կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 12:15
Հասարակություն

Բռնագաղթից հետո մորս տատը երեք երեխայի հետ 5 տարի դեգերել է Սիրիայի անապատներում

Բռնագաղթից հետո մորս տատը երեք երեխայի հետ 5 տարի դեգերել է Սիրիայի անապատներում

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Սրբուհի  Քյոթահելյանի պատմությունը

Իզմիթ

 


Վարդան Աշչյանը ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մոր տատի՝ Սրբուհի  Քյոթահելյանի պատմությունը: Սրբուհին ամուսնու ու 3 երեխայի հետ մոտ 5 տարի դեգերել է Սիրիայի անապատներում, մինչև 1920 թվականին վերջապես նավով տեղափոխվել են Հունաստան:

 

«Իմ  մորս  տատիկը՝ Սրբուհի  Քյոթահելյանը, վերապրել է Ցեղասպանությունը: Նա ծնունդով Իզմիթ (Նիկոմեդիա) քաղաքից էր: Նրա քույրերը՝ Մարիցան, Իսկուհին  և Նունեն ընտանիքներով հանդերձ  զոհ են գնացել Ցեղասպանությանը: Ընտանիքի միակ արու զավակը ՝ Անանիան, Առաջին աշխարհամարտի  ժամանակ  զորակոչվել է թուրքական բանակ և այնտեղ էլ նահատակվել: Ըստ Սրբուհի տատի հիշողությունների՝  քույրերն իրենց գերդաստաններով  տարբեր ժամանակահատվածներում են  բռնագաղթել և զոհվել (եղել են ականատեսներ, ըստ նրա  հիշողությունների):

 

Մորս  տատիկը, ամուսինը ՝ Հրաչյան,  իրենց 3 զավակներով` Թագվոր, Հայկազ և Արմենուհի (իմ տատիկը), անբացատրելի տանջանքներով  և հաղթահարելով գաղթի արհավիրքները 5 տարի շարունակ դեգերել են Սիրիայի անապատներում: Մորս տատիկի ամուսինը՝ Հրաչյան, գաղթից հետո հասել է Հունաստան և կաթվածից մահացել այնտեղ:


Բռնագաղթի ժամանակ  նրանք ոչ միայն քաղցած են եղել, այլև ջրի խիստ կարիք են ունեցել, նույնիսկ անապատներում, հավանաբար՝ օազիսային տեղանքներում, ձեռքով ավազ են փորել արտեզյան ջրի պաշար գտնելու հույով: Քնել են որտեղ պատահի, հողի և ավազի վրա: Իրենց աչքի առջև այն մարդկանց, ովքեր չեն կարողացել քայլել, թուրք զինվորները սպանել են: Ի դեպ, գաղթի ժամանակ մահացել են Սրբուհու սկեսրայրը և սկեսուրը: Նրանց չի հաջողվել նրանց նույնիսկ հողին հանձնել:

 

Մորս տատիկի վկայությամբ իր դուստրը, այսինքն՝ իմ տատիկը՝ Արմենուհին, որը բռնագաղթի ժամանակ 5 տարեկան էր, շատ գեղեցիկ է եղել, շիկահեր և կապուտաչյա: Ծնողները նրա երեսին պարբերաբար ցեխ են քսել, որ թուրք ակյարները չբռնանան երեխային:

 

Բռնագաղթի ժամանակ, բնակաբար, ամբողջ գույքը թողել են տանը: Միայն որոշ ասեղնագործական նմուշներ են իրենց հետ վերցրել և որոշ ոսկե մետաղադրամներ: Գաղթի ամբողջ ճանապարհին թե թուրքերը, թե քրդերը, թե արաբները, հավանաբար նաև ավազակներ, սուրերով սպառնացել են նրանց, որ եթե ոսկե դրամ չտան, նրանց կգլխատեն: Բռնագաղթի ժամանակ իսկական փորձություն է եղել Եփրատ գետի անցումը, երբ նավակը վնասվել է և ջուր սկսվել է լցվել ներս, մի կերպ է հաջողվել ափ հասնել:

 

Բռնագաղթի ժամանակ Սրբուհին մի որոշ ժամանակ կորցրել է ամուսնուն՝ Հրաչյային, ապա նրան գտել է Խան  կոչվող վայրում: Ի դեպ, ասեղնագործ հրաշք սփռոցները նրանք վաճառել են գաղթից հետո ՝ սնունդ  հայթայթելու համար:

 

Սիրիայից ի վերջո 1920-ին հունական նավերով հեռացել են դեպի Հունաստան, իսկ 1925-ին Սրբուհին իր 3 երեխայի հետ ներգաղթել է Խորհրդային Հայաստան»: