կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-18 16:01
Հասարակություն

Կուսակցությունները հիմնականում զրուցում են իրար հետ, ՀՅԴ-ի քայլն, այս առումով, կարևոր էր. Ռուբեն Բաբայան

Կուսակցությունները հիմնականում զրուցում են իրար հետ, ՀՅԴ-ի քայլն, այս առումով, կարևոր էր. Ռուբեն Բաբայան

Տեղեկացրել էինք, որ երեկ ՀՅ Դաշնակցության Գերագույն Մարմինը իր մոտեցումները, ծրագրերը, երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ դիրքորոշումները ներկայացնելու, բացատրելու, ճշտելու նպատակով հանդիպել է շուրջ քսան հայտնի մտավորականների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Բաբայանը նշեց, որ նման հանդիպումները շատ կարևոր են, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կուսակցությունները հիմնականում զրուցում են իրար հետ, և հասարակությունը որոշակի ձևով անտեսված է:

 

«Կարծես, հասարակությանը պարզապես որպես գործիք են օգտագործում, ասենք` հանրահավաքների համար: Հասարակության, հասարակության մտավոր զանգվածի հետ նրանց պահանջները, մոտեցումները չեն քննարկվում, և այս իմաստով Դաշնակցության նախաձեռնությունը, իհարկե, կարևոր էր: Եթե չեմ սխալվում առաջին դեպքը չէ, որ Դաշնակցվությունը նման հանդիպում է իրականացնում»,- ասաց նա:

 

Բաբայանը նշեց, որ նման հանդիպումները շատ օգտակար է համարում, ինքն, օրինակ, նոր դեմքեր, հետաքրքիր մտքեր է բացահայտել հանդիպման ընթացքում: Նրա կարծիքով` իրարից չափազանց անջատված է մեր կյանքը, և մենք հիմնականում եփվում ենք սեփական կաթսայում և փորձում սեփական ճշմարտության` 100-տոկոսանոց լինելու գաղափարը փաթաթել ուրիշների վզին:

 

«Բայց երբ խոսում ես մարդկանց հետ, ովքեր մտավոր աշխատանքով են զբաղվում և ունեն սեփական մոտեցում, զգում ես, որ կարող ես ինչ-որ բաներից արդեն հրաժարվել և նոր մտքեր ունենալ: Իմ կարծիքով` ամենակարևորն այն քաղաքակրթական ընտրությունն է, որը Հայաստանը պետք է կատարի: Քաղաքակրթական ընտրություն ասելով` նկատի ունեմ, որ մեր գաղափարախոսության հիմքում պետք է լինի մարդը, և ամեն ինչ պետք է կառուցվի նրա շուրջ: Երբ մարդը կլինի մեր բոլոր գործողությունների և համակարգային փոփոխությունների կենտրոնում` այդ ժամանակ հասարակ մարդն իրեն լավ կզգա»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ մենք միշտ ավելի գլոբալ ենք դնում խնդիրը` ժողովրդի, ազգի բարգավաճման մասին խոսելով. «Շատ կարևոր է, որ մարդն իրեն զգա այս երկրի տերը, քանի որ հայրենասիրությունը չեն քարոզում, հայրենասիրությունն ինքն իրեն ծնվում է, երբ մարդն իր գործի, ընտանիքի, երկրի, իշխանության տերն է լինում»:

 

Մեր զրուցակիցը նշեց, որ բոլորը համաձայն են մի հարցում, որ վստահությունը պակասում է, եթե ոչ` իսպառ բացակայում, և նույնիսկ եթե ամենալավ մտադրություններով ես հանդես գալիս, չեն հավատում քեզ: Նա ասաց, որ հենց այս հարցն էլ բարձրացրել է հանդիպման ժամանակ` ասելով, որ առաջին հերթին, որպեսզի քեզ հավատան, պետք է վստահությունը վերականգնել: «Վստահությունը լավ բան է, բայց այն պետք է անպայման ամրապնդվի գործնական քայլերով: Սա էր իմ առաջարկությունը»,- ասաց Բաբայանը: