կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-15 16:17
Սպորտ

Ըմբշամարտի աշխարհի գավաթ. Ռուսաստանի հավաքականում հանդես կգան 2 հայազգի ըմբիշ

Ըմբշամարտի աշխարհի գավաթ. Ռուսաստանի հավաքականում հանդես կգան 2 հայազգի ըմբիշ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին հայտարարել է ընտրանու այն կազմը, որը փետրվարի 19-20-ը Թեհրանում մասնակցելու է աշխարհի թիմային գավաթի խաղարկությանը:
Այս հավաքականի կազմը մեզ առաջին հերթին հետաքրքրում է հատկապես այն առումով, որ Ռուսաստանի ընտրանին վիճակահանության արդյունքներով Հայաստանի, Թուրքիայի և Հունգարիայի հավաքականների հետ ընդգրկված է Բ խմբում, իսկ ստուգատեսին մասնակցող մյուս 4 ընտրանիները՝ Իրանը, Ադրբեջանը, Գերմանիան ու Շվեդիան ընդգրկված են Ա խմբում:
Իրան մեկնող Ռուսաստանի հավաքականի կազմում ամենատիտղոսակիրը օլիմպիական չեմպիոն, 75 կգ քաշային Ռոման Վլասովն է, իսկ նորեկը՝ հավաքականում առաջին անգամ ընդգրկված 2014 թ երիտասարդների աշխարհի չեմպիոն, 19-ամյա գերծանր քաշային Սերգեյ Սեմյոնովը:

Նշենք, որ Գոգի Կոգուաշվիլու հրապարակած Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկած 16 ըմբիշների (8 քաշային կարգերից յուրաքանչյուրում ռուսները 2-ական ըմբիշ են ներկայացնելու) շարքում այս անգամ կլինեն նաև հայազգի երկու մարզիկներ: Ստեփան Մարանյանը հանդես է գալու 59 կգ, իսկ Մաքսիմ Սաֆարյանը՝ 98 կգ քաշային կարգում: 
Հավելենք նաև, որ Իրանում Ռուսաստանի ընտրանու կազմում հանդես եկողների թվում են վերհիշյալ ըմբիշներից բացի կլինեն նաև՝ 2014 թ աշխարհի չեմպիոն Չինգիզ Լաբազանովը (71 կգ), 2013 թ աշխարհի չեմպիոն Նիկիտա Մելնիկովը (98 կգ), 2014 թ աշխարհի փոխչեմպիոն Եվգենի Սալեևը (80 կգ), 2014 թ Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդր Չեխիրկինը (75 կգ):
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ընտրանին մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ Թեհրանում հանդես է գալու հիմնականում հավաքականի 2-րդ և 3-րդ համարներով ու ներկայանալու է հետևյալ կազմով ՝ 
Արթուր Մկրտչյան (59 կգ), Գոռ Սիրեկանյան (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյան (71 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Վահե Սիմոնյան (98 կգ) և Էդգար Խաչատրյան (130 կգ):
Հայաստանի պատվիրակությունը ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնի փետրվարի 16-ին:

 

Աղբյուր՝ wrestling.am