կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-13 13:43
Քաղաքական

Հանդիպումների ժամանակ քաղաքական որևէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի հաստատման վերաբերյալ. Սերժ Սարգսյան

Հանդիպումների ժամանակ քաղաքական որևէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի հաստատման վերաբերյալ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը:

 

«Վստահ եմ՝ տեղյակ եք, որ ինձ ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ որոշում կայացնելու համար ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարների մեծ մասի հետ: Ինքս ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել եմ հայեցակարգի նախագիծը և դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը:

 

Ես շարունակում եմ մնալ այն կայուն կարծիքին, որ մեր երկրի համար սահմանադրական բարեփոխումներն իսկապես կարևոր են և, որ դրանք կարող են իրականացվել միայն լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում: Անշուշտ, հայեցակարգն առաջադիմական փաստաթուղթ է, որի իրացումն իսկապես կարող է նոր հնարավորություններ ապահովել Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման համար:

 

Ուստի, պետք է նշեմ, որ այս առումով ձեր կողմից կատարվել է դրվատանքի արժանի լուրջ և հսկայածավալ աշխատանք, ինչի համար շնորհակալ եմ: Իհարկե, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ են:

 

Ավելին՝ նույն Վենետիկի հանձնաժողովը ևս գտնում է, որ կառավարման խորհրդարանական համակարգը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում: Միևնույն ժամանակ քաղաքական ուժերի հետ անցկացված կոնսուլտացիաները ցույց են տալիս, որ այս հարցում չկան և օբյեկտիվորեն չեն էլ կարող լինել միանշանակ համընկնող մոտեցումներ. կան կառավարման խորհրդարանական համակարգին թե՛ կողմ, և թե՛ դեմ արտահայտվողներ, կան նաև ուժեր, որոնք վերջնական կողմնորոշում ունենալու համար կարևորում են իրենց մասնակցությունն այս գործընթացին, և այսպիսի ուժերը շատ ավելի մեծաթիվ են:

 

Այդուհանդերձ, պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ կառավարման գործող համակարգի օգտին նախկինում իմ արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել: Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ:

 

Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում: Պատահական չէ, որ հայեցակարգում դուք ևս մտահոգություն եք հայտնել խորհրդարանական կառավարման համակարգի կայունության վերաբերյալ և առաջարկել այդ խնդրի լուծման նախնական մոտեցումներ:

 

Բնականաբար, հաշվի առնելով հայեցակարգի օբյեկտիվորեն ակնկալվող ընդհանրության աստիճանը, այդ լուծումները չէին կարող խիստ մանրակրկիտ և լիարժեք լինել: Այս ամենով հանդերձ, ես քաղաքական հավանություն կտամ հայեցակարգին, որովհետև համոզված եմ, որ պարտավոր ենք օգտագործել մեր պետության համար դրական զարգացում ապահովող ցանկացած հնարավորություն: Առավել ևս, որ իմ հանդիպումների ժամանակ քաղաքական որևէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի հաստատման վերաբերյալ:

 

Միաժամանակ խնդրում եմ ձեզ նախագծել սահմանադրական այնպիսի կարգավորումներ, որոնք աներկբա կերաշխավորեն կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի ներդաշնակ համատեղումը պետության անվտանգության և կայունության հետ: Սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստելիս անհրաժեշտ եմ համարում նաև մշակել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ մասնագիտական քննարկումներն ապահովող արդյունավետ ձևաչափ: Երեկ բոլորը դրա մասին շատ հանգամանալից և հիմնավորված խոսում էին:

 

Ինձ համար կարևոր է, որպեսզի նախագծի մշակման բոլոր փուլերում՝ բաժին առ բաժին, գլուխ առ գլուխ հետադարձ կապի սկզբունքով քննարկումներ լինեն քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հետ: Այստեղ ես կարևորում եմ նաև, որպեսզի այն քաղաքական ուժերի հետ քննարկումների ժամանակ, որոնք կողմ են ներկա, գործող կառավարման համակարգը կատարելագործել, քննարկումներ անցկացնել նաև այս ուղղությամբ. արդյունքում հնարավոր է ունենալ, թե՛ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու, թե՛ գործող կառավարման համակարգի կատարելագործված ձևը:

 

Շատ հնարավոր է, որ դրանով բոլորը համոզվեն նոր ձևի արդյունավետության և ճիշտ լինելու մեջ: Այսքանը: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շնորհավորում եմ այս կապակցությամբ: Սկսվում է աշխատանքի նոր, ավելի բարդ ու ծավալուն, միևնույն ժամանակ՝ պատասխանատու փուլ: Վստահ եմ, որ մենք ամիսներ անց ունենալու ենք հստակ մոտեցումներով ու լուծումներով փաստաթուղթ: Շնորհակալություն»: