կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 17:06
Առանց Կատեգորիա

Պատերազմը հետաձգվում է

Պատերազմը հետաձգվում է

Մինսկյան համաձայնությունների կատարման համալիր միջոցների մասին փաստաթղթի ստորագրմամբ ավարտվեցին ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված` «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների` մոտ 15 ժամ տևած բանակցությունները: Շոշափելի արդյունքը, փետրվարի 15-ից սկսած, Ուկրաինայի բանակի և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների զինված ուժերի միջև հրադադարի հաստատման շուրջ համաձայնության ձեռքբերումն էր, որը կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հույսեր է ներշնչում:

 

Ստորագրված փաստաթղթով սահմանվել է, որ հրադադարի հաստատումից հետո, անվտանգության գոտի ստեղծելու նպատակով, 14 օրվա ընթացքում զինուժը, ծանր զինտեխնիկան և հրետահրթիռային համակարգերը պետք է երկկողմանի հավասարաչափ ետ քաշվեն 50-ից 70 կմ: Սակայն եթե ուկրաինական զինուժը նշված չափով ետ է քաշվում ներկայումս առկա շփման գծից, ապա Դոնեցկի և Լուգանսկի «աշխարհազորայինները»՝ նախորդ տարվա սեպտեմբերի 19-ի խաղաղության համաձայնագրի հաստատման պահին գործող սահմանագծից: Դա գործնականում նշանակում է, որ վերջիններս թողնում են անցած շաբաթներին արյունալի մարտերի ու զոհերի գնով ձեռք բերած տարածքները:

 

Թեեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններից հետո հայտարարեց, թե այդ շրջաններում սահմանների վերահսկողության խնդիրը Կիևը պետք է քննարկի Դոնեցկի և Լուգանսկի հետ, սակայն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի ուշ պարզաբանեց, որ Ռուսաստանի հետ սահմանների պաշտպանությունը գրեթե ամբողջությամբ անցնում է Ուկրաինայի կառավարության լիազորությունների տակ:

 

Այս մոտեցումն է ընկած Մինսկում ստորագրված փաստաթղթի հիմքում: Այնտեղ նշվում է նաև, որ այդ տարածաշրջաններում պետք է սկսվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման աշխատանքներ՝ գործողության մեջ դնելով Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տեղական ինքանակառավարման ժամանակավոր կարգի մասին օրենքը: Փաստորեն, այդ շրջաններում անցկացված անկախության հանրաքվեների արդյունքները չեղյալ են հայտարարվում նաև Մոսկվայի կողմից:

 

Ընդհանուր առմամբ, սակայն, չի կարելի ասել, թե մինսկյան համաձայնությունները երկարատև խաղաղություն են երաշխավորում: Հաշվի առնելով վերոնշյալ կետերում Կիևի ձեռք բերած դիրքային առավելությունները, հատկապես` այն հանգամանքը, որ այս համաձայնությունն ավելի շատ որոշ ժամանակով ազատ շնչելու հնարավորություն է թե' Ուկրաինայի, թե', հատկապես, ԵՄ-ի համար, Օլանդ-Մերկել զույգը բանակցությունների արդյունքում կարողացավ առժամանակ հետաձգել Ուկրաինայում, Ռուսաստանի և ԱՄՆ-ի անմիջականորեն ներգրավմամբ, լայնամասշտաբ պատերազմի վտանգը՝ հույս ունենալով, որ կկարողանան դիվանագիտական ճանապարհով հասնել հակամարտող կողմերի միջև մինսկյան համաձայնությունների բոլոր կետերի կատարմանը:

 

Թեեւ Ֆրանսիայի նախագահը Մինսկում բանակցություններից հետո հայտարարեց, թե գտնվել է ուկրաինական կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունը, իրականում համաձայնությունները նման միանշանակ պնդումների տեղիք չեն տալիս: Նախ՝ չպետք է մոռանալ, որ «նորմանդական քառյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Ուկրաինա) միջև նմանատիպ համաձայնություն ձեռք էր բերվել նաև անցած տարի ու գրեթե նույն սկզբունքների շուրջ: Բայց դա չխանգարեց կողմերին, ի վերջո, հրաժարվել իրենց պարտավորություններից և վերսկսել դաժան մարտերը:

 

Նախորդ տարվա սեպտեմբերին Ուկրաինան հրադադար հաստատելուն համաձայնեց՝ պատերազմում մարդկային կոնտինգենտի և զինտեխնիկայի լրջագույն կորուստներ ունենալու, ըստ էության, բանակի բարոյալքման և մարտունակության կատարյալ անկման պատճառով: Կիևը հրադադարի կարճատև ժամանակահատվածն օգտագործեց զինուժն ավելի արդիականացնելու, վերախմբավորելու և ավելի մեծ թափով հարձակման անցնելու համար: Այսօր էլ ուկրաինական բանակը ծանր պարտություններ է կրում: Նախագահ Պորոշենկոն չէր թաքցրել, որ Մինսկ է գնում՝ ցանկացած գնով հրադադարի համաձայնություն ձեռք բերելու համար: Հաշվի առնելով, որ ԱՄՆ Կոնգրեսն արդեն համապատասխան օրինագիծ է ընդունել Ուկրաինային զինամթերք մատակարարելու վերաբերյալ, իսկ ԱՄՀ-ն այսօր հայտարարեց Կիևին մոտ 17 մլրդ դոլար հատկացնելու պատրաստակամության մասին, չի բացառվում, որ հերթական անգամ Ուկրաինան հրադադարի ժամանակահատվածը կփորձի օգտագործել մանևրի համար:

 

Երկրորդ՝ երբ փետրվարի 12-ի առավոտյան հայտարարվեց, թե «նորմանդյան քառյակ»-ի երկրների լիդերները, ի վերջո, ավարտել են բանակցությունները՝ կարողանալով համաձայնությունների հասնել բոլոր կետերի շուրջ և դրանք ուղարկել կոնտակտային խմբի հաստատմանը, հանկարծ պարզվեց, որ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները հրաժարվում են ստորագրել փաստաթուղթը: Նախագահների մակարդակով բանակցությունները վերսկսվեցին, սակայն ընդամենը մեկ ժամ հետո Պուտինը հայտարարեց, որ նրանք այդ փաստթուղթը ստորագրել են:

 

Ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների կողմից, պարզ է` ոչ առանց Մոսկվայի ցուցումների, պահի տակ որոշումները փոխելու գործելակերպն առնվազն կասկածելի է դարձնում նրանց կողմից պայմանավորվածությունները հետագայում պահելու հավանականությունը: Մյուս կողմից՝ թեև ի սկզբանե նախատեսված էր մինսկյան բանակցություններն անցկացնել նախորդ տարվա սեպտեմբերին ստորագրված խաղաղության հռչակագրի նորացման նպատակով, սակայն նախագահները որևէ փաստաթուղթ չընդունեցին: Այսինքն` ձեռք բերված համաձայնությունները շատ ավելի ցածր կարգավիճակ և քաղաքական կշիռ ունեն, ինչը նվազեցնում է պայմանները կատարելու հարցում` կողմերի պատասխանատվությունը:

 

Բայց ամենակարևոր, ռումբի արժեք ունեցող գործոնը կապված է Ուկրաինայի պետական կառուցվածքի հարցում եղած անորոշությունների պահպանման հետ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը ձգտում էր հասնել ունիտար բնույթ ունեցող Ուկրաինայի ֆեդերալացմանը: Ստորագրված փաստաթղթով Ուկրաինան պարտավորվում է անցկացնել սահմանադրական բարեփոխումներ: Սակայն եթե Պուտինը հայտարարում է, թե դրանք պետք է կատարվեն` Լուգանսկի և Դոնեցկի հանրության հետաքրքրությունները հաշվի առնելով, ինչի ներքո հասկանում է հենց այդ շրջաններին հատուկ կարգավիճակի շնորհումը, ապա, ըստ Ուկրաինայի նախագահի, դա բացարձակապես իր երկրի ֆեդերալացում չի ենթադրում: Այս անորոշությունը պահպանված է նաև ստորագրված փաստաթղթում, որում սահմանադրական փոփոխությունների նպատակի ներքո կիրառվում է «իշխանության ապակենտրոնացում»` չափազանց ընդհանրական ձևակերպումը: Սա կարող է կողմերի միջև տարընթերցումների տեղիք տալ և հրադադարը խախտելու պատրվակ հանդիսանալ: Ահա այս տեսանկյունից կարելի է համարել, որ Մինսկում կողմերն առայժմ միայն մարտավարական դադար վերցրեցին, որի կարիքն իրականում ունեին:

 

Գևորգ Դարբինյան