կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-15 17:51
Քաղաքական

Համակարգային փոփոխություններ անհրաժեշտ են, այդ թվում՝ լիազորությունների հստակեցման տեսանկյունից. Արծվիկ Մինասյան

Համակարգային փոփոխություններ անհրաժեշտ են, այդ թվում՝ լիազորությունների հստակեցման տեսանկյունից. Արծվիկ Մինասյան

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպին: Դիտարկմանը, թե` այսօր կառավարության նիստի ընթացքում Ձեր ու վարչապետ Կարեն Կարապետյանի միջև տեղի ունեցավ փոքրիկ միջադեպ, կարծես թե նա չհավատաց Ձեզ, Մինասյանը պատասխանեց. «Նորմալ եմ գնահատում, որովհետև վարչապետի աշխատանքներն ուղղված են աշխատանքների բարելավմանը, նաև տնտեսվարող սուբյեկտների և հատկապես` ներդրողների գործերը թեթևացնելուն: Այլ բառեր ու բառակապակցություններ ինձ համար երկրորդական նշանակություն ունեն, որովհետև այնպես չէ, որ կոնկրետ արտոնություններ է այդ համակարգում էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում: Մասնավորապես` մաքսատուրքերի ազատման արտոնության համակարգը սկսվում և ավարտվում է կառավարության աշխատակազմով: Էկոնոմիկայի նախարարությունն այն պատասխանատու օղակն է, որն ամփոփում է բոլորի կարծիքները և կառավարության նիստում ներկայացնում վերջնական որոշումը: Ես հակված չեմ որևէ այլ գերատեսչության կամ գործընկերներիցս որևէ մեկի վրա բեռ բարդել, բայց համակարգային փոփոխություններ անհրաժեշտ են, այդ թվում՝ լիազորությունների հստակեցման տեսանկյունից»:

Դիտարկմանը, թե նորանշանակ վարչապետն անհանգստացած է տնտեսության վիճակով, հարցին՝ համամի՞տ է այդ գնահատականների հետ, եթե` այո, ինչո՞ւ նախկինում չէին ասում այդ մասին, Մինասյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ ձեր հարցադրումը և ամեն գնով փորձերը՝ բառերում սենսացիաներ գտնել, բայց ես հավատացնում եմ ձեզ, որ տնտեսության առջև ծառացած են մարտահրավերներ, որոնք միգուցե այլ կառավարությունների ժամանակ այլ դրսևորումներ են ունեցել: Ներկայումս դրանց մի մասն ավելի է սրվել: Բայց այն, որ տնտեսությունում անհրաժեշտ են այնպիսի փոփոխություններ, որոնք այդ մարտահրավերները շատ ավելի դյուրին ու արդյունավետ կտանեն, և , որ ամենակարևորն է, մենք կունենանք այնպիսի տնտեսական կառուցվածք, որը երկարաժամկետ առումով կայուն ու շատ ավելի բարձր աճ է ապահովվելու, դրա մասին ես էլ եմ խոսել»:

Նրա խոսքով՝ տնտեսության կառուցվածքում այնպիսի փոփոխություններ պետք է լինեն, որոնք առարկայական ու շոշափելի կդարձնեն երկրի ռեսուրսների արդյունավետ մոբիլիզացիան և տնտեսության կազմակերպումը:

Անդրադառնալով մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարին՝ Մինասյանն ասաց, որ չի կարելի սպասել, որ հասարակության մեջ երկար ժամանակ արմատացած մոտեցումները մեկ օրում, մեկ ժամում մեկ գրչի հարվածով հնարավոր է վերացնել: Ըստ նախարարի պաշտոնակատարի` այդ գործընթացը պետք է լինի հիմնավոր: Մինասյանը նաև նշեց, որ մենաշնորհների ու գերիշխող դիրք ունեցողների հարցում պետք է հետևել սահմանադրական նորմերին: