Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը նախ` Փարիզ, ապա` ԱՄՆ, Ադրբեջանում մեծ իրարանցում է առաջացրել: Ադրբեջանի ԱԳՆ-ն խոստացել է դիվանագիտական խողովակներով վճռական բողոք հայտնել Ֆրանսիային և ԱՄՆ-ին: Թե ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի այդ քաղաքականությունը, և ի՞նչ կեցվածք պետք է դրսևորվի նման դեպքերում Հայաստանը, Yerkir.am-ը զրուցել է ռազմական փորձագետ, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանի հետ:
- Պարո'ն Եղիազարյան, Բակո Սահակյանի` Ֆրանսիա այցից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ կվերանայի Ֆրանսիայի հետ հարաբերությունները, իսկ ԱՄՆ այցի դեպքում Սահակյանին վիզա տրամադրելու համար էր բողոքի նոտա հղելու: Ի՞նչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի նման քայլերը:
- Սա պայմանավորված է Արցախի նկատմամբ Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությամբ: Նրանք Արցախը չեն ճանաչել ու չեն ընդունում ո'չ որպես հակամարտության կողմ, ո'չ էլ որպես սուբյեկտ: Ադրբեջանն Արցախը դիտում է որպես իր տարածք, և նման հարցերում նրանք շատ զգայուն են, նույնիսկ` երբ օտարերկրացիներն այցելում են Արցախ, հայտնվում են Ադրբեջանի «սև ցուցակում», այսինքն` նրանք ամեն ձևով Արցախը չեն ուզում դիտարկել որպես սուբյեկտ: Իհարկե, նախկինում` մինչև 1990-ականների վերջը, Արցախը դիտվում էր որպես բանակցային կողմ, բայց տարիներ անց այդ քաղաքականությունը փոխվեց, և Ադրբեջանի պահվածքն ավելի կոշտացավ: Սա փաստում է այն մասին, որ Ադրբեջանը կառուցողական մոտեցում չունի: Արցախի խնդրի հետ կապված մեր մոտեցումը հետևյալն է` առաջին հերթին Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի այս քայլերը ցույց են տալիս, որ նրանք բացարձակապես Արցախի ժողովրդի ինքնորոշումը ճանաչելու միտում չունեն, Ադրբեջանի անհանդուրժողականությունն ու նման կեցվածքն են փաստում դա: Ադրբեջանը, սակայն, իր մոտեցումները պետք է փոխի:
- Ադրբեջանի այս պահվածը կարո՞ղ է նաև ներքին լսարանին ուղղված լինել` ցույց տալու համար, որ Արցախի հարցում իրենք «մեծ» աշխատանքներ են կատարում:
- Արցախի հետ կապված ցանկացած հարցում Ադրբեջանը սուբյեկտիվորեն` միայն իր շահերի տեսակետից է մոտենում: Եթե համանախագահող երկրների ղեկավարները, օրինակ` Ֆրանսիայի, այցելում է Արցախ, ի՞նչն է խնդիրը, որ Արցախից էլ գնան այնտեղ: Սա ուղղակի Ադրբեջանի անհանդուրժողականությունն է ցույց տալիս. եթե մի պետություն զենքի ճանապարհով է փորձում լուծել հարցերը, բնական է, որ Բակո Սահակյանի` Եվրոպա այցի ժամանակ էլ նման վարքագիծ պետք է ունենա: Մյուս կողմից` այո, Ադրբեջանն առաջին հերթին հենց իր հանրությանն է թունավորում ապատեղեկատվությամբ: Սակայն նման պահվածքով Ադրբեջանը դառնում է իր իսկ քաղաքականության գերին, քանի որ իր ժողովրդի հետ նման կերպ է հարաբերություններ կառուցում, բնականաբար, պետք է նաև ցույց տա, որ հավատարիմ է այդ քաղաքականությանը: Այսինքն` եթե այդքան հակահայկական ֆոն է ապահովում, եթե ասում են` չկա Արցախի խնդիր, ու դրանից հետո հանդուրժողական կեցվածք դրսևորեն, հանրությունն այլ բան է պահանջելու: Սա նաև ներքին լսարանի համար է` իբրև հետևողական են իրենց սկզբունքներում:
- Հայկական կողմը պե՞տք է նման ագրեսիվ քայլեր անի, թե՞ մենք չունենք դրա կարիքը, քանի որ, ի վերջո, Բակո Սահակյանի այցը Եվրոպա, այդ երկրների ղեկավարների ընդունելությունն արդեն իսկ խոսում է ինչ-որ բանի մասին:
- Միանշանակ` իմաստ չունի, և ագրեսիան մեզ բնորոշ վարքագիծ էլ չէ: Մենք Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանն ենք կողմ, իսկ խաղաղ կարգավորման հասնում են երկխոսելու, բանակցելու ճանապարհով: Ընդհակառակը` որքան երկու կողմի շփումները ճանաչողական առումով շատ լինեն, այնքան խնդրի լուծմանն ավելի շուտ կհասնենք: Իսկ երրորդ կողմի` այլ երկրների հետ շփումների շնորհիվ նրանց համար ավելի հասկանալի են դառնում հայկական և ադրբեջանական դիրքորոշումները, քանի որ միայն մեկ կողմի հետ շփումը կարող է միակողմանի տեսակետ ձևավորել: Իհարկե, մենք էլ չենք ողջունում Ադրբեջանի լոբբինգային, նավթադոլարային ճանապարհով, կեղծիքների վրա կառուցվող քաղաքականությունը և անհրաժեշտության դեպքում անդրադառնում ենք դրան: Խոսքը, մասնավորապես, այն դեպքերի մասին է, երբ քեզ հետ երկխոսելու փոխարեն Ադրբեջանն ազդեցություն է փորձում ունենալ դրսի պաշտոնյաների վրա ու միջազգային կազմակերպությունների միջոցով փորձում է իր ասելիքը մեզ հասցնել:
- Ադրբեջանի նման` մատ թափ տալու քաղաքականությունն ինչի՞ կարող է հանգեցնել:
- Ադրբեջանի վարած քաղաքականությունն անլուրջ է, քանի որ նա մատ է թափ տալիս երկրների վրա, որոնք կախում չունեն իրենից, օրինակ` Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի: Այսինքն` հարաբերությունների վերանայումից, ինչպես նշել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն, կարող է տուժել միայն հենց ինքը` Ադրբեջանը: Սակայն կարծում եմ, որ սա ավելի շուտ կեցվածք է, նրանք գործնական քայլերի դժվար թե գնան, առավել ևս, երբ Ֆրանսիան Արցախյան հարցում համանախագահող երկիր է: Չեմ կարծում` Ադրբեջանն իր հոխորտանքը կվերածի քայլերի, քանի որ դա նրա օգտին չի լինի: Ադրբեջանի այս քայլը նաև այլ երկրների է ուղղված, այսինքն` եթե Արցախի նախագահը վաղը մեկ այլ երկիր այցելի, որի հետ Ադրբեջանը որոշակի շահեր ունի, այդ երկիրը չընդունի Արցախի նախագահին, որպեսզի հետո չտուժի, ասենք` տնտեսական հարաբերությունների առումով:
Կ. Հ.