կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-30 20:00
Հասարակություն

Բորդյուժան՝ սահմանին տիրող իրավիճակի և Գյումրիի ողբերգության մասին

Բորդյուժան՝ սահմանին տիրող իրավիճակի և  Գյումրիի ողբերգության մասին

Այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ամփոփիչ մամուլի ասուլիսը:

 

Նա ներկայացրել է  ՀԱՊԿ-ի գլխավոր ձեռքբերումներն ու նշել հիմնական բնագավառները, որտեղ կազմակերպությունը մեծ հաջողություններ է գրանցել:

 

Ըստ ԳԱԼԱ-ի` հնարավորություն է տրվել հարցեր ուղղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, և հենց առաջին հարցը վերաբերել է հայ-ադրբեջանական սահմանինի տիրող լարված իրավիճակին:

 

«Բորդյուժայից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է բացակայում ՀԱՊԿ-ի հստակ արձագանքը, և նրա կարծիքով արդյո՞ք կարող է դիվերսիոն գործողությունները վերաճել պատերազմի:

 

Պատասխանը հետևյալն էր. «2014 թ. ընթացքում արվել են հայտարարություններ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, եղել են հայտարարություններ, որոնք ընդունվել են արտաքին գործերի նախարարների մակարդակով, նաև հայտարարություն, որն արվել է ՀԱՊԿ-ի համագումարի նստաշրջանի ավարտին, որոնցում հստակ ներկայացված է ՀԱՊԿ-ի վերաբերմունքն այդ դեպքերին: Էլ չասեմ, թե այն ինչպիսին է, պարզ է, չէ՞: Բացի այդ, եղել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համապատասխան հայտարարությունները: Ես նաև այցելել եմ սահման, այդ թվում՝ հայկական բանակի մի քանի ստորաբաժանումներ, որոնք գտնվում են սահմանին, որից հետո այդ խնդիրները քննարկվել են ՀՀ նախագահի հետ: Եթե չեմ սխալվում, 2014թ. ամռանը Սոչիում տեղի ունեցավ երեք նախագահների հանդիպումը, որի ընթացքում այս խնդիրները նույնպես քննարկվել են: Թե էլ ի՞նչ արձագանք պետք է լինի սրանից բացի, դժվար է ասել: Եթե դուք կարծում եք, որ մենք պետք է պատասխանենք ռազմական միջոցներով, ապա դա հակասում է հավաքական անվտանգության հիմնական դրույթներին, առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»:

 

Լրագրողի այն դիտարկմանը, որ ագրեսիան եղել է հենց հայկական տարածքում, և կան սպանված զինվորներ, Բորդյուժան արձագանքեց. «Ես արդեն խոսեցի այն արձագանքի մասին, որը հնչել է: Մենք ասում ենք, թե ինչպես ենք տեսնում դեպքերի հետագա զարգացումը, թե ինչպես է պետք քաղաքական միջոցներով լուծել այդ խնդիրը, և ես կարծում եմ, որ դա բավականին կշռադատված հայտարարություն է, որն արտահայտում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև 6 երկրների կարծիքը»:

 

Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ ուժերի զորավարժություններ, որոնց կհրավիրվեն նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք 102-րդ ռազմաբազայի ղեկավար կազմը պետք է պատասխանատվության ենթարկվի այն բանի համար, որ զինվորը զենքը ձեռքին լքել է զորամասը, ինչի արդյունքում տեղի է ունեցել ողբերգությունը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պատասխանեց. «Գիտեք, այդ մասին արդեն խոսել է ՌԴ պաշտպանության նախարարը, ով նշել է, որ բոլոր այն անձիք, ովքեր թույլ են տվել նման բացթողում, այդ թվում զինվորի հանդեպ հսկողության բացակայության հետ կապված, նրանք համապատասխան պատժի կենթարկվեն: Առաջին հերթին պետք է ավարտին հասցնել քննությունը: Ես հասկանում եմ, որ դա ողբերգություն է, և ևս մեկ անգամ իմ ցավակցությունն եմ հայտնում հայ ժողովրդին»,- կարդում ենք կայքում: