Տեղեկացրել էինք, որ հունվարի 23-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդի շրջանում հակառակորդի հարձակման ժամանակ վիրավորվել էր շարքային Հովհաննես Ավանեսյանը: Վնասվել էին զինծառայողի թոքն ու լյարդը: Նրան Բերդում վիրահատելուց հետո տեղափոխել էին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Yerkir.am-ի հետ զրույցում հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյան հայտնեց, որ երեկ կրկին վիրահատել են Հովհաննեսին:
«Վնասված էին տղայի երեք ողերը: Վիրահատությունը կոչվում է տրանսպեդիկուլյար ֆիքսացիա: Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող է անցել, չնայած նրան, որ վիճակը ծանր է: Եթե չվիրահատեինք` երկրորդական բարդություններ կառաջանային, քանի որ նրան պետք է նստեցնենք, որ թոքն աշխատի»,- ասաց Ասատուրյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Հովհաննեսի գիտակցությունը տեղն է, նրա մոտ են հայրը, մայրը, եղբայրը: «Ընտանիքի անդամները գալիս են, զրուցում, բայց դա ոչինչ չի նշանակում: Կարող ենք ասել, որ պայքարում ենք կյանքի համար»,- ասաց բժիշկը: