Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանի խոսքով` ինքը կարող էր ավելի լավ մասնակցել ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանից առաջադրված թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցույթում, ըստ ստացած միավորների, առաջին 3 տեղում տղամարդիկ էին, սակայն, քանի որ գործող կարգը պահանջում է, որպեսզի, թեկնածուներից գոնե մեկը կին լինի, հանձնաժողովը որոշել էր 3-րդ տեղը զբաղեցրած Վիգեն Քոչարյանի փոխարեն ցուցակում ընդգրկել ամենաբարձր միավոր ստացած` հակառակ սեռի ներկայացուցչին, տվյալ դեպքում` Նելիկ Հարությունյանին: Սակայն 2014թ. կայացած մրցույթի արդյունքները ԵԽԽՎ-ում ՄԻԵԴ դատավորի ընտրության փորձագետների խորհրդատվական խումբը չէր հաստատել` կարծիք հայտնելով, թե ընտրված 3 թեկնածուներից մեկի որակական չափանիշները չեն համապատասխանում ՄԻԵԴ դատավորի չափանիշներին: Այս հիմքով ՀՀ նախագահը չեղյալ էր հայտարարել կայացած մրցույթը: Արդյունքում` Հայաստանը ստիպված եղավ նոր մրցույթ կազմակերպել:
Լրագրողների դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ հնարավոր է նույն խնդիրը կրկին առաջանա, Հարությունյանը պատասխանեց. «Նույն գետը երկու անգամ չեն մտնում: Խնդիրն այն էր, որ ընտրվի այնպիսի մի անձ, ով կլինի, իրոք, ամենաարժանավորը»:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք Ձեր մասնակցությունն ավելի շատ ձևական բնույթ չի կրում` հաշվի առնելով նախորդ մրցույթի փորձը, թեկնածուն պատասխանեց. «Ես իմ նախորդ մասնակցությունը բարձր եմ գնահատում ոչ թե միավորների ձեռք բերման և ցուցակի մեջ հայտնվելու, այլ այն տեսանկյունից, որ ինքս շատ հակված եմ, որ հասարակության մեջ լինեն այնպիսի իրադարձություններ, որպեսզի կանայք ավելի արժանապատիվ տեղ զբաղեցնեն, ներգրավված լինեն հանրային կյանքի բոլոր ասպեկտներում: Կարծում եմ` իմ համարձակ նախաձեռնությունը ողջունեց և խրախուսեց, որպեսզի այս անգամ ավելի մեծ թվով կանայք մասնակցեն»:
Հարությունյանը նշեց, որ ինքը մրցույթին մասնակցող կին թեկնածուների հետ մասնագիտական շփումներ ունեցել է: Ըստ նրա` բոլորն ունեն պահանջվող արժանիքները: