Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2014 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանին վերադարձվեց դեռևս 2010-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ Ադրբեջանում ապաստան ստացած Եղիշե Գևորգյանը` կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ:
Եղիշեն և նրա կինը` Ռուզաննան, պատմելով հարևան երկրում կրած զրկանքների մասին, հայտնել էին, որ Ադրբեջանում նրանց առաջարկվել է տեղափոխվել երրորդ երկիր՝ պայմանով, որ ընտանիքը մասնատվի, սակայն իրենք հայտարարել են, որ ցանկանում են վերադառնալ Հայաստան:
Վերադարձի օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է լինելու Հայաստան վերադարձած 5 հոգանոց հայ ընտանիքի հետ, ասել էր. «Նրանք դավաճան են, թե` ոչ, կորոշի դատարանը»: Սակայն մինչ այժմ հայտնի չէ` ազգային դավաճանության հատկանիշներով նրանց վերաբերյալ քրեական գործ կա՞ հարուցված, թե՞ ոչ, հայտնի չէ նաև, թե որտեղ և ինչ պայմաններում են այժմ բնակվում Գևորգյանները:
Yerkir.am-ի տեղեկություններով` Գևորգյանների խնդրով այժմ զբաղվում է ԱԱԾ-ն, որը, ինչպես պարզվեց, հույժ գաղտնի է պահում այս ընտանիքին առնչվող ցանկացած տեղեկատվություն: Նշենք, որ դեռևս հունվարի 22-ին yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, մասնավորապես հետաքրքրվել էինք`
1. Հայաստանում ներկայումս ի՞նչ կարգավիճակ ունի այս ընտանիքը և որտե՞ղ է բնակվում:
2. ԱԱԾ-ն ուսումնասիրել և քննության առարկա դարձրե՞լ է Գևորգյանների` 2010-ին ապօրինի կերպով սահմանը խախտելու հանգամանքը, և այս հոդվածի հատկանիշներով նրանց նկատմամբ քրեական գործ հարուցվե՞լ է:
3. ԱԱԾ-ն հարցաքննե՞լ է ընտանիքի անդամներին, մասնավորապես` Եղիշեին և կնոջը:
4. Ընտանիքի հայրը` Եղիշե Գևորգյանը, մինչ սահմանը հատելն ու Ադրբեջանում հաստատվելը Հայաստանում իր նկատմամբ հարուցված քրեական գործ ունեցե՞լ է կամ որևէ գործով անցե՞լ է: Եթե` այո, ո՞ր հոդվածի կամ հոդվածների հատկանիշներով, և այժմ այդ գործը(երը) վերաբացվե՞լ է, թե՞ ոչ:
Սակայն ԱԱԾ համապատասխան վարչությունը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները, այդպես էլ մեզ գրավոր պատասխան չուղարկեց: Նախ` նշենք, որ ԱԱԾ մամուլի կենտրոնը, սույն օրենքի 9-րդ հոդվածի կարգով, ոչ միայն մեր հարցմանը չէր պատասխանել 5-օրյա ժամկետում, այլև գրավոր չէր տեղեկացրել, որ հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` այն կտրամադրվի մեզ 30-օրյա ժամկետում: Փոխարենը ԱԱԾ մամուլի կենտրոնի աշխատակիցը, մեր լրագրողի բանավոր հարցին ի պատասխան, հայտնել էր, որ հարցմանը պատասխանելու համար ժամանակ է հարկավոր, ավելին` հասկացրել էր, որ եթե ցանկանում ենք մեզ հուզող հարցերի պատասխանը ստանալ, ավելի լավ է` սպասենք: ԱԱԾ աշխատակիցն ասել էր բառացիորեն հետևյալը. «Իսկ եթե ասենք, որ ձեր հարցումը դժվար ա պատասխանել, չենք պատասխանի, Ձեզ համար լավ կլինի՞»:
ԱԱԾ-ն, չարաշահելով yerkir.am-ի խմբագրակազմի մեծահոգությունն ու համբերությունը, մեր դիմումից 35 օր անց, ի վերջո, բանավոր պատասխան տվեց, սակայն մեր հղած հարցերից ընդամենը մեկի վերաբերյալ: «Կա հարուցված քրեական գործ, նախաքննական գաղտնիությունից ելնելով `ոչինչ չենք կարող ասել»,- yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց աշխատակիցը` հրաժարվելով պատասխանը ձևակերպել և ուղարկել գրավոր:
Նշենք, որ խոսքը Գևորգյանների ընտանիքի կողմից 2010-ին սահմանն ապօրինի կերպով հատելու փաստով հարուցված քրեական գործի մասին է: Փաստորեն, ԱԱԾ-ին մեկ ամսից ավելի ժամանակ էր հարկավոր` հասկանալու, որ սահմանը հատելու վերաբերյալ հիշյալ գործը նախաքննական գաղտնիք է պարունակում:
Ինչևէ, խնդիրն այնքան Գևորգյանների ընտանիքի` Ադրբեջանում հայտնվելու և կասկածելի հանգամանքներում Հայաստան վերադառնալու կամ նրանց ներկայիս կարգավիճակի մասին տեղեկատվություն չստանալը չէ: Նրանց վերաբերյալ տեղեկատվություն yerkir.am-ն, այնուամենայնիվ, կհայտնի իր ընթերցողին: Այս դեպքում խնդիրը պետական գերատեսչության անպատասխանատու գործելաոճն է, որին նախկինում ևս անդրադառնալու առիթ ունեցել ենք:
Հ.Գ. yerkir.am-ը շարունակելու է հետևել այս գործի հետագա զարգացումներին և դրա վերաբերյալ տեղեկացնել իր ընթերցողին: