կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 16:40
Տնտեսական

Կառավարությունը կսուբսիդավորի ամսական 250 կիլովատտ ծախսող ՓՄՁ-ների էլեկտրաէներգիայի թանկացված սակագնի ծախսը

Կառավարությունը կսուբսիդավորի ամսական 250 կիլովատտ ծախսող ՓՄՁ-ների էլեկտրաէներգիայի թանկացված սակագնի ծախսը

Այսօր կառավարության նիստում էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց էլեկտրաէներգիայի սակագների մեղմացման մասին որոշման նախագիծը:

Ըստ այդմ` 2015 թվականի օգոստոսի 1-ից, մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց սուբսիդիայի կարգով գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ կառավարությունը 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, բնակիչ սպառողների (էլեկտրական էներգիայի ամբողջ սպառման մասով) և 0.38 կՎ լարմամբ սնվող՝ ամսեկան մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսեկան մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը կվճարի էլեկտրական էներգիայի` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագները մեղմացնելու համար տրամադրվող սուբսիդիաներ` հետևյալ չափերով`

1) բնակչության ամսական սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի համար` ա. ցերեկային 48,78 դրամ/կՎտժ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա, բ. գիշերային 38,78 դրամ/կՎտժ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա,

2) 0,38 կՎ լարմամբ սնվող՝ ամսեկան մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող սպառողների (բացառությամբ՝ բնակչության)` ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման համար` ա. ցերեկային 48,78 դրամ/կՎտժ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա, բ. գիշերային 38,78 դրամ/կՎտժ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) սակագնից՝ 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա:

2. Առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներից վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից նվազեցված գներով` հետևյալ չափերով` 1) բնակչության ամսական սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի համար`ա. ցերեկայինը՝ 41,85 դրամ/կՎտժ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը), բ. գիշերայինը՝ 31,85 դրամ/կՎտժ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը), 2) 0,38 կՎ լարմամբ սնվող՝ ամսեկան մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող սպառողների (բացառությամբ՝ բնակչության)՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառման համար` ա. ցերեկայինը՝ 41,85 դրամ/կՎտժ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը), բ. գիշերայինը՝ 31,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների մասին հաշվետվությունը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ ազգաբնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացված արժեքը սուբսիդավորվելու է կառավարության կողմից՝ արտաբյուջեից: «Այսօր առավոտյան հանրապետության նախագահի հետ քննարկել ենք ՓՄՁ-ներին աջակցելու հարցը: Որոշում ենք կայացրել` կառավարությանը ներկայացնել այս նախագիծը, որով փորձում ենք լուծել ՓՄՁ-ների հոսանքի սուբսիդավորման հարցը: ՓՄՁ-ները ամսական մինչև 250 կիլովատտ  հոսանք են ծախսում, դա նույնպես կսուբսիդավորի կառավարությունը»,- ասաց վարչապետը: