կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-28 16:35
Առանց Կատեգորիա

Ադրբեջանցիներն արխային լինել չեն կարող` դիմացը մենք ենք կանգնած. Դավիթ Ամալյան

Ադրբեջանցիներն արխային լինել չեն կարող` դիմացը մենք ենք կանգնած. Դավիթ Ամալյան

Հունվարի 27-ն է` սովորական մի օր: Մյուս կողմից` օրվա արտասովորն ու սովորականը մեր ձեռքին չէ՞: Լավ, թեկուզ ինչ-որ չափով: Հունվարի 27-ն է` դեռ դատարկ մի օր, որը լցնել է պետք: Արդեն սովորություն է դարձել Հայոց բանակի օրվա նախօրեին Դավիթ Ամալյանի հետ զրուցելը, ու ամենագրավիչը զրույցն է, պատմությունները, որոնք սկսվում են ձայնագրիչն անջատելուց հետո: Ամալյանն ինչքան էլ խոսի բանակում առկա խնդիրների մասին, մեկ է, վերջում ոգևորված ես դուրս գալիս նրար աշխատասենյակից` բանակն Ամալյանի համար երեխայի պես է` խրատում է, որ տարիներ հետո կարգին մարդ դառնա: Yerkir.am-ի զրուցակիցն է ազատամարտիկ, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը:

 

-Տարին մի տեսակ լավ չսկսեցինք, ամիսը դեռ չի ավարտվել, բայց արդեն 10 զոհ ունենք:

-Իսկապես, վատ էր, բայց էնպես չի, որ տարին պետք է ավարտվեր, ու մեր թշնամիներն էլ պետք է փոխվեին: Ճիշտ է, Նոր տարին երազանքի տոն է, և բոլորն էլ հավերժ խաղաղություն են երազում, ու երևի էդ նույն ոչխարներն էլ են քնելուց առաջ խաղաղության մասին երազում, բայց երազելը ոչ մի տեղ չի տանում: Ամբողջ աշխարհի վիճակն է մի քիչ լարված: Չգիտեմ` սա ո՞ւր է տանում, բայց, համենայն դեպս, չեմ ուզում բացասաբար տրամադրվել և մտածել, որ մենք գնում ենք դեպի 3-րդ համաշխարհային կամ աշխարհի կործանում: Կյանքն առաջ է գնում, երեխեք են ծնվում այսօր, և նրանք պետք է ապագա ունենան, չի կարող այլ կերպ լինել:

 

-Ասում են` հակառակորդը վերջին շրջանում, կարծես, արխային է դարձել` այդպե՞ս է, թե՞ այդպես ցույց են տալիս:

-Ակնհայտ է, որ թշնամին իր նախաձեռնությամբ չի հարձակվում: Էդ անտեր դրսի ուժերն այնքան բազմազան են, որ ես համոզված եմ, որ այդ ուժերը փոքր ազգերի միջոցով են իրարից վրեժ լուծում: Հիմա ես չեմ համարում մեր թշնամուն որևէ ազգի տեսակ` ինչ-որ կենսաբանական մարմինների միասնություն են, բայց, ամեն դեպքում, նրանք կարողանում են, ազդեցության տակ ընկնելով, ինչ-որ բաներ անել: Բայց ես չեմ կարող հասկանալ, թե ինչքա՞ն կարող է պետական պաշտոնյան, առավել ևս` նախագահը պրիմիտիվ լինել, որ կառավարական նիստի ժամանակ հայտարարի, թե հակառակ ազգը պիտի ոչնչանա: Փոքրոգի են շատ, բայց, դե, ինչ անենք, իրենք էլ էդ են: Արխային լինել չեն կարող` դիմացը մենք ենք կանգնած:

 

-Ամիսներ առաջ` մենահամերգի ժամանակ, հայտարարեցիք, թե դիմենք աշխարհին, որ մեր թշնամուն փոխենք` նրանց համար մեռնելն էլ է ափսոս: Փոխենք, որովհետև նրանք անգամ չեն հասել այն մակարդակին, որ մեր թշնամի՞ն կոչվեն:

-Հա, էլի, ախր, շատ մի տեսակ են: Տես` թող ուժեղ լինեն, ա'յ մարդ, մեզնից ուժեղ լինեն, բայց մարդ լինեն, մարդ, որոնց հետ կոմպրոմիսի գնալու ինչ-որ տարբերակ լինի: Ո՞նց կարելի է մի շաբաթվա մեջ ամեն օր դիվերսիա անել, բոլորն անհաջողությամբ պսակել, հետո էլ հրադադար խնդրել: Ի վերջո, մեկ-մեկ հոգնում ես, չէ՞, դիմացինի «փոքրությունից»: Մարդիկ ընտանիք կազմելիս, Աստված մի արասցե, երբ հոգնում են, ասում են` արի` բաժանվենք, հիմա մենք ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք: Դրա համար մենք պարտավոր ենք ուժեղ լինել և հակախուճապային: Մեր ամեն զոհն իրենց բանակն ու ազգն արժե, ծանր է պահը, երբ իմանում ես` զոհ ունենք: Ցավակցում եմ մեր զոհերի ընտանիքներին, քանի որ, ի տարբերություն որոշ ազգերի, մեր պետությունում զոհը բոլորիս ցավն է: Հակառակորդն իրականում վախենում է, նրանք վախենում են պատերազմ սկսել ու չեն էլ սկսելու, այսպես բզբզելու են, որ մեր մեջ խուճապ առաջանա: Իրենք շակալի նման կծելու են ու փախչեն: Բայց մենք գիտենք` թշնամուն հաղթելու լավագույն զենքը թշնամու խուճապն է, իսկ իրենց մոտ խուճապը, թու-թու-թու, լավ է ստացվում: Իսկ եթե մենք տրվենք խուճապին` ոնց որ սկսենք իրենց փամփուշտ տալ:

 

-Օրերս Արկադի Տեր-Թադևոսյանի հետ էի զրուցում, և նա ասաց` մենք պաշտպանված ենք, ժամանակն է արդեն հակառակորդին մեր ուժը ցույց տալու: Դո՞ւք էլ եք այդպես կարծում:

-Բա իհարկե: Չնայած, նույնիսկ եթե ես դեմ լինեմ, իրավունք էլ չունեմ նրան հակառակվելու, ոչ միայն նրա համար, որ ինքը լեգենդ է, այլ` իր անցած ճանապարհը հաշվի առնելով: Կոմանդոսի խոսքը չի կարող ճիշտ չլինել: Նա նաև ասել էր, որ եթե մենք անցնենք հարձակողական որոշ գործողությունների` թշնամին շատ արագ հետ կքաշվի, քանի որ Ադրբեջանի հատկապես` հյուսիսային հատվածում տեղակայված են ազգային փոքրամասնությունները, որոնք չեն էլ սիրում ադրբեջանցիներին: Այսինքն` հերիք է` ինչ-որ քայլ անենք, նրանք դիրքերը թողնելու են, փախչեն: Դրա համար մեզ պետք է ուժի դիրքերից խոսել, բայց թշնամուն շատ թերագնահատել էլ պետք չէ: Մեր 18 տարեկանն առանց զենքի իրենց 30 տարեկան դիվերսանտին ծեծում-լարում է, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել` եթե իրենց դիվերսանտները թո՞ւյլ էին, էդ ինչպե՞ս թիկունքը ճեղքեցին ու հասան այդտեղ: Մի բան էլ` եթե իրենք լավ զենք ունեն, դա չի նշանակում, որ իրենց բանակը մարտունակ է: Վերջերս զենքերի լավագույն տասնյակն էին ցուցադրում ամերիկյան մի հեռուստաալիքով, և ուշագրավ էր այն հանգամանքը, որ առաջին տեղում մարդն էր: Մի լուսահոգի ընկեր ունեմ` Ալեքսանդր Մելքոնյանը` Սաշը, ասում էր` հայի ինտելիգենտն ագրեսիվ է, Ադրբեջանինը` պասիվ, որովհետև երբ վերջինս սկսում է ճանաչել իրեն, ամաչում է իր տեսակից, իսկ մենք սկսում ենք վրեժի զգացում ունենալ: Չեմ ուզում ցոփ ու շվայտ հայտարարություններ անել մեր պետության տնտեսության մասին, որովհետև այն սիմվոլիկա է մեզ մոտ, բայց բանակն ու լեզուն սիմվոլիկա չի, ու սրա համար ապրել է պետք այնքան` մինչև մյուսներն էլ դառնան ոչ սիմվոլիկ:

 

-Հասարակության իդեալը փոխվում է` զենքով տղաներին գալի՞ս են փոխարինելու «օբեկտ ունեցող» տղաները, թե՞ նրանք, ովքեր իրենցից ինչ-որ բան են ներկայացնում, բայց լուռ են, դրա համար էլ վատը ցցուն է դարձել:

-Այո, ցավալի է, բայց կա նման բան: Մարդկանց մի տեսակ կա, որոնց թվում է, որ իրենք խորամանկ են` փող են աշխատում, իսկ կռվողը գնում է կռվելու: Ցավոք, այո, էդ տեսակը սիրում է երևալ, իրեն ցույց տալ: Ցորենի արտը ոնց է` դատարկ հասկը թեթևությունից գլուխը տնկած է լինում, իսկ լիքը հասկը գլուխը կախում է: Չինովնիկական ձգտումներ, հիմնականում, ունենում են այն մարդիկ, ովքեր դժվարություններից խուսափում են, փորձում իրենց հարցերն ավելի մատչելի ճանապարհով լուծել: Հիմա, երբ երիտասարդ տղաների եմ տեսնում` դոշներին կուսակցական նշան խփած, ասում եմ` ախր, էդ դոշը սիրելու համար է, իսկ որ սիրում ես, արդեն գիտես` էդ դոշն ինչի համար տաս: Ինձ համար բանակի տղերքն են այսօրվա հերոսները: Հա, ի դեպ, զոհված տղաներից ոչ մեկն էլ չի ասել` ես գնալու եմ և կյանքս տամ հայրենիքի համար, չէ՛, գնացել են սուսուփուս, թուրքն եկել է, կռվել են, տեղը եկել է` զոհվել են:

 

-Մի քիչ շա՞տ չեն գաղափարախոսական, ռազմահայրենասիրական պաթոսային ճառերը` գործի փոխարեն:

-Այո, հայրենասիրությունից խոսողներ գիտեմ, որոնց կարողության 5 տոկոսը որ ներդրվի, դիրքային ճանապարհներն ամբողջությամբ կասֆալտապատվեն: Ես դեմ չեմ` փող ունեցեք, փողը վատ բան չի: Ես էլ եմ ուզում փող ունենալ, որ ապրեմ, տուն առնեմ, մեքենա ունենամ, պարտք չունենամ, ու վերջ, այդքանից հետո ուզում եմ փող ունենալ, որ ընկերջս տուն առնեմ: Այսինքն` փողը պետք է ունենաս` ծախսելու համար, ճիշտ տեղին ծախսելու համար: Այսօր 50 000 դոլար չունենալու պատճառով մեռնող երեխա կա, իսկ մենք համերգ ենք տալիս, որ 5000 դոլար հավաքենք: Եթե օլիգարխին ասենք` օգնի, կասի` ախր, գիտե՞ք, քանի նման երեխա կա: Ա'յ մարդ, դու մեկից սկսիր: Այդ նույն երեխային բուժելը դիրքերի ճանապարհն ասֆալտելու պես կարևոր է, քանի որ այդ երեխան կմեծանա ու հնարավոր է դառնա Պետո, Դուշման…

 

-Պատերազմը դեռ չի ավարտվել, սա՞ էր մեր երազած խաղաղությունը:

-Պատերազմն ավարտվեց, օրինակ, 1945-ին, երբ երկու պետություն ձեռք ձեռքի տվեցին ու սկսեցին զարգանալ, իսկ մենք արդեն 20 տարի է` իբր ավարտված պատերազմ ունենք, որը ոչնչով չի ավարտվել: Թշնամական զգացողությունը գնալով ավելանում է, այսինքն` մենք պատրաստ ենք իրենց խաղաղության կոչ անել, քանի որ հաղթող կողմ ենք, բայց եթե մենք աշխարհին կարողանայինք ճիշտ ներկայանալ, այսինքն` ոչ թե որպես հաղթող, այլ պահանջատեր, միգուցե այն ժամանակ ադրբեջանցիներն էլ հաշտվել ցանկանային: Մենք չպետք է մեր հաղթանակը սարքեինք հաղթանակ. մի ամբողջ շենք մեզնից խլել են, մի քանի բնակարան հետ ենք վերցրել ու ասում ենք` հաղթեցինք: Չգիտեմ` թերացումը որտեղի՞ց սկսվեց, էդ արտաքին քաղաքականությունից երևի:

 

-Մյուս տարի հունվարի 27-ին, երբ էլի հանդիպենք ու էլի զրուցենք, ո՞ր հարցը կուզենայիք` օրակարգային չլիներ:

-Այս տարի Ամանորին տղերքից մեկն ասաց` թող այս տարի խաղաղություն ու առողջություն լինի, մնացածը ձեռքի գործ է: Հա, իրոք, մնացածը ձեռքի գործ է, կանենք, էլի: Երանի խաղաղության թեման ակտուալ չլինի, քանի որ սա խաղաղություն չէ, խաղաղությունն էն է, երբ հայտարարվում է ոչ թե հրադադար, այլ խաղաղություն: Իսկ այն փաստը, որ պատահականորեն կարող է մեկ հայ ընկնել Ադրբեջան, ու նրան կարող են խոշտանգել միայն այն բանի համար, որ նա ՀՀ քաղաքացի է, դա արդեն խաղաղություն չէ: Չեմ կարծում, որ երազանքս եկող տարվա համար իրականություն կդառնա, բայց կգա այդ ժամանակը, թեպետ դեռ վերջը չի երևում` այն իմաստով, որ մենք ու ադրբեջանցիները կարող ենք ընդհանուր լեզու գտնել, քանի որ շատ տարբեր ենք:

 

Կարինե Հարությունյան

 

Հ. Գ. Դավիթ Ամալյանի նախորդ` 2014-ի հունվարի 28-ի հարցազրույցը` այստեղ