կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-19 14:40
Մշակույթ

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան` հոկտեմբերի 6-ին

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան`  հոկտեմբերի 6-ին

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգը պատրաստ է. մրցութային երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 6-ին: Հայաստանի ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) այս տարի կներկայացնի ռոքնռոլ ժանրի երգ, որը թարմություն է եւ նորություն մրցույթի հայաստանյան մասնակցության պատմության մեջ:

Երգն առանձնանում է իր դրական լիցքերով, որտեղ շատ սեր կա ու կյանք, ինչպես նաեւ հիշեցում ժպիտի աներեւակայելի ուժի եւ կարեւորության մասին: Միկան երգի միջոցով բարություն ու սեր է տարածելու մարդկանց մեջ՝ հաղորդելով նրանց բարձր պարային տրամադրություն: Երգը կկրի «LOVE/Լավ» խորագիրը:

Երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան, երաժշտության եւ խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը: Մրցույթի այս տարվա հայաստանյան պատվիրակ Միկան անհամբերությամբ սպասում է, թե երբ հնարավորություն կունենա երգը ներկայացնելու մարդկանց եւ լսելու նրանց կարծիքները:

«Ես չափազանց գոհ եմ ստացված արդյունքից, քանի որ այն իսկն ինձ համար է: Զգացողություններս այնքան շատ են, քանի որ երգը ռիթմիկ է, ինչպես ես ցանկանում էի, ինչպես նաեւ լիքն է էմոցիաներով՝ իմ էմոցիաներով»,- նշում է Միկան՝ հավելելով, որ ամենամեծ ձեռքբերումն այն կլինի, երբ այն մարդիկ, ովքեր կլսեն երգը, ստանան նույն զգացողությունները, ինչ ինքը:

Լիլիթ Նավասարդյանի խոսքով՝ երգի ստեղծման հարցում իրեն տրամադրել է Միկան՝ իր վառ կերպարով, շարժվելու ձեւով եւ հենց իրենից է եկել ռոքնռոլի գաղափարը: «Երգը հենց Միկային համապատասխան է, կարծես իր մասին լինի: Երբ առաջին անգամ կատարեց երգը, շատ ուրախացա, նա բոլորովին նոր կոնտեքստում բացվեց իմ առջեւ»,- ասաց Լիլիթը՝ հավելելով, որ Միկայի, իր եւ Ավետի խմբակային աշխատանքը գոհացուցիչ է ստացվել:

Խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը խոստովանում է, որ այս անգամ երաժշտության հնչողությանն ու կառուցվածքին համարժեք տեքստ գրելը բավական դժվարությամբ է ստացվել.«Երգն այս անգամ հետաքրքիր մարտահրավեր էր ինձ համար, լավ տրամադրության եւ հետաքրքիր էներգետիկ վիճակների համախմբում: Վստահ եմ, որ երգում երեւալու է Միկայի շնորհալիության ողջ գամման՝ ե՛ւ ձայնային, ե՛ւ պարային: Այն ստեղծված է Love/լավ երկակի բառախաղի հիման վրա»:

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 15–ն են՝ Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Ուկրաինա: Երգի տոնն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: