կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-09 16:17
Հասարակություն

Դուբլ 1. Տարոն Մարգարյանը ''մատ է թափ տվել'' գծատերերի վրա

Դուբլ 1. Տարոն Մարգարյանը ''մատ է թափ տվել'' գծատերերի վրա

Քաղաքապետարանը դեռևս չի կարող ասել, թե տրանսպորտի հարցերով հանձնաժողովը երբ է ավարտելու իր աշխատանքները: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանը: Նա նշեց, որ հանձնաժողովի աշխատանքների ժամկետները կախված են այն հանգամանքից, թե հանձնաժողովի բոլոր բաղադրիչներն ինչ աշխատանք են իրականացրել: Ըստ նրա` բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումներից հետո կսահմանվի տրանսպորտի մոտավոր գինը, որովհետև հանձնաժողովի բուն նպատակը չափորոշիչներ սահմանելն է:

 

Մեր այն դիտարկմանը, որ մինչ  անորոշ ժամկետով քննարկումներ է ծավալում, այդ ընթացքում ձյուն է գալիս, ու գծատերերը սպառնում են այլևս աշխատանքի չհանել երթուղայինները, Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Չգիտեմ, գծատերերը ինչ են սպառնում, բայց գծատերերի նման գործելաոճը ընդունելի չէ»: Նա նշեց, որ այսօր քաղաքապետին զեկուցել էին, որ,  ձյան առաջին տեղումներով պայմանավորված, որոշ երթուղիներում սակավ մեքենաներ են աշխատանքի դուրս բերել, և գծատերերը դա պատճառաբանել են ձյան տեղումներով, անվադողերի մաշվածությամբ և այլն:

 

Սակայն հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել է խորհրդակցության`« խոստորեն նախազգուշացնելով», որ նրանք կատարեն ստանձնած պայմանագրային պարտականությունները: «Ոչ պատշաճ ծառայություններ մատուցելու որևէ պատճառաբանություն մեր կողմից ընդունելի չի կարող լինել, որովհետև դա կարող է բերել նրան, որ այդ կազմակերպությունները կզրկվեն լիցենզիայից: Թող չփորձեն, ինչ-ինչ հանգամանքներ պատճառաբանելով, դուրս չգալ սպասարկելու, որովհետև դա ընդունելի չէ: Դա առաջին ձմեռը չէ, ի վերջո, ձմռանը պետք է նախապատրաստվել` անկախ որևէ հանգամանքից: Չգիտեմ` այդ գծատերերը ինչ-որ պահանջներ են դնում, ինչ են սպառնում, ինչ են անում...Իրենք ունեն ստանձնած պարտավորություններ, ուստի պարտավոր են լիարժեք կատարել այդ պարտականությունները»,- ասաց Արթուր Գևորգյանը:

 

Նա նշեց, որ այսօր քաղաքապետարանը որևէ բողոք չի ստացել` երթուղայինների սակավ լինելու հետ կապված: Նրա խոսքով` բոլոր երթուղիներն էլ աշխատում են, պարզապես ամենօրյա մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ որոշ երթուղիներ մեքենաների սահմանված քանակից քիչ մեքենաներ են աշխատեցրել, ինչը քաղաքապետարանի կողմից ընդունելի չի կարող լինել:

 

Հարկ է նշել, որ Տարոն Մարգարյանի մամուլի քարտուղարի այս հայտարարությունն առավել քան սպասելի էր. գծված սցենարի համաձայն` գծատերերը սպառնում են, իհարկե` քաղաքապետարանի «դաբրոյով», Տարոն Մարգարյանը մեկ-երկու անգամ մատ է թափ տալիս նրանց վրա, հետո էլ «ուժասպառ եղած» խոստովանում է, որ այլեւս չի կարող «կառավարել» գծատերերին եւ սպառնալիքները զսպել ու թանկացնում է տրանսպորտը... Ինչպես ասում են` ամեն ինչ դեռ առջեւում է, սպասենք նոր զարգացումների: