կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-04 19:12
Քաղաքական

Ես արժեւորում եմ նախագահի ինստիտուտը. Արծվիկ Մինասյան

Ես արժեւորում եմ նախագահի ինստիտուտը. Արծվիկ Մինասյան

ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթում քննադատեց պաշտոնաթող նախագահներին կենսաթոշակ նշանակելու` առաջարկված մոտեցումը, ինչպես նաև հարց ուղղեց հիմնական զեկուցողին այն մասին թե դիտարկվե՞լ է, արդյոք, պաշտոնաթող նախագահներին նույն տարածքում բնակարան հատկացնելու հնարավորությունը, «որպեսզի իրար հետ շախմատ խաղան, հանդիպեն, զրուցեն, սուրճ խմեն, գուցե ագրեսիան նվազի»:

 

Yerkir.am-ը Մինասյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք այդ ձեւակերպումը կոպիտ չէր: Արծվիկ Մինասյանին խնդրել ենք նաեւ մեկնաբանել, թե ինչո՞ւ ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց օրենքին:

 

Արծվիկ Մինասյանի խոսքն առանց խմբագրման՝ ստորեւ:

 

Կառավարությունը ԱԺ արտահերթ նիստում քննարկման էր ներկայացրել նշված օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր, որ պաշտոնաթող նախագահներին պետության կողմից հատկացվող գրասենյակը և ավտոմեքենան նրանց հատկացվի ցկյանս, քանի որ մինչ այս փոփոխությունը գործող օրենքով դրանց օգտագործման ժամկետը սահմանված էր մինչև պաշտոնաթող Նախագահի 70 տարին լրանալը: Քանի որ առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 70 ամյակը լրացել է այս տարի, հետևաբար, մեզ համար այս փոփոխությունը ընդունելի է, և համարում ենք տրամաբանական:

 

Մյուս փոփոխությունով կառավարությունը առաջարկում էր պաշտոնաթող Նախագահների թոշակի նշանակման և հաշվարկման պայմանները վերանայել, որի համաձայն` եթե Նախագահը չի թողել պաշտոնը իմփիչմենթի միջոցով, ապա Նախագահի պաշտոնաթողության պահից նրան նշանակվում է Նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով հատուկ կենսաթոշակ, իսկ եթե երբևէ պարզվի, որ պաշտոնաթող Նախագահը զբաղվում է ընտրովի կամ նշանակովի որևէ աշխատանքով, ապա նրա կենսաթոշակը պետք է վերանայվի՝ կենսաթոշակը նվազեցնելով աշխատավարձի չափով: Այս առաջարկը ընդունելի չենք համարել այն պարզ հիմնավորմամբ, որ կենսաթոշակը և կենսաթոշակառուի կարգավիճակը անձի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը:

 

Առանց պաշտոնաթող Նախագահի կամքը հարցնելու` օրենքի ուժով նրան հատուկ թոշակառուի կարգավիճակ տալը համարում ենք սխալ, անհարիր Նախագահի՝ երկրի գլխի թե' կարգավիճակին և թե' նաև պետականության այս ինստիտուտին: Հարցն ավելի է սրվում, երբ, փոփոխության համաձայն, եթե պարզվի, որ պաշտոնաթող Նախագահը կատարում է որևէ վճարովի աշխատանք, ապա նորից, առանց նրան հարցնելու, կենսաթոշակը նվազեցվում է: Մեր կարծիքով` սա ճիշտ լուծում չէ, այն կարող է անգամ գնահատվել որպես Նախագահի ինստիտուտի նսեմացման փորձ: Նախ` պաշտոնաթող Նախագահի կամքը պետք է լինի նրան վերապահված շնորհներից օգտվելու հարցում: Այդ թվում` պաշտոնաթող Նախագահը ինքը պետք է որոշի` համարվել հատուկ կենսաթոշակառու, ստանալ հատուկ կենսաթոշակ, թե` ոչ: Ի դեպ, մինչև այս փոփոխությունները հենց այս մոտեցումն էր ընկած գործող օրենքի հիմքում՝ պաշտոնաթող Նախագահը ինքն էր որոշում` երբ օգտվել իր կենսաթոշակային իրավունքից և պետական որ թոշակը ստանալ՝ հատուկը, թե` աշխատանքայինը:

 

Մեր կարծիքով` սա նաև արդար մոտեցում էր ՀՀ քաղաքացիների նույնանման իրավունքների տեսանկյունից, ինչպես նաև պաշտոնաթող Նախագահների կենսաթոշակային իրավունքների իրացման հարցում զերծ կպահեր ավելորդ քաղաքական շահարկումներից և Նախագահի ինստիտուտի` որպես պետականության կարևորագույն հաստատության, անհարկի թիրախավորումից: Իսկ եթե այս վճարը կապում ենք Նախագահի պաշտոնի հետ, ապա առավել ճիշտ կլիներ այն անվանել պատվովճար՝ առանց՝ աշխատավարձ ստանալու որևէ պայմանի: Ահա այս երկու փոփոխությունների համադրման հիման վրա է եղել մեր ձեռնպահ քվեարկության որոշումը:

 

Ինչ վերաբերում է իմ կողմից հնչեցված հարցին, ապա այն կեսկատակ բնույթ ուներ` որևէ ձևով նպատակ չունենալով վիրավորել որևէ մեկին, առավել ևս` Նախագահի ինստիտուտը և մեր երկրի որևէ Նախագահի: Եթե այդպիսի որևէ ընկալում է եղել` ես ներողություն եմ հայցում: Ես ոչ միայն արժևորում եմ Նախագահի ինստիտուտը` որպես երկրի սիմվոլ, այլ նաև գտնում եմ, որ Հանրապետության Նախագահի (պաշտոնաթող կամ գործող) յուրաքանչյուր խոսք և պահվածք հասարակության մեջ ստեղծում են էական տրամադրություններ:

 

Հատկապես ներկայումս այն շատ կարևոր է: Գաղտնիք չէ, որ հանրության շրջանում մեծացել է ագրեսիվությունը, ինչը ոչ միայն չի նպաստում երկրում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը, այլ նաև փոխանցվում է հասարակական-պետական բազմաթիվ ինստիտուտների՝ առավել հեռացնելով մեզ մեր նպատակներից՝ ստեղծել առավել կենսունակ ու ժամանակակից, զարգացող պետություն: Հետևաբար, իմ ցանկությունն է, գուցե` մի քիչ երազկոտ, որ այդ խոսքն ու պահվածքը միտված լինեն հասարակությունում միասնականության և հանդուրժողականության միջավայրի ձևավորմանը: Հավատացեք` երբ, օրինակ, առաջին Նախագահը արտահայտություններ է հնչեցնում ու որակումներ է տալիս երկրի այլ Նախագահների հասցեին, որոնք հասարակությունում կարող են ընկալվել որպես վիրավորանք, իսկ այդ դեպքում այդպիսի խոսքն ու պահվածքը չի կարող նպաստել երկրի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը: