կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-02 13:12
Իրավական

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ հունիսի 11–ի հրամանով «Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նա նշեց, որ հետազոտությունների արդյունքում Մանվել Գրիգորյանի մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել՝ ինսուլինապահանջ շաքարային դիաբետ, սրունքների զարկերակների նեղացում, երկրորդ աստիճանի ստորին վերջույթի իշեմիա, քրոնիկ գլխացավ, ողնաշարի ախտահարում, զարկերակային հիպերտենզիա, քրոնիկ սրտային անբարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, քրոնիկ բրոնխիտ, շնչառական անբավարարություն և այլն: 

Փաստաբանի խոսքով՝ կոնսիլիումը եզրակացրել է, որ  հիվանդը մշտապես կարիք ունի սրտաբանի, ուռուցքաբանի, էնդոկրինոլոգի, կրծքային վիրաբույժի, նյարդաբանի,  թերապևտիկ բուժօգնության և նրան շուրջօրյա  պետք է թթվածին տրամադրվի։

Բաղդասարյանը հավելեց, որ Գրիգորյանի ոտքերն այտուցված են, 70-90 տոկոսով դարձել են անզգա, նրա  մոտ գանգրենա` փտախտ է սկսվում: Բացի այդ՝ Գրիգորյանն օրական ստանում է մինչև 120 միավոր ինսուլին։

Նման պայմաններում պաշտպանը միջնորդեց անհապաղ վերացնել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, իսկ դրա անհնարինության դեպքում Գրիգորյանի նկատմամբ 10 մլն դրամի չափով գրավ կիրառել։

Մեղադրող դատախազը մի շարք հակափաստարկներ ներկայացրեց՝ ասելով, որ միջնորդությունը ենթակա է մերժման: «Այսինքն՝ այնպիսի նոր տվյալներ ձեռք չեն բերվել, որ խափանման միջոցը քննարկելու հետ կապված նշանակություն ունենա»,-նշեց նա:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի 1 ժամից: