կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-08 14:53
Քաղաքական

Կոստանյանը Սերժ Սարգսյանի վրա է՞լ է մատ թափ տալիս

Կոստանյանը Սերժ Սարգսյանի վրա է՞լ է մատ թափ տալիս

Այսօր լրագրողները գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք քննչական կոմիտեից ստացել է Սուրիկ Խաչատրյանի որդու գործի քննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

Կոստանյանը պատասխանեց, որ գործի քննությունն իրականացվում է Գորիսում, և քննիչը գտնվում է հենց այնտեղ, երբ վերադառնա, ինքը կպահանջի գործի քննության մանրամասները:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթում հնչեցված տեսակետին, որ Կոստանյանը ժեստիկուլյացիայով է խոսում և մատ է թափ տալիս պատգամավորների վրա, գլխավոր դատախազն ասաց, որ իր համար զարմանալի է և նույնիսկ` տարօրինակ, որ ժեստիկուլյացիան կարող է քննարկման, առավել ևս` քննադատության առիթ հանդիսանալ:

Դիտարկմանը, թե պատգամավորները նկատողություն արեցին գլխավոր դատախազին մատ թափ տալու համար, Կոստանյանը արձագանքեց. «Պատգամավոր չէ, որևէ մեկը չի կարող ինձ նկատողություն անել: Երկրորդ՝ կարծում եմ, որ ժեստիկուլյացիան, ընդհանրապես, մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ է: Դա դասագրքում էլ է գրված: Լինի պառլամենտում, որևէ տեղ` ժեստիկուլյացիան ընդամենը իրար հետ փոխհարաբերվելու միջոց է: Ընդ որում` հաղորդակցման եղանակները նաև լռելյայն են լինում, դա էլ է գիտություն»:

Ճշտող հարցին, թե այդ գիտության մեջ պատգամավորների վրա մատ թափ տալը կա՞, պատասխանեց. «Ով, ինչ, որտեղ, երբ է թափ տալիս, դա էլ հարց է»:

Դիտարկմանը` Սերժ Սարգսյանի հետ խոսելիս է՞լ եք մատ թափ տալիս, Կոստանյանը պատասխանեց. «Տարբերություն չկա, թե ժեստիկուլյացիան որտեղ է արտահայտվում»: