կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-12 21:51
Մշակույթ

«Եվրատեսիլ 2015-ի» հայաստանյան երգի տեսահոլովակն արդեն պատրաստ է

«Եվրատեսիլ 2015-ի» հայաստանյան երգի տեսահոլովակն արդեն պատրաստ է

Տեղեկացրել էինք, որ Genealogy խմբի ամբողջական կազմը հայտնի է: Խմբի վեցերորդ մասնակիցը սիրված եւ ճանաչված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանն է: Մյուս մասնակիցների անուններն արդեն հայտնի էին` Եսայի Ալթունյան, Թամար Կապրելյան, Վահե Թիլբյան, Ստեֆանի Թոփալյան եւ Մերի-Ջին Օ'Դոհերթի-Վասմաթզյան:

 

Մրցույթին այս տարի Հայաստանը կներկայանա «Don’t deny» երգով, որը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:

 

Genealogy խմբի առաջին տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը: Նոր սերունդը մշտապես փոխարինում է ավագ սերնդին՝ շարունակելով կրել ավանդույթներն ու արժեքները: Տեսահոլովակում, որպես կապող օղակ, ստեղծագործական խումբն օգտագործել է հայկական մանրանկարչության զարդանախշի ասեղնագործության ընթացքը: Խաղաղության, ազատության ու բարի լուրի խորհրդանիշ թռչունը բերանում պահում է ծառի ճյուղ, ինչն էլ զուգակցվում է գերդաստանում` աշխարհում, խաղաղության ու ավետիսի տարածման, ազգերի միասնության ու պահպանման գաղափարի հետ:

 

Տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանի խոսքով՝ ստեղծագործական խմբին հատկապես ոգեշնչել է խմբի անունն ու տարբերանշանը` կենաց ծառը, որը միստիկ, խորհրդավոր ու տարածված տարբերակով փորձել են ստանալ տաղավարի տեսքով. «Ինչպես խմբի 6 հայ մասնակիցներն են աշխարհով մեկ սփռվել, այնպես էլ ծառի ճյուղերն են պատեր դարձել ժամանակի ու սերունդների միջեւ: Սակայն ո՛չ տարածությունը, ո՛չ դժվարությունները չեն կարող խոչընդոտ դառնալ, երբ մարդիկ ցանկանում են լինել միասին»:

 

Տեսահոլովակի ոճաբան Արմեն Գալյանը փորձել է զուգակցել եվրոպական եւ հայկական նորաձեւության մոտեցումները՝ տալով ժամանակակից լուծումներ. «Երբ ասում ես genealogy, անմիջապես մտքիդ գալիս են ռետրո լուսանկարներ, կենաց ծառ: Տեսահոլովակի համար ստեղծվել են եւ օգտագործվել այսօր նորաձեւ համարվող պարզ ձեւվածքով, ավելի մեծ չափսի, ընդգծված ուսերով, փոքր-ինչ գոթական, նաեւ հայկական ավանդական հագուստներ, որոնք ամբողջական են դարձել հայկական արծաթագործության նմուշներով: Ինչպես նաեւ օգտագործվել են մեր մասնակիցների տատիկների, պապիկների հին լուսանկարներով ու հայկական ճարտարապետության նախշերով կրծքանշաններ, որոնք այսօր նույնպես շատ արդիական են»:

 

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով՝ բացի խմբի անդամներից, տեսահոլովակում աշխարհը խորհրդանշող գերդաստանի անդամների դերում նկարահանվել են նաեւ հայտնի դերասաններ, արվեստագետներ:

 

«2 երկարուձիգ, բայց արագընթաց օր տեւեց այս ամենը նկարահանելը, քանի որ մեր երգիչները կարճ ժամանակով էին Հայաստանում, իսկ անելիքը շատ էր: Հայաստանում տեսահոլովակների արտադրության պրոֆեսիոնալ թիմերից մեկի հետ ենք համագործակցել եւ արդյունքը շատ գեղեցիկ է ստացվել: Կարծում ենք, որ այս ոճի տեսահոլովակը նորություն կլինի Եվրատեսիլի շրջանակներում»,- ասում է Գասպարյանը:

 

Հիշեցնենք, որ «Don’t deny» երգի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը:

 

Մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն: