Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ԱԺ-ում մի քանի հարց ուղղեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին: Պատգամավորի խոսքով` հասարակական հարցումները ցույց են տվել, որ 2017-ին քաղաքական մեծամասնությունը ստեղծվել է ընտրակաշառքով ձևավորված կամքի դրսևորմամբ:
«Ես կուզեի իմանալ Ձեր գնահատականը դրա վերաբերյալ, ինչպե՞ս եք մտածում, ինչպե՞ս պետք է աջակցեք, որ ընտրությունները լինեն արդար ու ապահովեն ժողովրդի կամքը, և այսօրվա ընդվզման նման, ինչը հիմա տեղի է ունենում փողոցներում, տեղի չունենա»,- հարցրեց պատգամավորը:
Զեյնալյանը հետաքրքրվեց նաև պետական ամառանոցը սեփականաշնորհելու մասին, ապա հարց ուղղեց Հայաստանում քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդումների, դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս նրա միջամտության վերաբերյալ:
«Արդյո՞ք նախագահ եղած ժամանակ ազդեցություն ունեցել եք քրեական գործերով կալանքների որոշումների վրա, թե՞ ոչ, քանի որ 95 տոկոս դեպքերում գործը շահում են քննիչներն ու դատախազները, և այդ դեպքերով ՄԻԵԴ-ում Հայաստանը պարտություն է կրում»,- նշեց նա:
Զեյնալյանի հարցին Սերժ Սարգսյանը պատասխանեց հարցով. «Ի՞նչ եք կարծում, պարո'ն Զեյնալյան, այս կարճ ժամանակում ի վիճակի՞ եմ պատասխանել ձեր հնչեցրած առնվազն 6 հարցին»: Սակայն համաձայնեց հարցերից յուրաքանչյուրին պատասխանել կարճ:
«Ես համամիտ չեմ այն պնդումներին, որ ընտրությունները տեղի են ունեցել ընտրաձայներ համատարած գնելու միջոցով, որովհետև միջազգային կառույցների զեկույցները միանշանակ էին, որ ընտրությունների արդյունքները Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտությունն էին: Եթե համատարած կաշառք բաժանվեր, կարծում եմ, որ ժամանակակից պայմաններում, երբ ամեն գործիք հիմա նկարում է, մեր քաղաքացիական հասարակության կամ ընդդիմության ներկայացուցիչները բազմաթիվ տեսանյութերով հեղեղած կլինեին համացանցը»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանը չբացառեց, որ հնարավոր է բարեգործության անվան տակ նման դեպքեր եղած լինեն: «Ես շատ լավ հիշում եմ, որ բոլոր նախորդ ընտրություններում ընդդիմությունը հաղթողներին մեղադրում էր կեղծ քվեարկությունների, լցոնումների մեջ, սակայն մենք գտանք տեխնիկական հնարավորություններ, միջոցներ, որ այդ առասպելը հօդս ցնդի»,- ասաց նա:
Նախկին նախագահը հայտարարեց, որ քաղաքական հայացքների համար Հայաստանում որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Ավելին, ըստ նրա, շատ պարագաներում, երբ անձինք քրեական հանցագործություն են կատարել, մեր դատարանների կողմից շատ ավելի մեղմ վերաբերմունքի են արժանացել:
Խոսելով իրեն առանձնատուն հատկացնելու մասին` Սերժ Սարգսյանն ասաց. «Կարծում եմ `այս շենքում է այդ որոշումն ընդունվել, և այդ օրենքից օգտվել են նախորդ երկու նախագահները: Եթե օրենքով ինձ չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել, իսկ եթե օրենքով հասնում է, կարծում եմ` Դուք պետք է շնորհավորեք, որովհետև բոլոր դեպքերում ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»: