կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-06 16:38
Իրավական

Աջափնյակում կատարված սպանության գործը վերաքննիչ քրեական դատարանում է

Աջափնյակում կատարված սպանության գործը վերաքննիչ քրեական դատարանում է

2016թ. դեկտեմբերին Աջափնյակում 56-ամյա ոսկերիչի` Սամվել Արշակյանի սպանության գործով ամբաստանյալի պաշտպանն ու տուժողի իրավահաջորդը վերաքննիչ բողոք են ներկայացրել:

Հիշեցնենք, որ սպանություն կատարելու մեջ մեղադրվում էր Հյուսիսային ավտոկայանի տնօրենի տեղակալ, Աջափնյակի թաղապետարանի նախկին պաշտոնյա Արմեն Բաղդասարյանի որդին` Աշոտ Բաղդասարյանը: Նրան մեղադրանք էր առաջադրված ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ի մասի (Ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը) հատկանիշներով:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի 2018թ-ի մայիսի 23-ի դատավճռով գործով ամբաստանյալ Աշոտ Բաղդասարյանին առաջադրված սպանության մեղադրանքը վերաորակել էր և նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման` ապօրինի զենք կրելու և անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն կատարելու համար:

Սպանված Սամվել Արշակյանի դուստրը` Անի Արշակյանը վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի կայացված դատավճիռը և Աշոտ Բաղդասարյանին մեղավոր ՀՀ քր. օր. 104 հոդ. 1-ին մասով (սպանությունը) և նշանակել խիստ պատիժ կամ բեկանել և ուղարկել այլ կազմով նոր քննության:

Աշոտ Բաղդասարյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ պահանջում է մասնակիորեն բեկանել և փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ.մայիսի 23-ին կայացված դատավճիռը, Աշոտ Բաղդասարյանին ՀՀ քր. օր. 108 հոդվածով մեղավոր ճանաչելու մասով հռչակել անմեղ, նրան ճանաչել անպարտ և արդարացված , իսկ ՀՀ քր. օր. 235 հոդ. 1-ին մասով նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել դատավճիռը` նրա նկատմամբ նշանակելով առավել մեղմ` արդարացի պատիժ: Պաշտպանը միաժամանակ պահանջում է ՀՀ քր. օր. 108 հոդվածով չարդարացնելու դեպքում` Աշոտ Բաղդասարյանի նկատմամբ նշանակել առավել մեղմ` արդարացի պատիժ: