքը:
Ձմեռ էր, ու երեխաները հիվանդացան ջրծաղիկով: Հիվանդ երեխաների հետ ճանապարհն ավելի դանդաղ էին անցնում:
Դեռ նոր էին հասել Եփրատ գետի ափ, երբ իմացան, որ թուրք զինվորները գալիս են իրենց հետքերով: Սարսափահար Հմայակն ու Կալիպսեն հիվանդ երեխաներին գցեցին գետն ու առողջների հետ մի կերպ փախան ու հասան Արևելյան Հայաստան` Ալեքսանդրապոլ` Թուրքի մայլա: Այդ ողջ մնացած հինգ երեխայից մեկը, ով այդ ժամանակ 10 տարեկան էր, հենց իմ մայրիկի պապիկն է եղել` Թորգոմ Մայիլը»: