կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-26 16:32
Իրավական

Դատարանը մտավ խորհրդակցական սենյակ` Վարդան Պետրոսյանի գործով վճիռ կայացնելու

Դատարանը մտավ խորհրդակցական սենյակ` Վարդան Պետրոսյանի գործով վճիռ կայացնելու

Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը մտավ խորհրդակցական սենյակ` դերասան Վարդան Պետրոսյանի գործով վճիռ կայացնելու: 

 

Մինչ այդ իր վերջին խոսքը շարունակեց ամբաստանյալ Պետրոսյանը: Նա հայտնեց, որ իրենց առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:  «Կցանկանայի տուժողների ներկայացությամբ խոսել` դեմ առ դեմ: Այս դատավարության ընթացքում ինձ երկու բան է զարմացրել` կիսամեռ վիճակով, պատգարակով ինձ կարելի՞ էր տանել կալանավայր, և ինչպե՞ս տուժող Նաիրա Կարապետյանը ներքաշվեց ներկայացված ստի մեջ»,-հարցրեց նա և, դիմելով Կարապետյանին, ասաց. «Ցավում եմ, որ Դուք ներքաշվեցիք այս ամենի մեջ: Եթե այստեղ ես երբեմն խոսել կամ չեմ խոսել, դա Ձեր շնորհիվ է, երբեք չհավատաք, որ ես փորձել եմ այստեղ բարի վերաբերմունքի տպավորություն թողնել»:

 

Դերասանը շնարորհակալություն հայտնեց բոլորին, նաև` լրագրողներին: «Մարդը սայթաքում է: Վթարը բոլորիս հետ կարող է լինել: Եվ գիտե՞ք ինչ` բոլորը կարող են: Երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են: Ես չեմ կարող իմ երախտագիտությունը չհայտնել իմ կալանակից եղբայրներին, նրանք ինձ ոտքի կանգնեցրեցին: Շնորհակալ եմ իմ սիրելի հանդիսատեսին, որն իմ կյանքի իմաստն է: Փափազյանին հարցնում են` ինչ կուզեիր հետդ տանել, ասում է` հանդիսատեսի սերը: Ես էլ եմ հիմա ասում` կուզեի հետս հանդիսատեսի սերը տանել: Երբ ինձ շտապօգնությամբ տանում էին Երևան, ինձ թվում էր, թե ես խաղում եմ իմ վերջին ներկայացումը, ես մահվան դռան առաջ կատակել եմ և իմ հանդիսատեսին չեմ մոռացել:

 

Իհարկե, տեղի ունեցածը ես անվանում եմ դժբախտ պատահար, որ կարող է պատահել բոլոր մարդկանց հետ: Ես գիտակցում եմ իմ պատասխանատվության չափը, ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ, ամեն ինչ գիտեմ: Գիտակցելով պատասխանատվությանս չափը` ասում եմ` ես ինձ առաջադրված մեղադրանքում մեղավոր չեմ ճանաչում»:

 

Նշենք, որ դատավճիռը կհրապարակվի հունվարի 29-ին: