կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-09 12:24
Իրավական

Ըստ Արտակ Խաչատրյանի եղբոր` Արտակին «չոլ» են տարել

Ըստ Արտակ Խաչատրյանի եղբոր` Արտակին «չոլ» են տարել

ԲՀԿ կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանի եղբայրը` Արտյոմ Խաչատրյանը, այսօր ՀՀ քննչական կոմիտեին կտրամադրի եղբորը ծեծի ենթարկելու և առևանգման գործի հետ կապված կարևոր ապացույցներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արտյոմ Խաչատրյանը հայտնեց, որ առայժմ չի կարող բացել փակագծերը, միայն կարող է նշել, որ այդ ապացույցները վերաբերում են եղբորը առևանգող մեքենային և այն տեղանքին, որտեղ տարել են: Ըստ նրա` առեւանգողները լավ չեն հաշվարկել, և բավականաչափ փաստեր կան կատարվածի վերաբերյալ:

 

Հարցին` հայտնի՞ է, թե որ ուղղությամբ են տարել Արտակին, եղբայրը պատասխանեց. «Չոլ են տարել, Երևան քաղաքում շատ չոլեր կան»: Նրա խոսքով` դեպքի վայրում առկա են տեսանկարահանող սարքեր, որոնք ոստիկանությունը, նախքան Արտակի հայտնվելը, արդեն առգրավել է և այժմ ուսումնասիրում է:

 

«Մենք գործ ունենք կազմակերպված բանդայի հետ»,- ասաց նա և հավելեց, որ այս դեպքն ուղիղ կապ ունի Արտակի` կուսակցական պատկանելության և քաղաքացիական ակտիվության հետ:

 

Դիտարկմանը` եթե կատարվածը կապված է նրա ակտիվության, մասնավորապես` վերջին շրջանում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության դեմ պայքարի հետ, ինչո՞ւ մեղավորներ չեն փնտրում այն պաշտոնյաների շրջանում, ովքեր ուղիղ կապված են տվյալ օրենքի հետ, Արտյոմ Խաչատրյանը պատասխանեց. «Ես կասկածում եմ բոլորին: Եթե չբացահայտվեց այս գործը, կասկածն ուղղվում է իշխանությունների կողմը»:

 

Նա նաև հայտարարեց, որ չի պահանջելու որևէ մեկի հրաժարականը, քանի որ գործն անձնավորված չէ: «Ես չեմ ասում` բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական տան, ես ասում եմ, որ ուժային կառույցների ղեկավարներն այս գործը բացահայտելու գործում պատասխանատվություն են կրում»: