կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-31 17:45
Քաղաքական

ԱԱԾ պետի տեղակալին ԱԺ-ում դիտողություն արեցին՝ բյուջետային «հույժ գաղտնի» տեղեկատվությունը թաքցնելու համար

ԱԱԾ պետի տեղակալին ԱԺ-ում դիտողություն արեցին՝ բյուջետային «հույժ գաղտնի» տեղեկատվությունը թաքցնելու համար

Այսօր ԱԺ-ում 2017թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը դիտողություն արեց ԱԱԾ պետի տեղակալին: Նախ` խնդրեց ԱԱԾ պետի տեղակալին, որ ֆինանսական ցուցանիշներ չներկայացնի, որովհետև այդ ցուցանիշներն արդեն ներկայացվել են ֆինանսների նախարարի տեղակալի կողմից, այլ ներկայացնի ծրագրային դրույթներ:

ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը չկարողացավ ծրագրային դրույթներ ներկայացնել:

Կորյուն Նահապետյանը հարցեր ուղղեց նրան: «Նկատում ենք, որ ԱԱԾ բյուջեում փոփոխություններ չեն լինում վերջին երեք տարիների ընթացքում, արդյո՞ք չկան նոր մարտահրավերներ, որոնք պետք է արտացոլվեն ԱԱԾ բյուջեում: Եթե գտնում եք, որ դա փակ տեղեկատվություն է, պետք է փակ ծրարով ներկայացնեք ԱԺ, որ մենք քննարկենք»,- ասաց պատգամավորը:

ԱԱԾ պետի տեղակալը նշեց, որ դա փակ, հույժ գաղտնի տեղեկատվություն է:

Կորյուն Նահապետյանը հավելեց, որ ԱԱԾ-ն փակ ծրար չի ներկայացրել ԱԺ:

Արամ Հակոբյանը նշեց, որ պատգամավորը կարող է գրավոր դիմել, և կպատասխանեն: «Մենք ի՞նչ է՝ պետք է հրապարակե՞նք մեր բյուջետային միջոցները, չի կարելի»,- ասաց ԱԱԾ պետի տեղակալը:

Կորյուն Նահապետյանն արձագանքեց. «Այն, ինչ կապված է պետական բյուջեի հետ, չի կարող չներկայացվել ԱԺ քննարկմանը: Մենք պետք է ոչ թե գրավոր դիմենք, այլ ինքը` ԱԱԾ-ն, պետք է ԱԺ-ին տրամադրի տեղեկատվություն: Խնդրում եմ` նկատի ունեցեք ու հորդորս փոխանցեք մեր գործընկերներին»: