Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ազատամարտիկ, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը:
-«Ազգային լեգեոն» ջոկատի անցած մարտական ուղու մասին պատմեք: Ինչպե՞ս ստացվեց, որ երիտասարդության լավագույն տարիներին որոշեցիք կռվի դաշտ գնալ:
-Չգիտեմ` ինչու` միշտ ինձ է տրված մարտական ուղուց խոսել: Մեր հրամանատարը` Գեւորգյան Լյովան, հմուտ տիրապետում է այս ամենին, եւ ոչ միայն նա, մեր տղաներից յուրաքանչյուրը մի քիչ ավելի շատ կարող է տիրապետեն ինֆորմացիայի, քան ես:
-Դե, քանի որ այս պահին հենց Ձեզ հետ եմ զրուցում, ուրիշ ճար չկա:
-«Ազգային լեգեոնը». 1988-ին 14 տարեկան ջահելներ էինք, եւ ամեն մեկս մի տեղ էր` շարժման, հանրահավաքների, եւ միայն դեմքով իրար գիտեինք: Այդ ժամանակ կռիվ չկար: 1989-ի վերջերին, երբ իրավիճակը լարվեց, արդեն իրար ճանաչում էինք: Երազում էի աֆղանական ջոկատի հետ որեւէ կապ ունենալ, որի հրամանատարը Հակոբյան Սմբատն էր: Հետո դասընկերներիցս մեկն ասաց, որ ինքն այդ ջոկատում է, եւ այդ օրերին նրանք տղաներ են հավաքում, եւ այդպես ես միացա նրանց: Սկզբում 11 հոգի էինք, եւ մեր ջոկատը կոչվում էր Սողոմոն Թեյլերյանի անվան ջոկատ: Մեզ հետ պարապում էին աֆղանական ջոկատի տղերքը` Դուշման Վարդանը, Մինյոր Լյովը, Բոյով Գեւորը… Նրանց պարապունքները մեզ շատ բան տվեցին` թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեւոր իմաստով: Ուսումնամարտական մեր պարապմունքներին 700 հոգուց ավելի մարդ էր գալիս-գնում, ամեն 100-ից ջոկատում մնում էին 2-3-ը: Վերջում 15-16 հոգանոց ջոկատ կազմեցինք, որն անվանեցին «Ճտերի ջոկատ», քանի որ 14-16 տարեկան տղերք էինք: Առաջին օպերացիան, որին ջոկատը մասնակցել է, 1992-ին Խոջալուի ազատագրումն էր, որին ես՝ ինքս, բախտ չեմ ունեցել մասնակցելու /մեզնից երեքին չպետք է կռվի ուղարկեին, մեկն էլ ես էի, քանի որ մինուճար էի/: Այնուհետեւ 1992-ի ամռանը եղանք Գորիսում, Ղափանում, Իջեւանում, ձմռանը` Լաչինի հարավում, իսկ 1994-ին` Մարտակերտում: Մինչեւ վերջ էլ ճտեր մնացինք, անգամ հիմա, երբ պետք է հանդիպենք, մեր ավագ ընկերներն ասում են` բա ճտերից ո՞վ է գալու: Մենք էդ տիտղոսից վատ չենք զգում:
-Մարտական դաշտի թոհուբո՞հն էր, անցածի կուտակվա՞ծն էր երգեր գրելու «մեղավորը»:
-Բալես, ինչից խուսափում եմ խոսել, այդ հարցերն ես տալիս: Ես պատերազմից խուսափել եմ խոսել: Եթե պատերազմի մասնակից 40-50 հազար մասնակից կա, ես 49 982-րդն եմ, այսինքն` չի կարելի խոսեցնել մեկին պատերազմից, ով ուղղակի հայտնի է: Եթե առիթ է լինում պատերազմից ինչ-որ բան հիշելու, միայն հումորային պատմություններն ենք հիշում: Երգը ներքին զգացողություն է. պատերազմի ժամանակ երգեր չեմ գրել: Պատերազմից հետո առաջին երգը գրել եմ 1994-ին էր, երբ հրադադարին մեկ ամիս էր մնում. Մարտակերտից նոր էի եկել էի, ընկերս` Ցուլը /Արման Զոհրաբյան/, զոհվել էր: Ավելի վաղ էլ երգեր ունեի գրած` 6-7-րդ դասարաններում, օրինակ՝ «Լճակ» բանաստեղծության հիման վրա, բայց դրանք մանկական փորձեր էին: Պատերազմի ժամանակ երգը մեզ հետ է եղել` ոչ միայն նրա համար, որ ես երաժիշտ եմ, երգը բոլորի հետ էր: Երգը հոգու խոսքի էմոցիոնալ մատուցումն է, իսկ պատերազմից ավելի էմոցիոնալ դաշտ գոյություն չունի: Ինչպես երգի մեջ` խոսքն ու երաժշտությունը պետք է 50/50 լինեն, այնպես էլ պատերազմի դաշտում` սիրտն ու գիտակցությունը: Պետք է ուղեղդ ծառայի սրտիդ, սիրտդ` ուղեղիդ, որ պտուղ տա: Ընկերներիցս մեկը փայլուն միտք ուներ, ասում էր` հայ զինվորականը, հայի մարտնչող տեսակը պետք է լինի սրտով ֆիդայի, ուղեղով` կադրավիկ: Սիրտդ պետք է հողի համար ցավա, իսկ ուղեղդ պետք է աշխատի` ընկերոջդ կյանքը փրկելու համար:
-Այն, ինչ կատարվում է բանակում` սպանություն, ծեծ, պարզ է, բուռն արձագանք է ստանում: Բանակում պատահող դեպքե՞րն են ավելացել, թե՞ հասարակության մեջ է ինչ-որ բան փոխվել:
-Դիմում եմ բոլոր լրագրողներին` բանակի ներքին հարցերը լուսաբանելիս զգույշ եղեք: Բանակի ներքին խոհանոցը բացահայտելն առիթ տվեց, որ վերջին շրջանում ադրբեջանցիները արխային լինեն: Եթե անգամ դա էլ չէր պատճառը, այն անպայման նպաստեց: Եթե մեզ թվում է` ադրբեջանցիների մոտ նման դեպքեր չեն լինում, սխալվում եք, իրենց մոտ մի քանի հարյուր անգամ ավելի շատ է լինում: Բայց քանի որ մեզ մոտ ինֆորմացիան շատ շուտ է տարածվում է, շատ է թվում: Մենք չենք գիտակցում, որ առաջինը հենց նրանք այդ ինֆորմացիան կարող են կարդալ: Շատ վատ է, որ տեղի են ունենում նման դեպքեր, բայց այնպես չի, որ բանակ չգնացողի հետ փորձանք չի պատահում, բանակից դուրս նման դեպքեր չեն լինում: Մի օր ուղղակի երեկոյան 12-ից հետո Ջրվեժի մոտով քայլեք եւ տեսեք` ինչ է կատարվում. հազվադեպ հարսանիքներ են լինում, որ վերջում խաղաղ են բաժանվում: Բանակում, որտեղ ծառայում են տասնյակ հազարավոր տղաներ, բնական է, որ ինչ-որ խնդիրներ կլինեն: Հա, ես երազում եմ, որ գա ժամանակ, եւ այդ խնդիրներն ընդհանրապես չլինեն, եւ պատկերացրեք` դա հեքիաթ չի, իրականանալի է. կգա մի ժամանակ, եւ դրան էլ կհասնենք: Հայերի առանձնահատկությունն անկեղծության միջոցով իրար սիրելու մեջ է: Մենք անկեղծանում ենք, երբ դժբախտության մեջ ենք ընկնում: Մինչեւ էդ բարդույթավորված մարդու տեսք ենք ընդունում, եւ ոչ ոք դիմացինին չի հավատում, ինչն էլ, կարծում եմ, մեր ցավոտ անցյալից է գալիս: Բժշկի, դասախոսի, ոստիկանի, կենցաղային շփման մեջ անկեղծ չենք, իսկ կեղծիքը սեր չի ծնում: Այսինքն` դարդդ կիսելու հավես չունես, եւ միայն ցավի շուրջ ենք համախմբվում` թեկուզ կենցաղում. հարեւանը հարեւանին տարիներով կարող է չբարեւել, բայց երբ հարեւանի տանը վիշտ է լինում, մեկը նստարան է բերում, մյուսը բակի լույսն է միացնում: Է, եկեք մինչեւ էդ համախմբվենք, որ համախմբվեք, կարող է եւ էդ ցավը չգալ: Հիմա էլ էս ՀԿ-ները, գենդերային կազմակերպությունները, ականջօղներով տղամարդիկ եղանն առել, ընկել են բանակի ջանը: Այ բալամ, ի՞նչ անենք, չե՞ք ուզում` փակենք բանակը: Միակ մեր պետական արժեքավոր ունեցվածքը բանակն է: Բանակը հոգեւոր երեւույթ է, բանակին ծառայելը եկեղեցի գնալուց թանկ բան է: Բանակին ծառայելը պետք է թաքուն անես, բանակի զարգացմանը նպաստելը պետք է այնպես անես, որ ոչ ոք չիմանա, քանի որ դու քեզ համար ես դա անում, եւ ինչքան էլ անես, քիչ է: Դու հանգիստ քնում ես, իսկ սահմանին տղերքն արթուն են եւ անհանգիստ, քանի որ քո հանգիստն են պահպանում:
-Ազատամարտիկներն Ազատության հրապարակում արդեն որքան ժամանակ է՝ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, իսկ իշխանությունը, կարծես, չի լսում նրանց, չե՞ն գիտակցում, որ նեղն ընկած ժամանակ էլի ազատամարտիկների վրա չե՞նք հույսներս դնելու:
-Բոլորի հետ կիսում եմ իրենց ցավը, նրանց շատ եմ ընդունում, ես իրենց ցավը տանեմ, ես իրենց կրտսեր ընկերն եմ: Վոլոդյան առաջատար կռվող է եղել, ասֆալտի ֆիդայի չի եղել, լուրջ դեմք է եղել: Նա Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում էր, ես իրեն ծառայության ժամանակ եմ հանդիպել. Վոլոդյայի հետ շատ եմ շփվել, մաքուր ու ազնիվ մարդ է: Սակայն քաղաքական որեւէ հայացք ոչ մեկի հետ 2008-ից հետո չեմ կիսում, եթե անգամ մեր տնից էլ որեւէ մեկը որոշի գնալ Ազատության հրապարակ, ես նրան չեմ սատարի: Մյուս կողմից՝ նրանց հարցը քաղաքական էլ չէ, նրանք ազնիվ մղումներով ուզում են ինչ-որ բաներ փոխել, բայց այդպես չի փոխվի: Գիտե՞ս` հավատալը լավ բան է. ես վերջին շրջանում ստեղծագործություններիս մեջ նշում եմ, որ նախկինում էնտիզիազմս ավելի շատ էր, իսկ այսօր վախենում եմ հավատալուց: Վազգենի հետ կապված մի հետաքրքիր դեպք կա, Ալվարդ Պետրոսյանն է պատմել. կռվի ժամանակ մի գուշակ գուշակել էր, թե էսինչ սարի տակ ոսկի կա թաղված: Վազգենն էլ պատերազմի ժամանակ, ամեն ինչ թողած, հրամայում է սարը փորել: Անհրաժեշտ խորությունից մեկ մետրից ավելի փորում են, տեսնում` ոչինչ էլ չկա: Գուշակը, բնականաբար, փախչում է, ու բոլորը լարված սպասում են, թե ինչ պետք է լինի: Պատկերացրեք` լարված վիճակ, պատերազմ, եւ 3-4 օր է՝ պաշտպանության նախարարը սար է փորում: Մեկ էլ բարձր, շատ բարձր ծիծաղ է լսվում: Ալվարդ Պետրոսյանը, երբ հարցրել է, թե` հը՞ն, Վազգեն, ի՞նչ է եղել, Վազգենը պատասխանել է. «Չէ, չեմ գժվել, ուղղակի մտածում եմ, որ էդ գուշակին բռնենք ու ասի, թե էդ սարը չէր, կողքինն էր, էլի ենք փորելու»: Ես ընդունում եմ այն մարդկանց, ովքեր նույնիսկ եթե մտածում են, որ միգուցե իրենց խաբում են, բայց վստահում են, հավատում դիմացինին: Ես միշտ ինձ այդ մարդկանց շարքին եմ դասել, բայց հիմա ցույցային, միտինգային, հասարակական գործունեությանը չեմ կարողանում հավատալ: Հավատին հավատում եմ, թղթին չեմ կարողանում հավատալ, ի վերջո, արվեստը հոգին է, իսկ այն, ինչ շոշափելի է, իրական է եւ… անհետաքրքիր: Այն, ինչ գրված է` Տեր եկավ, ասաց…, համարում եմ գրածներ, իրական հոգու ասվածը չէր կարող ինչ-որ տեղ գրվել:
-Ազատամարտիկներին տեսնելով` այսօրվա երիտասարդների մեջ հույսը չի՞ կոտրվի:
-Այ, ես կուզեի` տղերքն այդ մասին էլ մտածեին: Բայց ես վստահ եմ, որ էս ազատամարտիկների 99 տոկոսն անպայմանորեն պատերազմի ժամանակ գնալու է կռվելու: Համենայն դեպս, իրենք դավաճան չեն, դավաճան են նրանք, ովքեր հայրենասեր են ձեւանում` ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության մեջ: Երեխային հենց ասես՝ սիրի հայրենիքդ, չի սիրի, պետք է հնարավորություն տաս, որ նա գա դրան, հասնի դրան: Այդ գաղափարախոսությունները դրա համար չեմ սիրում, ախր դրանք բառեր չեն, է՜, զգացողություններ են, հենց էդ բառերը չարաշահում ես, զգացողությունը փախչում է քեզնից: Հոգնել եմ ռազմահայրենասիրական պաթոսից, ելույթի մեջ էնքան խիստ են շեշտում ռազմահայրենասիրական բառն էն մարդիկ, որ ո'չ ռազմից են տեղյակ, ո'չ հայրենիքից: Ես զոհված ընկեր չեմ հիշում, որ ռազմահայրենասիրական բառեր, ճառեր օգտագործեր: Մարդն է կարեւոր, մարդու տեսակը: Ներկայանալիս միշտ ասում եմ` էությամբ մարդ, բնույթով` հայ: Արտոն շատ լավ խոսք ուներ` մարդությունն արժեք է, ազգությունը` համեմունք, երկուսի համադրումն էլ անհրաժեշտ է: Նույն էգի, որձի պատմությունն է` եթե դու մարդկայինն ու ազգայինը չխառնես, պտուղ չես ունենա: Նեղ ճակատով եւ երկար բեղերով ազգայնականներից ավելի եմ վախենում, նրանք էլ են աղանդավոր, քանի որ որեւէ բանի մոլեռանդությունն աղանդ է ինձ համար: Ցավոք, վերջերս հասարակական աղանդավորներ են հայտնվել, որ երեք օր ցույցի չեն գնում, ինչ-որ տեղը սկսում է ցավալ, խոսքն էնտուզիազմով մասնակիցների մասին չէ: Ես ինքս մասնակցել եմ ցույցերի, բայց մարտի 1-ից հետո դադարեցի գնալ: Մարդը կյանքի ընթացքում պետք է ստեղծագործի, նկատի չունեմ երգելը, գրելը, նկարելը. ստեղծագործել ապրելու միջոցով` անկախ մասնագիտությունից: Ինչ-որ բան պետք է փոխես, իսկ դու քո ժամանակը ծախսում ես, գնում ուրիշի ստեղծագործությունը քննարկում, այ մարդ, դու քոնն արա: Լավ է համախմբվելը, բայց պետք է նայել` ինչի՞ շուրջ: Մարտի 1-ի օրերին որոշ մարդիկ ասում էին` բարիկադներ սարքեք, կռված տղերք կային, որոնք զարմացել էին` բարիկադ սարքե՞նք, ո՞ւմ համար, այդ երկաթներն ո՞ւմ համար են, ո՞ւմ ենք դրանցով խփելու, չէ՞ որ դիմացը կանգնած են 18-19 տարեկան մեր երեխեքը: Ես չգիտեմ՝ ով հրահրեց, որ այդ երկաթները վերցնողներ եղան, բայց դա կազմակերպված էր: Հասկացել եմ` մեր համախմբվածությունը երբեք հասարակական չի կարող լինել: Ավելի լավ է պատերազմի շուրջ համախմբվենք, քան միտինգի: Պատերազմում գոնե գիտես` խաբված չես, քո գնալու իմաստը որեւէ մեկի կյանքը փրկելն է:
-Մարդու տեսակի հա՞րցը պետք է լուծենք, տեսակի կայացման վրա՞ կենտրոնանանք:
-Հա, բա իհարկե: Վազգենի խոսքն եմ հիշում` մեր մեջ հերիք է դավաճաններ փնտրենք, մեր ժամանակը կորցնում ենք՝ մեր մեջ թշնամի փնտրելով, այն դեպքում, երբ արտաքին թշնամու հետ մեր խնդիրները չենք լուծել: Գիտե՞ս` վատ բջիջները վերանում են լավերի անտարբերությունից, երբ տեսնում են, որ լավերն իրենց վրա թքած ունեն, ենթագիտակցորեն սկսում են իրենք էլ լավը դառնալ: Իշխանության մեջ լիքը առնետներ կան, երեք նախագահների ժամանակ էլ իրենց հոր նկարի փոխարեն նախագահի նկարն են իրենց գլխավերեւում կախել: Լեւոն Տեր-Պետրոսյանի գալն իմ իդեալը չէր, թեպետ ինտելեկտով եւ արտաքին քաղաքականությամբ ինձ հետաքրքրել է, բայց այն մարդիկ, ովքեր ներկայիս նախագահին պաշտպանելու համար Լեւոնին այլանդակ բառեր են ասում` նախագահի աչքը մտնելու համար, մոռացե՞լ են, որ ժամանակին Լեւոնի նկարն էր իրենց գլխավերեւում: Ո՞նց կարելի է այդքան փոխվել: Մեր խնդիրը դա է` իշխանությունը եւ ժողովուրդը չէ, մարդն է: Քծնողը մեր օրերում դառնում է լավ մարդ: Երբ տաքսու վարորդի հետ շփվում ես, ինքն էլ իր սիրտն է բացում, վերջում իրար հետ լավ եք բաժանվում` անկախ գումարի շատ կամ քիչ լինելուց, իսկ երբ դու նրան ուղղակի վարորդի տեղ ես դնում, անպայման ձեր հարաբերության վերջում ինքը թքած ունի քո տված թեյավճարի վրա, դու էլ` էն բանի, որ անվտանգ քեզ տեղ է հասցրել: Անգամ լռությունը պետք է անկեղծ լինի: Անկեղծության մեջ մեծացած երեխան, բանակում խնդիրներ չի ունենա:
-Այսինքն` եկանք-հասանք այն կետին, որ այն, ինչ կատարվում է բանակում, ինչ-որ տեղ օրինաչափ է, քանի որ բանակը հասարակության դեմքն է ցույց տալիս:
-Այո, բանակում կատարվածն օրինաչափ է: Ես բանակում ելույթից առաջ միշտ խոսում եմ տղերքի հետ ու ասում` տղերք, եթե ձեզ մեկն ասել է, թե թույլին ճնշելն լավտղություն է, սխալ է, թույլին ճնշողը նրանից էլ թույլ է: Սեւակն է, չէ՞, ասում՝ ատում եմ այն բարությունը, որը խեղճությունից է գալիս: Վախն ամենաազնիվ զգացողությունն է, տղամարդու կյանքի իմաստն այն է, որ պետք է վախի հետ կռիվ տա, այո, կինը պետք է հաշվի նստի վախի հետ, տղամարդը` կռվի: Ովքեր սիրում են ստորացնել, կրկնակի սիրում են ստորանալ: Կան պաշտոնյաներ, որ իրենց ամբողջ կյանքի իմաստը եղել է, որ իրենց պարոնով դիմեն, քարտուղարուհիներն էլ սուրճ մատուցեն: Այ մարդ, կարգին երազ չկար` երազեիք: Երիտասարդ կուսակցականներին ես փոքրիկ սերժանտ եմ անվանում, դոշներին կուսակցության նշան ես խփում, այ բալա, ջահել տղա ես, դոշիդ բան մի խփի, դոշդ թող պինդ լինի, որ կարողանաս հայրենիքդ, ընտանիքդ պահել:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ