կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-10 13:00
Հասարակություն

Սրտաբանական կլինիկաները գերծանրաբեռնված են, աշխատում են շուրջօրյա գրաֆիկով

Սրտաբանական կլինիկաները գերծանրաբեռնված են, աշխատում են շուրջօրյա գրաֆիկով

Գարնանը տեղի է ունենում հիվանդությունների սրացում: Սիրտ-անոթային հիվանդությունները նույնպես այս շրջանում գլուխ են բարձրացնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սրտաբան Միքայել Ադամյանը հայտնեց, որ սրտաբանական կլինիկաները գերծանրաբեռնված են հիմա, և զբաղվածությունն այնքան շատ է, որ դրանցից շատերը փորձում են աշխատել 24 ժամ:

 

«Վերջին շրջանում ստացիոնար հիվանդներ ընդունելու համար տեղ չի մնացել: Այն, որ հիվանդանոցները լեփ-լեցուն են, գալիս է նաև այն փաստից, որ մարդիկ սկսել են ուղղակի պրոֆիլակտիկ ստուգման էլ գնալ, ինչին նպաստել են պետության կողմից բնակիչների առողջության ապահովագրությունը»,- ասաց սրտաբանը:

 

Ըստ նրա` սիրտ-անոթային հիվանդությունները տարեցտարի երիտասարդանում են. 29-30 տարեկանների մոտ արդեն արձանագրվում են սրտամկանի սուր ինֆարկտի դեպքեր: Այս ամենը գալիս է նրանից, որ, Ադամյանի կարծիքով, մարդիկ ծուլացել են, քիչ են շարժվում, ուտում են մեկ անգամ, բայց շատ, խուսափում են ֆիզիկական աշխատանքից:

 

«Անտանելին այն է, որ մեզ մոտ վերջին շրջանում սկսել են ծխախոտ օգտագործել նաև կանայք, ինչը նույնպես ազդում է սիրտ-անոթային հիվանդությունների սրացման վրա»,- ասաց սրտաբանը` խորհուրդ տալով շատ շարժվել, ուտել դյուրամարս սնունդ` 3-4 անգամ և փոքր չափաբաժիններով, օգտագործել մրգեր: