կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-13 16:30
Քաղաքական

Առճակատումը ճանապարհ չէ. Արմեն Ռուստամյան

Առճակատումը ճանապարհ չէ. Արմեն Ռուստամյան

ՀՀԿ Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի, ինչպես նաեւ այդ ելույթին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություն-պատասխանի, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:

 

Արմեն Ռուստամյանի պատասխանն՝ առանց խմբագրման՝ ստորեւ:


«Վերջին շրջանում ներքաղաքական լարվածությունն ակնհայտ աճում էր: Քաղաքական բնականոն բանավեճը սպառնում էր անցել անհանդուրժողականության, անձնական վիրավորանքների, հնարավոր առճակատումների խիստ վտանգավոր, երկրի ու ժողովրդի անվտանգությունը սասանող սահմանը: Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների վերջին հայտարարությունները հաստատեցին մեր մտահոգությունները:

 

Քաղաքական դաշտի կայացումը, քաղաքական գործընթացներում բացառապես քաղաքական ուժերի և քաղաքական մեխանիզմների դրսևորումը մշտապես կարևորվել է մեր կողմից: Բիզնեսի և քաղաքականության տարանջատումը, գործողություններում ու ծրագրերում երկրի, պետության շահի գերակայությունը սկզբունքներ են, որոնք, մեր համոզմամբ, պետք է պարտադիր լինեն մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

 

Համոզված ենք, որ սահմանադրական բարեփոխումներն են այն միջոցը, որը բոլորին կպարտադրի առաջնորդվել այս սկզբունքներով, Ազգային ժողովը կդառնա լիարժեք քաղաքական մարմին, երկրում կձևավորվի նոր որակի իշխանություն, համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ և քաղաքական գործունեության նպաստավոր դաշտ: Համոզված ենք, որ հենց սահմանադրական փոփոխություններն են ապահովելու մեր ազգային-պետական խնդիրների լուծումը, նպատակների իրագործումը, ազգային համերաշխության ու միասնականության ձևավորումը:

 

Ներքին ու արտաքին բարդ և վտանգավոր մարտահրավերների, սոցիալ-տնտեսական ծանր, սահմանային ամենօրյա լարվածության պայմաններում յուրաքանչյուրիս պատասխանատվությունը անհրաժեշտություն է առկա հիմնախնդիրները սթափ, փոխադարձ հանդուրժողականության, զուտ քաղաքական մեթոդներով և բացառապես քաղաքական հարթության մեջ լուծելու համար:

 

Այսօր, երբ մեր սահմաններին չեն դադարում հակառակորդի հարձակումները, երբ մենք ազգովի պատրաստվում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բոլորիցս պահանջվում է հանդես գալ ազգային միասնականության ապահովման դիրքերից:

 

Մենք համոզված ենք, որ առկա հակամարտությունն ու առճակատումը չի բխում մեր պետականության ու հասարակության շահերից: Մենք խոհեմության, սթափության և միասնականության կոչ ենք անում»: