կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-03 17:30
Քաղաքական

Օրենքի փոփոխությունը նսեմացնում է նախագահի ինստիտուտը. Արծվիկ Մինասյան

Օրենքի փոփոխությունը նսեմացնում է նախագահի ինստիտուտը. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ՀՀ պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի, սպասարկման և անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցը:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ցանկանում է անդրադառնալ նախագահի ինստիտուտի արժևորման խնդիրներին: Ըստ նրա` առաջին հայացքից թվում է, թե լավ փոփոխություն է, բայց դա այդպես չէ: Հիմնավորելով իր ասածը` Արծվիկ Մինասյանը նշեց, որ կենսաթոշակն անձի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: «Այս փոփոխությամբ ասում ենք, որ դուք այլևս թոշակառու եք, ուզեք, թե չուզեք: Ես դեմ եմ այդ մոտեցմանը, թող ինքը կենսաթոշակի իր իրավունքն իրացնի: Մինչ այս օրենքի փոփոխությունը գործում էր հենց այդ կարգը, երբ թոշակ նշանակվում էր անձի կամաարտահայտության ժամանակ`  դիմում գրելու դեպքում: Իսկ սրանով նախագահի ինստիտուտը նսեմացվում է»,- ասաց պատգամավորը:

 

Նրա խոսքով՝ օրենքի փոփոխության երկրորդ վատ դրսևորումն այն է, որ կենսաթոշակը չի վճարվում, եթե պաշտոնաթող նախագահն այլ տեղ աշխատում է: Ըստ պատգամավորի` դրանով ռումբ է դրվում այդ օրենքում` հիմք տալով տարբեք քաղաքական շահարկումների` արդյո՞ք այս նախագահն այսինչ տեղում պաշտոն չի զբաղեցնում կամ այսինչ ընկերությունում խորհրդի անդամ չէ և այլն: «Եթե դիտարկում ենք այն որպես կենսաթոշակ, ուրեմն միասնական համակարգը պետք է գործի` դասական սահմանմամբ, եթե` ոչ, ուրեմն կենսաթոշակ անվանումը պետք է փոխվի, պատվովճար կամ այլ բան դրվի անունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը: