կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-23 16:58
Առանց Կատեգորիա

Ռուս-թուրքական պատերազմը հետաձգվում է

Ռուս-թուրքական պատերազմը հետաձգվում է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց, որ հաջողվել է Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։ Ըստ այդ համաձայնության՝ հրադադարը կսկսվի փետրվարի 27-ից, իսկ մինչ այդ հակամարտող բոլոր կողմերը Վաշինգտոնին կամ Մոսկվային կհայտնեն հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու` իրենց պատաստակամությունը։ Այդ ընթացքում ռուսական և ամերիկյան տեսուչները կհստակեցնեն տարածքները, որտեղ Ռուսաստանի, Սիրիայի կառավարության, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն երկրների ուժերը և Սիրիայի, այսպես կոչված, «չափավոր ընդդիմության» զինյալները միմյանց դեմ որևէ մարտական գործողություն չեն  իրականացնի։ Համաձայնությունը չի տարածվում այն խմբավորումների վրա, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են ահաբեկչական։ Խոսքը հիմնականում վերաբերում է «Իսլամական պետություն» և  «Ջեբհաթ ան Նուսրա», «Ալ Շամ», «Շամ ալ Իսլամ» ջիհադական խմբավորումներին, որոնց դեմ ռազմական գործողությունները կշարունակվեն։ ՌԴ նախագահը նշել է, թե հրադադարի ռեժիմի հաստատումը անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման, այդ նպատակով Ժնևի կոնֆերանսի ու ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացների արդյունավետության համար։

Չնայած ռուսական և ամերիկյան կողմերից հնչող լավատեսական հայտարարություններին՝ դեռևս մեծ է հավանականությունը, որ ձեռք բերված համաձայնությունը կտապալվի։ Խնդիրն այն է, որ թե\' Դամասկոսը և թե\' Սիրիայի «չափավոր ընդդիմությունն» ամբողջացնող խմբավորումները չափազանց մեծ վերապահումներ ունեն հրադադարի հաստատման պայմանների հետ կապված։ Օրեր առաջ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել էր, թե հրադադարի պահպանումը գործնականում հնարավոր չէ, իսկ ինքն ամեն ինչ անելու է երկրի ազատագրումը մինչև վերջ իրականացնելու համար։ Համաձայնության կյանքի կոչմանը խանգարում է նաև ահաբեկչական խմբավորումներին թաքնված աջակցություն ցուցաբերող Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի կեցվածքը։ Այս երկրները չափազանց դժգոհ են Սիրիայում այս պահին հաստատված ստատուս քվոյից և մինչ համաձայնության ձեռք բերումը միջազգային հանրությանը նախապատրաստում էին համատեղ ուժերով Սիրիա ցամաքային ուժեր մտցնելու հեռանկարին։ Այս իմաստով թե\' Ասադին պաշտպանող Ռուսստանը և թե\' նրա հեռացումը պահանջող ԱՄՆ-ը պետք է չափազանց մեծ ճնշում գործադրեն կողմերի վրա՝ ցանկալի արդյունքին հասնելու համար։ Եթե դա հաջողվի, ապա կարելի է եթե ոչ վերացած, ապա գոնե հետաձգված համարել թե\' Սիրիայի, թե\' մերձավորարևելյան տարածաշրջանի և թե\' համաշխարհային ընդգրկման աղետալի հետևանքներով հղի ռուս-թուրքական հնարավոր ռազմական առճակատումը Սիրիայում։

Այս համաձայնությունն իրականում հաջողվեց երկու հիմնական գործոնների համընկնման արդյունքում։ Առաջինը Սիրիայում Ռուսաստանի նվաճած հսկայական քաղաքական և ռազմական առավելությունն էր։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկների, «Հըզբոլլահ»-ի զինյալների և քրդական ջոկատների աջակցությամբ Մոսկվային հաջողվեց վերախմբավորել Սիրիայի գրեթե լիովին բարոյալքված բանակը, զինել այն և համատեղ ուժերով Լաթաքիայի շրջանում, Հալեպի ուղղությամբ և Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում հուժկու գրոհների միջոցով ջարդել Ասադի հակառակորդների դիմադրությունը` ընդհուպ մոտենալով Թուրքիայի սահմաններին։ Այս առաջխաղացման համար Ռուսաստանը և նախագահ Ասադը խափանեցին նույնիսկ փետրվարի սկզբին հրավիրված՝ Սիրիայի հարցով Ժնևի բանակցությունները, ինչի արդյունքում զգալիորեն ուժեղացան Մոսկվայի և նախագահ Ասադի բանակցային դիրքերը։ Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ում մերժվեց Սիրիայի տարածք Թուրքիայի ներխուժումը կանխելուն ուղղված` Ռուսաստանի առաջարկած բանաձևը, Մոսկվայի համար անհետաձգելի դարձավ Վաշինգտոնի հետ համաձայնությունների գնալը՝ ունեցած ձեռքբերումները չկորցնելու և թուրք-սաուդական տանդեմին Սիրիա ներխուժելու ենթահողից զրկելու համար։

Երկրորդ հիմնական գործոնը ԱՄՆ-ում այս տարեվերջին սպասվող նախագահական ընտրություններն են, որոնք Սպիտակ տանը ստիպում են Սիրիայում գործել ծայրահեղ զգուշավորությամբ՝ հերթական տարածաշրջանային ռազմական ավանտյուրայի մեջ չխրվելու և Դեմոկրատական կուսակցության թեկնածուի համար ավելորդ բարդություններ չստեղծելու նկատառումով։ Իսկ նոր գլոբալ ճգնաժամում խրվելը միանգամայն հնարավոր է ոչ այնքան Ռուսաստանի, որքան Թուրքիայի պատճառով։ Թե\' հարվածային ուժերը Սիրիայի սահմանների մոտ կենտրոնացնելով, թե\', անտեսելով ԱՄՆ-ի կոչերը, քուրդ զինյալների ու Ասադի բանակի դիրքերին իր տարածքից հրետանային հարվածներ հասցնելով` Թուրքիան հասկանալի էր դարձրել Վաշինգտոնին և ՆԱՏՕ-ին Ռուսաստանի դեմ իր` ռազմականի վերաճող կոնֆրոնտացիայի մեջ ներքաշելու մտադրությունը։ Թեև Վաշինգտոնում հասկանում են, որ հրադադարի ռեժիմի հաստատումը տեղի է ունենում Ռուսաստանի դիրքային առավելության ձեռք բերման, այսինքն` իր դիվանագիտական հերթական պարտության պայմաններում, սակայն դա ավելի նախընտրելի համարվեց, քան համաշխարհային երրորդ պատերազմին տանող գործընթացներում խրվելը։

Այս իրավիճակում Մոսկվայի համար լավագույն լուծումը կլիներ Բաշար Ասադին ստիպել աստիճանաբար հեռանալ զբաղեցրած պաշտոնից՝ իր համար նախընտրելի նոր վարչակարգի ձևավորման պայմանով։ Մինչդեռ հաղթանակների համը տեսած` Սիրիայի գործող նախագահը շատ լավ հասկանում է իրավիճակը և, ըստ ամենայնի, ձգտելու է Ռուսաստանին թույլ չտալ Սիրիայից «հեռանալ» իրեն զոհաբերելու գնով ձեռք բերած հաղթանակով։ Թերևս դրա մասին էր խոսում ապրիլին երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման կայացումն անմիջապես հրադադարի հաստատման շուրջ ամերիկա-ռուսական համաձայնությունների ձեռք բերումից հետո, որով Ասադը հուշում է, որ ձիուց իջնել չի պատրաստվում և մասնակցելու է Սիրիայի ապագա իշխանության ձևավորմանը։

Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման շուրջ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ձեռք բերված համաձայնությունն այսօր ողջունել է պաշտոնական Երևանը։ Այս շտապողականությունը զարմանալի չէ․ համաձայնությունն ուղղակիորեն շոշափում է Հայաստանի անվտանգության հարցը։ Եթե Սիրիայում ռուս-թուրքական ռազմական հնարավոր բախումը դառնար անխուսափելի, Հայաստանը, իր կամքից անկախ, կողմերից որևէ մեկի սադրանքի արդյունքում ստիպված էր լինելու ներքաշվել դրանում՝ գուցե նաև հերթական անգամ, բառի բուն իմաստով, վերածվելով ռուս-թուրքական պատերազմի թատերաբեմի։ Այս վտանգը դեռևս վերացած չէ, քանի դեռ ռուս-ամերիկյան համաձայնությունը լիարժեք ուժի մեջ չի մտել, և քանի դեռ առկա է սիրիական հակամարտության կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ այն տապալելու վտանգը։

Գևորգ Աղաբաբյան