Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրությունը դեռ չէր մարսել հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային հայտարարությունները երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին, երբ նմանատիպ, բայց, ըստ էության, սենսացիոն նախաձեռնությամբ հանդես եկավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Չորրորդ իշխանություն» թերթի կայքում հրապարակվեց առաջին նախագահի՝ նրա ասելով դեռ փետրվարի 12-ին գրված և գործող նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված մի բաց նամակ, որով հեղինակը նախագահին առաջարկում է դեմ առ դեմ հանդիպել՝ քննարկելու համար Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու, Ցեղասպանության հարցում Հայաստանի դիրքորոշումը վերջնականապես հստակեցնելու, բայց ամենակարևորը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի բովանդակությունը վերախմբագրելու հարցը:
Այս նախաձեռնությունը, թե' ինքնին Սերժ Սարգսյանին որևէ առաջարկով դիմելու և թե' նամակի բովանդակության իմաստով, խիստ հետաքրքրական է, ընդ որում՝ թե' ներքաղաքական զարգացումների և թե' Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի նշանակության առումներով: Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին առաջարկում է հանդիպել՝ քննարկելու համար ոչ միայն հռչակագրի վերախմբագրման և, ինչպես ինքն է բնորոշում, «միջազգային իրավունքի նորմերին եւ պետությունների ու ժողովուրդների համակեցության սահմանված կանոններին համապատասխանեցնելու» նպատակով: Առաջին նախագահը նաև ներկայացնում է այս խնդրի լուծման իր «ճանապարհային քարտեզը»: Ըստ դրա՝ անհրաժեշտ է նախ ստեղծել խորհրդակցական հանձնաժողով, որը պետք է վերանայի Հռչակագիրը, ապա դրա հիման վրա հանձնաժողովը պետք է հանդես գա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրամիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին ՀՀ նախագահի անունից ուղղված շրջաբերականով: Տեր-Պետրոսյանը նույնիսկ ոչ միայն այդ հանձնաժողովի անդամների կազմն է ներկայացնում, այլև հստակ առաջադրում այն սկզբունքները, որոնց շրջանակում պետք է ստեղծվի հռչակագրի նոր տեքստը: Ըստ այդմ՝ «ուղերձը պետք է լիովին համապատասխանի ՄԱԿ-ի խարտիային, Հելսինկյան հռչակագրին եւ Հայաստանի կողմից միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին, չպետք է հակասի ՀՀ Սահմանադրությանը. տուրք չպետք է տա երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներին, որեւէ կերպ չպետք է վնասի Հայաստանի առջեւ կանգնած կարեւորագույն՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության խնդիրների լուծմանը»։
Դատելով այս պայմանների առաջադրումից՝ Տեր-Պետրոսյանն իրականում ոչ թե հանդիպման առաջարկություն է անում, այլ նաև սահմանում հանդիպման օրակարգը, այսինքն` նախագահին նախապայմաններ առաջադրում: Բայց խնդիրը ոչ այնքան դա է, որքան բարի նկատառումների անվան ներքո համահայկական ընդգրկման Հռչակագիրն արժեզրկելու շատ կոնկրետ միտումը: Մոտ մեկ շաբաթ առաջ նա ներկայացրեց Հռչակագրի վերաբերյալ իր նկատառումները՝ հայտարարելով, թե դրանք հիմնված են առավելապես մտահոգությունների, փաստաթուղթը բովանդակային առումով բարելավելու ազնիվ ցանկության վրա: Առնվազն զարմանալի, եթե չասենք տարակուսելի է, թե եթե իսկապես նպատակը դա էր, ապա ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը որոշել Հռչակագրին անդրադառնալ դրա հրապարակումից և նախագահի կողմից հաստատվելուց հետո, եթե կարող էր փորձել օգտակար լինել դեռևս փաստաթղթի մշակման ընթացքում: Համաձայնենք, որ այնքան էլ տրամաբանական չէ առաջարկություններ անել մի փաստաթղթի վերաբերյալ, որն արդեն ընդունված և շրջանառության մեջ է դրված, թեկուզ այն պատճառով, որ այդ դեպքում որևէ նոր առաջարկ դառնում է անիմաստ և անօգտակար:
Մյուս կողմից՝ ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանն առաջ քաշում նոր հանձնաժողով ստեղծելու խնդիրը, երբ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կազմակերպման նպատակով հանձնաժողով կա, այն գործում է դեռևս 2011-ից և կարծես, բացի Տեր-Պետրոսյանից, Սփյուռքում և Հայաստանում այդ հանձնաժողովի ձևաչափն ու լեգիտիմությունը որևէ մեկը կասկածի տակ չի դրել:
Սրանք զուտ դետալներ չեն, այլ ամբողջացնում են ոչ միայն հռչակագրի քաղաքական և համահայկական նշանակությունը զրոյացնելու, այլև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նոր բաժանարարներ անցկացնելու միտումները: Այլ կերպ հնարավոր չէ որակել, օրինակ, Սփյուռքից առանձին անհատների ներգրավմամբ Ցեղասպանության հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հստակեցնելու և այն համապատասխան ուղերձի միջոցով միջազգային հանրությանը մատուցելու նրա գաղափարը: Նման խնդիր դնելն ինքնին նշանակում է օրակարգից հանել արդեն ընդունված Հռչակագիրը, որովհետև այնքանով, որքանով նախագահը ստորագրել է այդ փաստաթուղթը, այն արդեն նաև Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է: Երկրորդ՝ առանձին Հայաստանի տեսակետը հստակեցնելու գաղափարն անգամ, էլ չասած` դրանից բխող որևէ տեքստի մշակում, նշանակում է, որ Հայաստանի տեսակետներն այդ հարցում Սփյուռքի մոտեցումներից տարբերվում են կամ պետք է տարբերվեն: Ըստ այդմ՝ Սփյուռքը տվյալ դեպքում գործում է Հայաստանի շահերի դե՞մ: Մյուս կողմից` իբրև խորհրդակցական հանձնաժողովի պոտենցիալ անդամներ՝ Տեր-Պետրոսյանը ներկայացնում է այնպիսի թեկնածություններ, որոնք կիսում են բացառապես իր հայտնի և Սփյուռքի քաղաքական շրջանակներում մեծ մասամբ մերժելի գաղափարները: Որքան էլ հետաքրքրական է, այդ ցանկում ՀՅԴ-ն ներկայացնող որևէ անուն չկա՝ չնայած Սփյուռքում այդ կուսակցության մասշտաբային ներկայացվածությանը և հսկայական քաղաքական դերակատարությանը:
Հարց է առաջանում՝ ո՞րն է նման բծախնդիր ընտրողականության պատճառը: Այն, որ Տեր-Պետրոսյանն ի՞նքն է մերժում բոլորի տեսակետը և համառորեն ձգտում բոլորի վզին փաթաթել սեփակա՞նը, թե՞ մեծահոգաբար դա անելու իրավունքը վերապահում է նախագահին: Տեր-Պետրոսյանը չի կարող չհաշվարկել, որ իր առաջարկած ձևաչափով որևէ հանձնաժողովի աշխատանք դատապարտված է ձախողման, քանի որ դժվար է հավատալ, որ նման հանձնաժողովը կարող է կոնսենսուսի հասնել գաղափակարական և սկզբունքային տարբերությունների պատճառով: Իսկ դա նշանակում է տապալել որևէ կառուցողական գործընթաց և ազգային միասնականության դրսևորման որևէ հնարավարություն: Մնում է եզրակացություններ կատարել, թե ինչո՞ւ է դրան ձգտում Տեր-Պետրոսյանը:
Գևորգ Դարբինյան