Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն շարունակում են համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումները մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած երեք սպանությունների մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանին (Ծգլ), Սարգիս Հախանումյանին (Տլե) և Վահան Հակոբյանին (Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ:
Yerkir.am-ի տեղեկություններով` ոստիկանությունը վերոհիշյալ անձանց լուսանկարներով 1000-ից ավելի հետախուզման թերթիկներ է բաժանել քաղաքացիներին, մասնավորապես` տաքսու վարորդներին, պատահական անցորդների և այլն: Գաստիկի և ընկերների լուսանկարները փակցված են նաև կանգառներում, ինչպես նաեւ հանրային մի շարք վայրերում:
Երեկ էլ ոստիկանությունն ապօրինի զենք կրելու, պահելու կասկածանքով ձերբակալել է Գաստիկի մտերիմ ընկերոջը՝ Հարություն Խաչիկյանին (մականունը` Գաբո):
Միևնույն ժամանակ, երեկ լուրեր տարածվեցին, որ Ավան-Առինջում տասնյակից ավելի խուզարկություններ են կատարվել և նույնքան անձինք բերման են ենթարկվել: Ըստ նույն աղբյուրի՝ հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Ավանում հեղինակություն ունեցող Երեմյան եղբայրները:
Yerkir.am-ի տեղեկություներով` երեկ ձերբակալվել է քրեական աշխարհի հետ կապ ունեցող առնվազն 5 անձ, ովքեր, ըստ որոշ տեղեկությունների, «հեղինակություներ են»: Մինչ այս գործընթացը ոմանք դիտարկում են հնչեղ սպանության բացահայտման տեսանկյունից և սևեռվում Գաստիկի ու Երրորդմասցի Լյովիկի միջեւ կոնֆլիկտի վրա, մեր աղբյուրներն այլ բան են հուշում. սպանությունն ու դրան հաջորդած իրադարձությունները վկայում են, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իբր լծվել են երկիրը քրեական տարրերից մաքրելու գործընթացին: Այս մասին է խոսում նաև վերջին օրերին հայտնաբերված և առգրավված` մեծ քանակությամբ զենք-զինամթերքը:
Yerkir.am-ի տեղեկություններով` այս օրերին առգրավվել է առնվազն 10 միավոր զենք: Ձերբակալելով թաղային և քրեական հեղինակությունների` իրավապահները մեսիջներ են հղում մյուսներին, որ նրանց «անձեռնմխելիությունն» էլ է վտանգված, և որ հաջորդը կարող է լինել նրանցից յուրաքանչյուրը: Սակայն սա չի նշանակում, որ իրավապահները պատրաստվում են ամբողջությամբ մաքրել երկիրը քրեականներից: Իհարկե` ոչ, մանավանդ, որ այսօր գողական-պաշտոնյա-իրավապահ կապն այնքան բացահայտ է դարձել, որ մեծ ցանկության դեպքում անգամ մարդիկ դրան չեն հավատա: Պարզապես բանն այն է, որ հանցագործությունների թվի աճն ու դրանցում քրեական տարրերի մասնակցությունը բացահայտ քրեածին իրավիճակ են ստեղծել երկրում: Այդ իրավիճակը մեղմելու և այն մասամբ վերահսկելի դարձնելու նպատակով էլ, բարձր ղեկավարության համաձայնությամբ, իրավապահներն անցել են «գարնանային որսի»:
Yerkir.am-ի տեղեկություններով ` այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է անցկացրել և հանձնարարություն տվել` նոր թափով շարունակել օպերատիվ միջոցառումները: Մեր տեղեկություններով` իրավապահները «հեղինակությունների» ցուցակ են կազմել, և առաջիկայում նոր ձերբակալություններ են սպասվում: Առաջիկա օրերին Երեւանի այլ վարչական շրջաններում սպասվում է այն նույն օպերացիան, ինչ երեկ եղել է Ավանում:
Ինչևէ, առաջ չընկնենք և սպասենք իրադարձություների զարգացմանը: