Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ի զրուցակիցն է Դաշնակցության գերագույն մարմնի անդամ, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը։
– Պարոն Մինասյան, վերջերս Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հեռացումը դրական ազդեցություն կունենա ներդրումային միջավայրի վրա։ Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը, ի՞նչ կապ ունեն ներդրումներն ու Սահմանադրական դատարանը։
– Ես չեմ լսել Էկոնոմիկայի նախարարի ուղիղ խոսքը, հետևաբար` տեսակետս չեմ կառուցի իր հիպոթեզի վրա։ Ակնհայտ է, որ այն, ինչ արվում է՝ ի դեմս Սահմանադրական դատարանի փոփոխության, չի կարող դրական ազդել ներդրումների վրա, այլ ուղիղ հակառակը։ Իմ համոզումը պայմանավորված է նրանով, որ ցանկացած, հատկապես՝ օտարերկրյա ներդրող, իր ներդրումային ծրագրերը կառուցում է` հույսը կապելով կայուն, անկախ և երկարաժամկետ դատական համակարգի հետ։
Հետևաբար, եթե քաղաքական իշխանությունը ձևավորում է իր դատական համակարգը՝ անկախ նրանից` ինչ ճանապարհով՝ հանրաքվեի՞, թե՞ օրենքի, նշանակում է` այդ ներդրողն իր հույսն ու ապագան պետք է կապի քաղաքական իշխանության հետ, բայց քանի որ ժամանակ առ ժամանակ քաղաքական իշխանությունները փոփոխվում են, նշանակում է` կա՛մ նրա ներդրումային որոշումը չի կարող երկարաժամկետ լինել, կա՛մ ընդհանրապես հրաժարվել, մանավանդ, եթե երկիրն անցումային երկիր է համարվում, և ոտնահարվում են մի շարք հիմնարար սկզբունքներ՝ անմեղության կանխավարկած, սեփականության իրավունք, և այլն։
Բացի այդ, Հայաստանում ձևավորված չէ ինստիտուցիոնալ ներդրումային համակարգ, այսինքն՝ ներդրողը պաշտպանված չէ անգամ միջազգային արբիտրաժով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունով։ Թեև կարող է մասնավոր ներդրման դեպքում պայմանագրով նախատեսի այդպիսի հնարավորություն, բայց հաճախ վարչական մարմինների կամ քաղաքական իշխանության վարքագիծը ստիպում է, որպեսզի այդ ներդրողը չկարողանա իր երկարաժամկետ ծրագրերը կառուցել նույնիսկ միջազգային արբիտրաժով պաշտպանելու սկզբունքի վրա։
Կառավարությունը և իշխանությունը չունի գաղափարախոսության վրա հիմնված երկարաժամկետ ներդրումային ծրագրեր, հետևաբար՝ ներդրողն ինչի՞ հիման վրա պետք է կարողանա գնահատել՝ արժե՞ արդյոք ներդրում կատարել, թե՞ ոչ։ Այնպես որ, ցանկացած նման վարքագիծ, հատկապես, եթե ներկայացվում է իշխանության առանձին ներկայացուցիչների կողմից, թե իբրև Սահմանադրական փոփոխությունները կարող են նպաստել ներդրումային միջավայրի բարելավմանը՝ վստահաբար դա դատական իշխանության՝ այս ճանապարհով փոխելու մեջ չէ։ Վերջին հաշվով, ներդրողը գնում է այնտեղ, որտեղ կա կայունություն. «պերմանենտ հեղափոխության» պայմաներում որևէ ներդրող իր որոշումը չի կայացնի այդ երկրում ներդրում կատարելու առումով։ Այնպես որ, խորհուրդ կտամ և կառաջարկեմ զերծ մնալ նման գնահատումներից, սա ոչ միայն ծիծաղ կառաջացնի միջազգային մակարդակում, այլև ակնհայտ անվստահություն Հայաստանի հանդեպ։
– Հեղափոխությունից հետո Ձեզ համար տեսանելի՞ են եղել քայլեր, որոնք իշխանությունը կատարել է ներդրումներ ներգրավելու համար։
– Չմոռանանք, որ ես և Դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանի Կառավարության մաս է կազմել 4,5 ամիս։ Այդ ժամանակ բավականին շատ էին ցանկություն հայտնողները, բայց հիմնական խնդիրը ձևակերպվում էր հետևյալով՝ ինչ ինստիտուցիոնալ համակարգ է գործում Հայաստանում, որի համար էլ մենք առաջ քաշեցինք մի քանի կարևոր առաջարկություններ: Դա օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքի ընդունումն էր, ներդրումային սուվերեն հիմնադրամի ստեղծման մասին նոր մոտեցումը, որը գրասենյակներ կձևավորեր ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս, և հնարավորություններ կտրվեր ներդրողներին պաշտպանվելու, եթե որևէ ազգայնացման կամ քաղաքական որոշման արդյունքում հնարավոր վտանգ կսպառնար ներդրմանը, ապա այդ ներդրողը կարողանար իր իրավունքները պաշտպանել վերպետական դատական ատյաններում։
Այս առաջարկներից միայն անցավ այն, որ այս պահին կիսատ-պռատ լուծում է տրված՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության մեր օրենքը, որը, սակայն, շատ է կտրտվել, և այն էլ լիարժեք չէ։ Այսօր տեսնում ենք, որ այս օրենքը պարզապես չի աշխատում։ Այս պահին մենք չենք տեսել այնպիսի փոփոխություններ, որոնք ներդրման տեսակետից կարող են երաշխավորել, չկա որևէ հիմնարար փոփոխություն, որը թույլ կտա, ներդրողին կատարել վստահ գործողություն, անգամ իրենց գովերգած «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները ոչինչ են մեծ ներդրողի համար։
– Նաև Ամուլսարի հետ կապված այս իրավիճակը բացասաբար չի՞ ազդել ներդրումների վրա։
– Սրա մասին մենք ասել ենք վաղուց, սկզբունքային հարցը հետևյալն է՝ կարևոր չէ, թե ինչ որոշում են կայացնում՝ թույլատրե՞լ, թե՞ կասեցնել, կարևորն այն է, որ այդ որոշումը լինի հիմնավոր և չձգձգվի։ Տեսնում ենք, որ այսօր որոշում չկա, որի արդյունքում միջազգային մակարդակում անվստահություն է ձևավորվում, անգամ «Էլարդի» զեկույցից հետո իշխանության պահվածքը ցույց է տալիս, որ չեն կողմնորոշվել, թե այս հարցի վերաբերյալ ինչ ձևով են շարժվելու առաջ։ Քանի որ իշխանությունը որոշեց հարցը քաղաքականացնել, այդ դեպքում տեղափոխել հանրաքվեի դաշտ, հանրաքվեն բավարար հիմնավորվածություն է այս կամ այն որոշումը կայացնելու համար։ Այս հարցը հանրաքվեի դնելու փոխարեն՝ վերցնում են և 7 հոգու աշխատանքից ազատելու հարց են դնում հանրաքվեի։ Այստեղ ակնհայտ է, որ իշխանությունը կարևորն ու երկրորդայինը չի տարբերում:
– Իսկ այս ամենի արդյունքն ի՞նչ է լինելու։
– Ակնհայտ է, որ երկրի նկատմամբ անվստահություն է ձևավորվում, կրկնում եմ՝ կարող է որոշում կայացվել արգելելու, բայց դա պետք է լինի հիմնավոր և վճռական։
– Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը, իրավապահ մարմինները դիմադրում են հեղափոխությանը, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, պետական համակարգն ու իրավապահ մարմինները կարո՞ղ են դիմադրել բարձրագույն իշխանությանը։
– Երբ սկզբնական շրջանում էր այս մասին խոսվում, հասկանալի էր, կար անփորձություն պետական կառավարման համակարգի, չկար անհրաժեշտ ընկալումը, թե ինչ ձևով է այն շնչում, բայց երբ սա ասվում է արդեն մեկ տարուց ավելի բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց, նաև ԱԺ պատգամավորների կողմից, խոսում է այն մասին, որ մարդիկ այդպես էլ չեն փորձում ըմբռնել պետության կառավարման առանձնահատկությունները և արհեստական թշնամիներ են փնտրում։ Որպես բարձր պաշտոններ զբաղեցրած անձ՝ նաև կադրային քաղաքականության հարցում առաջնորդվել եմ այդ սկզբունքով՝ չկա որևէ պետական համակարգ, նույնիսկ դրսում, որտեղ 100 տոկոս արդյունավետությամբ աշխատեն, բայց կա մոտիվացիոն համակարգ և հստակ կադրային քաղաքականություն, որը կստիպի և կմղի, որպեսզի պետական կառավարման համակարգը հնարավորինս արդյունավետությամբ աշխատի։
Մեր իրականության մեջ մենք չենք տեսնում ծանոթ-բարեկամ-խնամի ինստիտուտի բացակայությունը, հակառակն ենք տեսնում, որտեղ հնարավոր է՝ խցկում են իրենց ծանոթ-բարեկամներին, տեսնում ենք քաղաքական դրդապատճառներով պայմանավորված աշխատանքից ազատումներ՝ չնայելով մարդու անցած ճանապարհը, փորձը, և նրանց փոխարինում են մարդկանցով, որոնք պարզապես չեն տիրապետում համակարգին։ Միամտություն է սպասել, որ այդ մարդիկ կարող են պետական կառավարման համակարգում դրական փոփոխություններ ապահովել։ Սեփական կադրային ձախողումները քողարկելու համար ներկայացվում է մեղադրանք, թե իբրև պետական կառավարման համակարգը դիմադրում է, իբրև չի ըմբռնել հեղափոխության ոգին։ Հայտնի փաստեր են, երբ մարդը չի կարողանում որևէ գործողություն անել, սկսում է մեղավորեր փնտրել։ Անհարմար էլ է, բայց երբ Սուրբ գրքից մեջբերումներ են կատարվում, դա արդեն ճիշտ չէ՝ առնվազն պետության ղեկավարի մակարդակով, նման մոտեցումներ առաջ տանելը։
Մյուս խնդիրն այն է, որ Կառավարության ծրագրերում չկա գաղափարախոսություն, հայտարարեցին փոքր Կառավարության քաղաքականության մասին, բայց բանից պարզվեց, որ դրա հետ կապված իրենց պատկերացումը կարևորագույն նախարարությունների վերացումն էր և դրա փոխարինումը գերլիազորություններով օժտված նախարարություններով, որոնք իրականում տեղից չեն էլ շարժվում։
Ավելին՝ բարձրագույն պաշտոնատար անձանց տրվող վճարումների կենտրոնացումն ու մեծացումը, իսկ հիմնական գործ անողների մասով հետընթացի արձանագրումն է։ Այո, այս երկրում նախարարը պետք է ստանա պատշաճ վարձատրություն, որպեսզի հակակոռուպցիոն սեփական ընկալումը լինի լիարժեք պատկերացնելի և գործադրելի։ Բայց երբ խախտում են հիմնական համամասնությունները, որոնք սահմանված են առաջին կարգի մասնագետից մինչև նախարար հարաբերակցության միջև, սպանում են միջին և ներքին օղակներում անհրաժեշտ մոտիվացիան, սա սկզբունքային հարց է, ի՞նչ է, նախորդ կառավարությունները չէի՞ն կարող վերցնել միլիոնավոր դրամներ պարգևատրումներ տալ, բայց մոտիվացիայի սպանելը բերում է ձախողումների, ինչի ականատեսը մենք լինում ենք։
Մենք՝ թե՛ Էկոնոմիկայի, թե՛ Բնապահպանության նախարարություններում ունեինք պարգևատրման ֆոնդեր, եթե չեմ սխալվում, եռամսյակային պարգևատրման ամենաբարձր թիվը եղել է 1,5 մլն դրամ, որը տրվել է փոխնախարարին, դրանից բարձր ես չեմ հիշում։
Չեմ ուզում, որ ասածս մարդիկ դիտարկեն՝ որպես ինքնագովազդ, բայց ես՝ որպես նախարար, երբեք ինձ պարգևատրում չեմ գրել, թեև դա ձևավորված պրակտիկա էր, քանի որ կարծել եմ, որ նախարարը պետք է խրախուսի այն մարդկանց աշխատանքը, որոնք սպասարկում են պետական կառավարման համակարգը, սա ես սկզբունքային եմ համարել։
– Պարոն Մինասյան, ներկայիս իշխանությունները Ձեր իշխանությանը մեղադրում են, որ Դուք բարձր պարգևավճարներ չեք ստացել, սակայն գործել են կոռուպցիոն սխեմաներ, այսինքն՝ դրա փոխարեն՝ կոռուպցիա է եղել։ Ընդունո՞ւմ եք այս մեղադրանքները։
– Կոռուպցիան միշտ և բոլոր իշխանությունների ժամանակ եղել է, համոզված եմ, եթե փոքր հնարավորություն լինի, ապա անպայման մեղադրանքները ներկայացված կլինեին։ Բայց պատճառաբանել, որ հիմա պետք է բազմապատիկ անգամ բարձր պարգևատրումներ տան, որպեսզի կոռուպցիա չլինի, անընդունելի է։ Բայց միանշանակ կողմ եմ, որ որոշում կայացնող անձինք պետք է պատշաճ վարձատրություն ստանան, բայց չխաթարելով անհրաժեշտ հարաբերակցությունը։ Ամենահեշտն է կոռուպցիայի համար մեղադրանք ներկայացնել նախորդ իշխանություններին, բարդն այն է, թե ի՞նչ են իրենք անում։ Եթե որևէ մեկը կարող է հիմնավորել, թե ինչ տարբերություն նախորդ, ինչպես իրենք են ձևակերպում, «հանցավոր ռեժիմի» կոռուպցիոն դրսևորումների և ներկայումս պետական գնումներն առանց մրցույթի իրականացնելու, շրջապատի բարեկեցությունը բարձրացնելու, խնամի-ծանոթ-բարեկամին աշխատանքի տեղավորելու միջև, ապա ես ներողություն կխնդրեմ, տարբերություն չկա։ Առնվազն ազնիվ չէ, որ փորձում են քողարկել այս ամենը։
– Վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությունն այսօր ի՞նչ փուլում է։
– Չկա և չի կարող լինել նման բան, հեղափոխությունը բնորոշ չէ տնտեսությանը՝ հատկապես ներկայումս։ Հեղափոխությունը կարող է լինել միայն բարձր տեխնոլոգիաների և նորագույն ինովացիան տնտեսության մակարդակով, և դա էլ աշխարհում ձևակերպված է այլևս։
Մեզ մնում է ընդամենը չորրորդ տնտեսական հեղափոխության արդյունքներն արդյունավետորեն ներդնել մեր երկրում՝ սա բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն տնտեսության քաղաքականությունն է, որը, ցավոք, չի իրականացվում։
Զրույցի մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում