կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-04 18:42
Առանց Կատեգորիա

Հայաստանը մա՞տ է թափ տալիս Ռուսաստանի վրա

Հայաստանը մա՞տ է թափ տալիս Ռուսաստանի վրա

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում պաշտոնական Երևանն անում է որոշակի ժեստեր, որոնք բացարձակապես չեն համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների ավանդական ոգուն: Հունվարի 28-ին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ձեռնպահ քվեարկեց Ռուսաստանին մինչև ապրիլ ձայնի իրավունքից զրկելու բանաձևին: Դա այն դեպքում, երբ մինչ այդ Հայաստանի ռազմավարական դաշնակցին վերաբերող` անխտիր բոլոր հարցերում պատվիրակության դիրքորոշումների հիմքում ընկած էին լինում ռուսական պատվիրակության հետաքրքրությունները: Թեև երեք հայ պատվիրակների քվեարկությունը որևէ կերպ չէր կարող ազդել որոշման ճակատագրի վրա, սակայն աչք ծակեց հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների՝ նույնքան անակնկալ կերպով ԵԽԽՎ այդ որոշմանը դեմ քվեարկելու ֆոնին: Հայկական պատվիրակության անդամներն իրենց այդ քայլը մեկնաբանում են այնպես, թե Հայաստանը դուրս չի եկել ռազմավարական գործընկերության տրամաբանությունից, քանի որ ամեն դեպքում կողմ չի քվեարկել ռուսական պատվիրակության նկատմամբ նման պատժամիջոցի կիրառմանը: Սակայն, Հայաստանի վարած կատարյալ հարմարվողական քաղաքականությունը հաշվի առնելով, ձեռնպահ քվեարկելն այս դեպքում «կողմ»-ի արժեք ունի և, անկախ դրա մեկնաբանությունից, չի կարող չընկալվել որպես ռոսւական կուրսից շեղվելու, ինքնուրույնության որոշակի դրսևորում:

 

Այս հանգամանքը գուցե հնարավոր լիներ համարել զուտ ինքնուրույնության իմիտացիա ստեղծելու փորձ, եթե դրան փաստացի չհաջորդեր Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայաստանյան իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդությամբ ՌԴ իր գործընկերոջը դիմելու` Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի քայլը: Թեև դրանով Կոստանյանը ցույց տվեց, որ կատարում է գյումրեցիներին հունվարի 15-ին տված խոստումը, սակայն խիստ տարօրինակ էր այն փաստը, որ միջնորդությունն արվեց Պերմյակովին բոլոր դեպքերում հայկական կողմին չհանձնելու՝ ավելի վաղ կայացված քաղաքական որոշումից հետո: Դժվար է պատկերացնել, որ Կոստանյանը չէր գիտակցում, որ գործում է այդ որոշմանը հակառակ, ինչի համար, թերևս, նա պետք է ունենար քաղաքական ղեկավարության թեկուզ լուռ համաձայնությունը: Եվ ինչպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության քվեարկության պարագայում, փաստորեն, այս դաշտում ևս հայկական կողմը փորձել է հնարավորության սահմաններում որոշակի ինքնուրույնության և համարձակության նշաններ ցուցաբերել: Ընդ որում՝ երկու դեպքում էլ գործ ունենք ոչ թե ռուսական իմպերատիվներին հակադրվելու դրսևորումների, այլ ընդամենը Մոսկվային շատ թույլ ուղերձներ հղելու հետ:

 

Բայց, անկախ դրանից, հարց է առաջանում՝ ո՞րն է դրա պատճառը, ի՞նչ մեղու է կծել պաշտոնական Երևանին: ԵԽԽՎ-ից հայկական պատվիրակության վերադառնալուց հետո հայ պատվիրակներից ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել էր, թե, չնայած Ռուսաստանի հետ ունենք լուրջ միջպետական ռազամավարական գործակցության բարձր մակարդակ, բայց այդ դաշինքը, գործընկերությունը երբեք չի արտահայտվել պատվիրակների միջեւ համապատասխան համագործակցության ձևով: Ի՞նչ նկատի ունի Ռուստամյանը, դժվար է ասել:

 

Ի վերջո, սա նոր գործելակերպ չէ ռուսների կողմից: Սակայն հետաքրքրական է, որ հայ պատվիրակն այս մտահոգությունը հայտնում է տարածված այն տեղեկությունների ֆոնին, թե հայկական պատվիրակությունը նման կերպ է վարվել, քանի որ տեղեկացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայկական կողմի ինչ-որ նախաձեռնության դեմ ռուս-թուրք-ադրբեջանական կուլիսային համաձայնությունների ձեռքբերման մասին: Դրանք հաստատող կամ հերքող որևէ փաստ չի ներկայացվել: Բայց ակնհայտ է, որ հայկական կողմը նման ուղերձները սկսեց հղել այն բանից հետո, երբ հասկացավ, որ պաշտոնական Մոսկվան ուղղակի չի ուզում նկատել հայ-ադրբեջանական սահմանագծին տեղի ունեցող փաստացի միկրոպատերազմները և չի ուզում խոսել թե' երկկողմ հարաբերությունների և թե' ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ունեցած՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու պարտավորությունների մասին: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ից, Եվրոպայից գոնե կողմերին զսպման ձևական հայտարարություններ էին հնչում, Մոսկվան որևէ կերպ չարձագանքեց: Ավելին` հունվարի 30-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց. «Եթե դուք կարծում եք, որ մենք այնտեղ պետք է ինչ-որ ձևով ռազմական միջոցներով պատասխանենք, ապա դա հակասում է ՀԱՊԿ-ի հիմնական դիրքորոշմանը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել բացառապես խաղաղ միջոցներով՝ հիմնվելով առաջին հերթին Մինսկի խմբի վրա»:

 

Չի կարելի բացառել, որ թե' Մոսկվայի և թե' ՀԱՊԿ-ի նման փարիսեցիական կեցվածքը Երևանում ընկալել են որպես Բաքվի գործողություններն արդարացնելու և դրա միջոցով տարածաշրջանային կայունությունը խարխլելու փորձ: Եվ հենց այս հանգամանքն էլ, թերևս, ստիպեց նախագահ Սերժ Սարգսյանին հունվարի 26-ին հանդես գալ պատերազմից չխուսափելու և նույնիսկ նախահարձակ լինելու մասին աննախադեպ կոշտ հայտարարությամբ, իսկ հայկական բանակը, ի հավաստումն նախագահի այս հայտարարության, անցավ կոնկրետ ռազմական գործողությունների, որոնք, փաստորեն, ստիպեցին Ադրբեջանին և հատկապես` ՄԽ համանախագահող երկրներին, այդ թվում` նաև Ռուսաստանին, հավատալ, որ Հայաստանը կարող է դիմել այդ քայլին, ինչն ուղղակիորեն նշանակելու էր Ռուսաստանին կանգնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընտրություն կատարելու երկընտրանքի առջև: Միայն դրանից հետո, փաստորեն, ՄԽ համանախագահները որոշեցին տեղից շարժվել և դիվանագիտական զսպաշապիկ հագցնել Բաքվին:

 

Այս առումով իրավիճակը նման է նախորդ տարվա օգոստոսյան դեպքերին, երբ Ռուսաստանը պատերազմի վերաճող սահմանային բախումներին ստիպված եղավ միջամտել և Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին Սոչի կանչել միայն հայկական բանակի՝ սպասվածից ավելի ագրեսիվ գործողությունների դիմելուց հետո: Այս հաջորդական պրոցեսները, որոնք, ըստ էության, մեկ տրամաբանական շղթայի օղակներն են, ցույց են տալիս, որ Երևանը խորապես անհանգստացած է Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունից և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ վերջին շրջանում հարաբերությունների լուրջ ջերմացումից: Իսկ նման ջերմացումները նախկինում տեղի էին ունենում հայկական շահերի հաշվին: Թե ի՞նչ դրսևորումներ են դրանք ունենում և ինչի՞ կարող են հանգեցնել ներկայումս, քննարկման այլ թեմա է: Փաստն այն է, որ եթե Հայաստանի իշխանությունները համարձակվում են Ռուսաստանին սուվերենության նշաններ ցույց տալ, ուրեմն այլևս չունեն նրա նկատմամբ նախկին վստահությունը: Մանավանդ, որ Երևանն, ըստ էության, Մոսկվայի կողմից իրեն խաբված է զգում, որովհետև ԵՏՄ մտնելը ոչ թե բարձրացրեց հայկական կողմի անվտանգության մակարդակը, ինչպես հավատացնում էին Մոսկվայից, այլ ճիշտ հակառակը...

 

Գևորգ Դարբինյան